«Դուք մոլորության մեջ եք, եթե կարծում եք` զենքը լինի ոչ թե ռուսական, այլ եվրոպական, չի կրակի» /վիդեո/
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստից հետո երկու կողմերի ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Այնուհետև հայ լրագրողները հարց ուղղեցին ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինին` փորձելով հստակեցնել` եթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիրն է, գործընկերը, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մեր բարեկամը զենք է վաճառում մեր թշնամուն:
Ալեքսանդր Չեկալինինն ընդգծեց` զենք վաճառելուն վերաբերող հարցերը տնտեսական հարցեր են, ոչ թե քաղաքական:
«Ադրբեջանը բացի ռուսական զենքից գնում է նաև իսրայելական, ուկրաինական զենք: Եթե Ռուսաստանը հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառել, հավատացեք` այդ տեղն անմիջապես կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը, իսկ այդ զենքերը ավելի վտանգավոր ու մահաբեր կլինեն», – ասաց Չեկալինը:
Վերջինս ընդգծեց` հարկավոր է քաղաքական դաշտում քայլեր անել ու հասնել նրան, որ կրակոցներ չլինեն, լինի խաղաղություն:
«Դուք մոլորության մեջ եք, որ եթե կարծում եք` եթե զենքը լինի ոչ թե ռուսական, այլ եվրոպական, այն չի կրակի: Այն կկրակի ավելի մեծ ուժով: Մարդկանց կյանքերը փրկելու, պետական ինքնությունն ապահովելու միակ եղանակը խաղաղ գործընթացի մեջ է»: