Դաշնակահար Մարիա Ղամբարյանը Երեւանում է
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 25-31-ը Հայաստանում տեղի են ունենցել մի շարք հոբելյանական միջոցառումներ` նվիրված ՀԽՍՀ և ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Մարիա Ղամբարյանի ծննդյան 90-ամյակին:
Միջոցառումների շրջանակում, մարտի 31-ին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում կայացել է Մարիա Ղամբարյանի հանդիպումը ուսանողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Մարիա Ղամբարյանին շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում և Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» մեդալ՝ դաշնամուրային կատարողական արվեստի և մանկավարժության բնագավառների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար` դաշնակահար Մարիա Ստեփանի Ղամբարյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Պարգևը հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Մարիա Ղամբարյանը ծնվել է 1925 թվականին, Երևանում: Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի «Պրոֆդպրոցում», ապա` Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցում (Ա. Շացկեսի դասարան): 1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսոր` Կ. Ն. Իգումնովի դասարան), 1951-ին` ասպիրանտուրան (ղեկավարներ` Հ. Նեյհաուզ, Լ. Օբորին): Ուսումն ավարտելուց հետո, Ղամբարյանը մրցութային կարգով ընտրվել է որպես Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: Այդ ժամանակվանից էլ սկսվել և մինչ օրս շարունակվում է նրա համերգային գործունեությունը` ելույթներ Ռուսաստանում, համամիութենական ռադիոյի` 70-ից ավելի ֆոնդային ձայնագրություններ և այլն:
Ղամբարյանին ծափահարել են նաև մի քանի տասնյակ երկրներում` Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Չեխիայում, Ճապոնիայում, Կորեայում, Իսրայելում, Հունաստանում և այլուր: Նվագացանկը բազմազան է` դասական ու ռոմանտիկ հեղինակներից մինչև ժամանակակից և ազգային երաժշտություն, մասնավորապես` Կոմիտաս:
Համերգային գործունեությանը զուգընթաց, Մ. Ղամբարյանն ակտիվորեն զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ: Սկզբում` Լենինգրադի կոնսերվատորիայում, ապա 1960 թվականից մինչ օրս` Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտության ռուսաստանյան ակադեմիայում, նա դասավանդում է մասնագիտական դաշնամուրի ամբիոնում: 2003-ից հանդիսանում է նաև Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարանի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի հիմնադիրը: 1998 թվականից Պրահայի Կառլովի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է: