Հայրիկյանի մահափորձի մեջ կասկածվողներից մեկը Շերիֆի ի՞նչն է. Հայկական ժամանակ
”Հայկական ժամանակը” գրում է, որ Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու մեջ կասկածվողները Մոլդովայի քաղաքացիներ են: Օրվա վերջում էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ մահափորձի իրականացման մեջ կասկածվող Սամվել Հարությունյանը ”Զվարթնոց” օդնավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի` Շերիֆի մորաքրոջ որդին է: Երեկ ՀԺ-ի թղթակիցը այս տեղեկությունը ճշտել է Շերիֆից:
Պարոն Բաբայան, ճի՞շտ է, որ Հայրիկյանի վրա կրակող Սամվել Հարությունյանը ձեր մորաքրոջ որդին է:
-Պարզ ասեմ ձեզ, երբ իմ ծանոթները, ընկերները կապվեցին իմ հետ և ասեցին, որ այսպիսի բան կա գրած, ես նայեցի ու իմ համար շատ զարմանալի է, որովհետև ես մի հատ մորաքրոջ տղա ունեմ, որը Ռուսաստանում է ապրում: Իսկ իրա հետ կապված ծնողներիցս եմ ճշտել, որ շատ, շատ հեռու… ու ասենք, ոչ թե արդարանալու համար, ասեմ, այնքան վստահ եմ, որ ԱԱԾ-ն արագ կբացահայտի, որ ես տենց մորաքրոջ տղա չունեմ: Ուղղակի իմ հորաքրոջ թոռան, եսիմ ինչն է, որին վերջին անգամ երևի մի 20 տարի առաջ տեսած լինեմ:
-Այսինքն, Սամվել Հարությունյանը ձեր հեռավոր ազգականն է, որին վաղուց չեք տեսել:
-Վաղուց ասելով, կարող եմ շեշտել` ընդհուպ երևի մի 15 տարուց ավել, 20 տարուց:
-Իսկ դուք տեղյա՞կ եք, ինքը Հայաստանի քաղաքացի է, թե՞ այլ երկրի, որտե՞ղ է ապրում:
-Ես ընդհանրապես տեղյակ չեմ, եթե ես իրեն այսքան ժամանակ չեմ տեսել, ես ի՞նչ գիտեմ` ո՞րտեղի քաղաքացի է, ընդհանրապես չգիտեմ` ստեղ է, թե ստեղ չի:
-Դուք ասացիք՝ ձեր հորաքրոջ ի՞նչն է:
-Ես էլ եմ արդեն մոռացել, որովհետև պիտի ծնողներիս կոնկրետ հարցնեմ, հորաքրոջս թոռան խորթ տղան է, թե չգիտեմ ինչը: Ես նորից եմ ասում, ազնվությամբ, չեմ էլ վերհիշում, 15-20 տարի առաջ տեսած լինեմ, թե չլինեմ: Դա թաքցնելու թեմա չի մեր փոքր Հայաստանում, տենց բաները շատ արագ են իմացվելու:
-Այսինքն, դուք տեղյակ չե՞ք եղել ոչ մի բանի մասին (մահափորձի մասին է խոսքը-խմբ.):
-Ես դա համարում եմ դավաճանություն մեր ազգի նկատմամբ, ուրիշ ոչ մի բան: Իսկ մենք դավաճանների հետ ընդհանրապես չենք շփվում: