Սա աբսուրդ է․․․ /վիդեո/
Ընտրական նոր օրենսգրքում նախատեսվում է ամրագրել ՀՀ խոշոր քաղաքներում ուղղակի ընտրությունները վերացնելու դրույթը։
Նախատեսվում է Գյումրիում եւ Վանաձորում քաղաքապետի ընտրությունն անցկացնել այնպես, ինչպես Երեւանում։ Ժողովուրդը կընտրի ոչ թե քաղաքապետ, այլ ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցական ցուցակներից ավագանի, որի կազմից էլ կընտրվի քաղաքապետ։
Անդրադառնալով այս թեմային՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց․ «Երևանում միայն տեղական ինքնակառավարում չէ, նաև տարածքային կառավարում է տեղի ունենում։ Հիմա ասում ենք՝ անուղղակի ընտրություն սահմանենք և նրանց թողնենք նույն լիազորությունները․ սա աբսուրդ է։ Եթե այդպես լինի, ասենք՝ Գյումրու քաղաքապետն ունենալու է այնպիսի լիազորություններ, ինչպես, օրինակ, 300 բնակիչ ունեցող գյուղի գյուղապետը, ավագանու լիզորություններն էլ նույնն են, ինչպես փոքր համայնքի ավագանու լիազորությունները»։
Պատգամավորը նշեց՝ Երևանն ունի վարչական շրջաններ, իսկ Գյումրին ու Վանաձորը չունեն․ շատ բաներ կան որ տարբեր են․ հարկ է քննարկումներ անել, խնդրին ճիշտ լուծում տալ։
«Այս ամենը քննարկել է պետք։ Պիտի հասկանանք՝ ինչ անել, որ ճիշտ եզրահանգման գանք», – ասաց պատգամավորը։