Արկադի Տեր-Թադևոսյանը նամակով դիմել է հայազգի գեներալներին
Գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը նամակով դիմել է աշխարհասփյուռ հայազգի գեներալներին և ռազմական փորձագետներին:
Ստորև ներկայացնում ենք նամակը.
«Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ և ռազմական փորձագետներ
Այսօր հայության առջև ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց և շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետև ՀՀ-ը և ԼՂՀ-ը են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ և նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին և զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչև սմերչեր, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին` հայ զինվորը դիմագրավեց և հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին: Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգևորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:
Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին` հավաքվել Երևանում` հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:
Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»,- նման հայտարարությամբ է հանդես եկել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: