11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մահացել է Հովհաննես Գրիգորյանը

Ծանր հիվանդության հետեւանքով փետրվարի 6-ի լուսաբացին մահացել է հայ ժամանակակից գրող Հովհաննես Գրիգորյանը: Այժմ աշխատանքներ են տարվում թաղման կառավարական հանձնաժողով ձեւավորելու ուղղությամբ:

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 7-ին: Նրա բանաստեղծական  ժողովածուներից են` “Երգեր առանց երաժշտության”, “Բոլորովին ուրիշ աշուն”, “Հրեշտակներ մանկության երկնքից”, “Երկու ջրհեղեղի արանքում”, “Գիշերահավասար”, “Երբեք չմեռնես-ահա թե ինչ կասեմ քեզ”: Բանաստեղծը  ստացել է Մովսես Խորենացու մեդալ,  Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակ, Վահագն մրցանակ, Արցախի պետական մրցանակ:

Ներկայացնում ենք երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանի “Եվ ոչ ոք չէր համարձակվում դուրս նայել պատուհանից” հոդվածը` տպագրված “Հրապարակ”-ի երեկվա համարում: 

“Ծաղկավաճառը բացատրում է ծաղիկը ջրելու ձեւերը: “Վերեւից ջրել չի կարելի, ծաղկամանը պիտի դնել ջրով լի ափսեի մեջ: Արմատները բացվածքներից կխմեն: Չթողեք սառչի”: Գրկում եմ ծաղկամանով ծաղիկը:

 Վաղը ես կայցելեմ Հովհաննես Գրիգորյանին: Կնվիրեմ ծաղկամանով ծաղիկը: Ուզում եմ գրի առնել իր մանկության ամենատպավորիչ ապրումներից մեկը:

 

“Ես հիշում եմ՝ հորս հետ միասին Սեւան էինք գնացել: Նա ողջ այդ շրջանի հաշվապահն էր, կարեւոր ու պատասխանատու աշխատանքի  մարդ, իսկ ես` նրա երես առած որդին: Իմ մեջ այս պատմությունը հաճախ է կրկնվում: Գյուղի երեխաներով գնում էինք գազարի դաշտեր՝ գողություն  անելու: Գյուղի երեխաները բարեկեցիկ ընտանիքներից էին, եւ գողություն անելը պարզապես հետաքրքիր էր: Հետո նրանցից ոչ մեկը գող չդարձավ ցավոք սրտի, որովհետեւ եթե գող դառնային, գուցե ինչ-որ բանի հասնեին: Ճանապարհին ճակնդեղով ու գազարով բարձված սայլեր էին գալիս ու անցնում: Բեռը տանում էին Երեւան: Եվ մի անգամ ես թռա գազարով բարձված սայլերից մեկի վրա, բայց ուժս չհերիքեց, թուլացա եւ կախվեցի սայլի պոչից: Իսկ ետեւից գալիս էին եզներով լծված տասնյակ ծանր սայլերը: Ես ընկա: Սայլերը եկան ու անցան: Մոտ տասնհինգ սայլ անցավ: Հորս վազել ասել էին, որ “տղեդ սելի տակն ա ընկել”: Երբ ուշքի եկա, տեսա, որ ողջ գյուղը հավաքված է շուրջս: Եվ տասնհինգ եզան սայլ չէր վնասել ինձ, ոչ մի եզ չէր դիպչել: Երեխային խնայել էին: Մեծ լինեի, երեւի կճզմեին, ոտնատակ կտային: Զգացել էին, որ ընկածը փոքր մարդ է: Ոչ մի քերծվածք, ոչինչ չեղավ ինձ, բացի հորս ապտակներից` իհարկե”:

 

Առավոտյան ես սկսել եմ երկար քնել ու զարթնում եմ այն ժամանակ, երբ մայրս փոքր սափորով ջրում է պատուհանագոգին դրված ծաղիկները, որոնք ժամանակին նայում էին անտառին, թփից թուփ հրավառվող թիթեռնիկներին, մորեխներին, գնացքի գծերով դպրոց ձգվող երեխաներին: Հիմա պատուհանագոգին դրված ծաղիկների հայացքների ներքո շենքեր են, լայնարձակ մայրուղով սրընթաց վազող մեքենաների թանձր պարսեր:

 

Ես գիտեմ՝ գիշեր ու ցերեկ նրանք դուրս են նայում, հավատալով, որ մի օր կտեսնեն իրենց ձեռքով անող այն փոքր տղային, որ ընկնում է, ելնում, հուսահատվում է, կռվում, քաշում աղջիկների մազերը, կոնֆետի փայլուն թղթեր հավաքում, գերվում է թռչուններով, սպասում գարնանը, կանաչ սեզին ու իրենց փողոցում ապրող շան նորածին քոթոթներին: Գուցե կա սաստիկ ցավ ու բերկրանք պատճառող քնքուշ վերհուշի ճանապարհ, վերադարձի արահետ, որ հիմա գծվում է հորինվածքում ու անհետանում հալվող ամպի պես` անվերադարձ:

 

“Սենյակային ծաղիկներ` շարված կողք-կողքի, լուսամուտի

գոգին` հիվանդ երեխաներ, որոնց բակ չեն թողնում խաղալու –

նայում են դուրս սենյակային ծաղիկները:

Եվ մինչ ըսիկ-ընիկ ասելով մեծանում էի Գյումրվա փողոցներում-

անվերջ նույնն էին մնում սենյակային ծաղիկները, անվերջ

նույնն էին մնում: Բայց նշված օրերին երբեմն հիվանդանում էի:

Եվ մայրս, աթոռների հետ միասին ինձ դնում էր սեղանին

եւ հատակն էր լվանում, հետո անցնում էր սեղանը սրբելուն-

աթոռներն իջնում էին հատակին, իսկ ես նույն կարգով

տեղափոխվում էի լուսամուտի գոգ, որովհետեւ հատակը

դեռ խոնավ էր, իսկ ես` դեռ հիվանդ, իսկ ես չնայած

շատ փոքր էի, բայց կարդալ գիտեի արդեն, եւ մայրս

ջղայնանում էր, որովհետեւ դժվար էր ինձ տեղից տեղ տանելը

“Դոն Կիխոտի” ծանր հատորի հետ միասին, իսկ ես

հակառակի պես սիրում էի հաստ գրքեր կարդալ,

հատկապես լուսամուտի գոգին, սենյակային ծաղիկների

արանքում, որովհետեւ մայրս, գործերով ընկած, հաճախ

մոռանում էր ինձ իջեցնել, եւ ես երկար մնում էի ծաղիկների

արանքում

 

Վաղը ես կտեսնեմ Հովհաննես Գրիգորյանին: Ուզում եմ ծաղկամանով ծաղիկը դնի իր սենյակի պատուհանագոգին, որ ծաղիկն անվերջ սպասի այն հեռավոր` չարաճճի, բանաստեղծություններ գրող ու արտասանող փոքր տղային:

 

Երազում եմ, որ նրանք հանդիպեն”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ