Եզդիները գոհ են կառավարությունից /վիդեո/
Եզդիական համայնքի ներկայացուցիչ, արևելագետ Ռուստամ Բաքոյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ եզդիական համայնքը Հայաստանում նկատելի, մեծ խնդիրներ չունի։ «Երբ խնդիրներ ենք ունեցել, հիմնականում կառավարությունն աջակցել է, դրական լուծում տվել դրանց։ Խնդիրներ ունենալու պարագայում բարձրաձայնում ենք և դրանք լուծվում են»։
Նա ընդգծեց, որ Հայաստանում եզդիները խտականության ու բացասական վերաբերմունքի չեն հանդիպում։
«Աշխարհի ամենազարգացած երկրներում անգամ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը առանձին դեպքերում, ոչ հաճախ կարող է հանդիպել խտրական վերաբերմունքի։ Ահա այդպես էլ Հայաստանի պարագայում է։ Իսկ ընդհանուր առմամբ՝ մենք խտրականության կամ նմանատիպ խնդիրների չենք բախվում։ Մանավանդ մտավորականության շրջանում՝ երբեք չենք բախվել խտրական վերաբերմունքի», – նշեց Բաքոյանը։
Եզդիական համայնքը մեծ սփյուռք ունի, ավեի քան 600-700 հազար եզդի այսօր փախստական է։
«Կուզենամ շեշտել, որ 2014 թվականի դեպքերը որակվում են որպես ցեղասպանություն։ Հյուսիսային Իրաքում տեղի ունեցած այդ դեպքերը ՄԱԿ-ը ևս որակել է որպես ցեղասպանություն։ Այսօր Հայաստանի եզդիական համայնքը փորձում է օգնության ձեռք մեկնել վերջիններիս։ Օգնություն ենք տրամադրել Իրաքի եզդիներին։ Մենք պետք է հասնենք նրան, որ մեր հայրենիքում՝ Իրաքի հյուսիսային շրջանում, ինքնավարություն ստեղծվի, որպեսզի կարողանանք պահպանել մեր ազգային արժեքները, ազգությունը և կրոնը», – ընդգծեց Ռուստամ Բաքոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում