«Մեռած հոգիներ ցուցակներում այլեւս չկան» /վիդեո/
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետակաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կարծում է՝ «4+4+4» ձևաչափով քննարկումները կառուցողական են եղել ու արդյունավետ: «Մենք ասել ենք, որ կառուցողական դաշտում պատրաստ ենք քննարկումներ անել: Մեզ համար բարդ էր կառուցողական դաշտ բերել հատկապես հասարակական կազմակերպություններին, քաղհասարակության մեր գործընկերներին: Անձամբ ես 2-3 քննարկման մասնակցեցի: Կառուցողական քննարկումներ էին››, – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Վերջինս նշեց ՝ տեսախցիկների տեղադրմանը իշխանությունը համաձայնել է, իսկ տեսագրությունների առցանց հեռարձակմանը՝ ոչ, քանի որ իր խոսքով` դրա կարիքը չկա.
«Տեխնիկայի զարգացած դար է: Կարելի է տեսաձայնագրել, պահել: Հետո եթե հարկ լինի, կարելի է հեռարձակել, դատախազության համար էլ նյութեր պատրաստել››, – ասաց Հովհաննես Սահակյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգծեց՝ էլեկտրոնային համակարգին վստահելը հեշտ չէ: Դրա մեջ ևս կարող է ազդեցություն ունենալ մարդկային գործոնը: Բացի այդ՝ իշխանությունն ընդառաջ չգնաց ընդդիմության դիտողություններին՝ ցուցակները հրապարակելու վերաբերյալ:
‹‹Ցուցակները մաքրելու վերաբերյալ, մյուս քայլերի վերաբերյալ եկե՛ք ընդհանուր հայտարարի գանք, ստորագրենք, հետո գնանք, դիմենք դոնոր կազմակերպություններին: Պետությունը ընտրությունների կազմակերպման վերաբերյալ լիազորություններ ու պատասխանատվություն ունի: Մատները թանաքոտելը ասեցինք՝ ձեզ լինի, հանեք, չենք ուզում: Բայց, օրինակ, ռեյտինգային ընտրությունները քաոս են դարձնելու իրավիճակը: Հայաստանը լարված իրավիճակում է գտնվում: Կարելի էր քաղաքական կամք հանդես բերել: Բայց նույնիսկ այս իրավիճակում իշխանությսունն ընդառաջ չի գնում մեր առաջարկած կետերին››, – ասաց Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանն ընդգծեց՝ Հրազդանի, Թալինի ընտրություններն ապացուցեցին՝ ոչինչ չի փոխվել: Ընտրակեղծիքների կիրառման ռեզերվը պահպանվել է:
Հովհաննես Սահակյանը չհամաձայնեց Արամ Մանուկյանի դիտարկումներին.
‹‹Ցուցակները մաքրելու մասին կասեմ՝ դրանք բավականին մաքուր են: Մեռած հոգիներ չկան ցուցակներում››: