Ռուսաստանը եւ Թուրքիան ախոյան դերակատարներ են/վիդեո/
Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության բոլոր փորձերը տապալվել են, որովհետև արմատական անհամատեղություն կա` կրոնական, արժեքների, էթնիկական կազմ և այլն:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Նրա խոսքով`անհամատեղելիության այս տիրույթները բերում են բախումների ինտենսիվությանը:
«Փորձեր են արվել հեղափոխական մոտեցումներ ձևավորել, օրինակ`ռուս-թուրքական պայմանագիրը, որով զոհաբերվեցին հայկական շահերը: Մենք թիկունքից հարված ստացանք Ռուսաստանից, Եվրոպայից, բայց պետք է նշենք նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտության վերացման գործընթացն անարդյունավետ է: Նույնը վերաբերում է Թուրքիա-Եվրոպա հարաբերություններին»,-ասաց Բադեյանը:
Նա նշեց նաև, որ շատ վատ է, որ մեր շուկան ողողված է թուրքական ապրանքներով. «Մեր շուկան հեղեղել են և մեր տնտեսությունն աշխատում է թուրքական տնտեսության զարգացման համար, մենք դրա դեմ վաղուց պետք է պայքարեինք կտրականապես: Թշնամի հայտարարած երկրի հետ առևտուր ենք անում և դա «նոուսենս» է առաջացնում: Ես կողմնակից եմ թուրքական ապրանքների դեմ սանկցիա կիրառելուն: Փոխանակման համար պետք է զարգացնել սեփական արտադրությունը, այլ երկրներից կարող ենք բերել»,-ընդգծեց ՀՀԿ-ականը:
Նա անդրադարձավ նաև Հայաստանի տարածքով երկաթգիծ անցկացնելուն: Բադեյանի խոսքով`իրանական կողմը կնախընտրի երկաթգիծը Հայաստանով անցկացնել, բայց, ըստ պատգամավորի, չպետք է բացառել նաև ալտերնատիվ տարբերակը.երկաթգիծն Ադրբեջանով անցկացնելու տարբերակը:
«Մենք փորձում են բանակցել երկու կողմերի հետ էլ, պարսկական կողմի հետ առավել ևս, փորձում ենք տալ ավելի մեծ երշխիքներ, քան Ադրբեջանը»,- ասաց Բադեյանը և հավելեց, որ Ադրբեջանը մշտապես կիրառում է տրոյական ձիու տակտիկան և փորձում է ներթափանցել տարբեր տիրույթներ. «Ադրբեջանի ներգրավումը ԵՏՄ տարածք չի բացառվում: Նազարբաևի արտահայտությունը պատահական չէր, բացի դրանից` զենքի վաճառք Ադրբեջանին և այն: Դա միայն մեր պատկերացմամբ է, որ ռուսներն ու թուրքերը պետք է թշնամիներ լինեն»,- ասաց նա:
Բադեյանը խոսեց նաև Իրանից Հայաստան գազ բերելու հավանականության մասին և նշեց, որ որևէ պաշտոնյա պաշտոնապես չի հայտարարել, որ պատրաստ է Հայաստանին գազ մատակարարել ավելի էժան գնով, քան Ռուսաստանը: