Բախումներ Մաշտոցի պողոտայում. կա վիրավոր եւ բազմաթիվ բերման ենթարկվածներ
Ի պաշտպանություն Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված Գեւորգ Սաֆարյանի ակցիայի մասնակիցներից 14-ը բերման են ենթարկվել:
Henaran-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայից տարվել են ոստիկանության Կենտրոնական բաժին Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածը խախտելու պատճառով:
Բախման ժամանակ շարժման անդամներից Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը, գլխի շրջանում վնասվածք է ստացել եւ շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվել: Հայտնի չէ, թե ով է վնասել Ռուզաննա Եղնուկյանին: Շուրջ 10 րոպե նա արնահոսող գլխով պառկած էր ասֆալտին:
Ակցիայի մասնակիցները մեխով շղթաներ էին ամրացրել գետնին եւ իրենց շղթայել էին գետնին:
Այս պահին ակցիան շարունակվում է, մեծ թվով ոստիկաններ են հավաքվել Մաշտոցի պուրակի մոտ, ոստիկանները մեկ տասնյակից ավելի անձանց են բերման ենթարկել, այդ թվում Կարո Եղնուկյանին: