27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: 
Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է առարկայորեն քննարկել, թե ինչպես կառավարությունը կարող է օժանդակել ձեզ, որպեսզի 2013 թ. ձեր արտադրական հզորությունները մեծանան, արտադրության ֆիզիկական ծավալներն ավելանան, և ինչպես կարող ենք խթանել արտահանման ծավալի աճը: Պետությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել այդ նպատակին: Այսպիսի միջոցառումներ մենք առաջին անգամ իրականացրինք 2009-ին, երբ ձևավորվեց Օպերատիվ շտաբը, և կառավարությունը քննարկում էր բիզնեսի ներկայացրած առարկայական ծրագրերը` նպատակ ունենալով օգնել նրանց հաղթահարել ճգնաժամի բացասական հետևանքները: Մենք տրամադրեցինք վարկային ռեսուրսներ, պետական երաշխիքներ, փորձեցինք օգնել ձեռնարկություններին, և այդ ծրագրերը որոշակի հաջողություն ունեցան: Երկրորդ քայլով բանակցություններ վարեցինք ներկրողների հետ` արտահանման դաշտ տեղափոխվելու հարցի շուրջ: Շատ ներմուծողներ, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների, հյութերի արձագանքեցին մեր առաջարկին, սկսեցին ՀՀ-ում ձևավորել նոր արտադրական հզորություններ և ներկրողներից դարձան արտահանողներ: Դա էական նշանակություն ուներ վճարային հաշվեկշռի համար, քանի որ, թեպետ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպը 2 անգամ բարձր է ներմուծման աճի տեմպից, ներմուծման ծավալը դեռևս 2.5 անգամ գերազանցում է արտահանման ծավալին»:

Վարչապետը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է մանրակրկիտ վերլուծություն իրականացնել Հայաստան ներմուծվող և այն ապրանքների վերաբերյալ, որոնք մեր երկիրը կարող է արտադրել: «Հաշվի առնելով, որ նախորդ տարի էապես նվազել են արտասահմանյան ուղղակի ներդրումները մեր տնտեսության մեջ, և տնտեսական աճը ապահովել ենք մեր սեփական ռեսուրսների հաշվին, 2013 թ. ևս այս շեշտադրումը պահպանելու ենք, փորձելու ենք ձեզ օգնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` նոր բիզնես ծրագրերին, ֆինանսական միջոցների, բյուրոկրատական քաշքշուկներին վերաբերող բոլոր առաջարկություններն առանձին առարկայորեն կքննարկվեն և միևնույն ժամանակ կմշակվեն օբյեկտիվ չափանիշներ, թե որ դեպքում է պետությունը միջամտելու: Նախապատվությունը տրվելու է այն գործարարներին, որոնք ունեն գրագետ կառավարման կարողություններ և կարողանում են իրենց բիզնեսն ընդլայնել. «Եթե վերջին տարիներին ձեռնարկությունը ցույց է տալիս արտադրական հզորությունների շարունակական աճ, ապա այդ օբյեկտիվ չափանիշներով պետության կողմից օժանդակություն է ստանում, ընդ որում` կոնկրետ դեպքում օժանդակության կոնկրետ գործիքակազմ է կիրառվելու: Ձեր առջև խնդիր է դրվում ձեր թիմում քննարկել առկա հնարավորությունները, որպեսզի պետության օժանդակությունը օգտակար և նպաստավոր լինի:

Այդ տեսակետից 2013 թվականը մեզ համար լարված աշխատանքային տարի պետք է լինի, որովհետև 7 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հեշտ չտրվեց, իսկ 2013 թ. այդ 7 տոկոսանոց աճին պետք է ապահովենք 6.2 տոկոսի աճ: Դա բավական բարդ խնդիր է՝ հաշվի առնելով, որ համաշխարհային իրավիճակը դեռևս չի փոխվել. Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել են համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշները փոքր-ինչ նվազեցման ուղղությամբ, իսկ դա նշանակում է, որ միասին պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք», – ընդգծել է վարչապետը:
Շնորհակալություն հայտնելով քննարկման հնարավորության համար` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ արդյունաբերության զարգացման աջակցման խորհրդի նիստում հիմնավորվել է կառավարության ներկայացրած գործիքակազմը, որն ուղղված է արդյունաբերության զարգացման մշտական խթանմանը, և այժմ անհրաժեշտ է այն հասանելի դարձնել հանրությանը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում քննարկմանը մասնակցող գործարարները ներկայացրել են իրենց ղեկավարած ընկերությունների գործունեությանը վերաբերող խնդիրները և մտահոգությունները, ինչպես նաև հանդես եկել առաջարկություններով հեռանկարային բիզնես ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, գործարարների մեծամասնության կողմից արծարծվել է բանկային համակարգի կողմից տրամադրվող ֆինանսավորման ոչ նպաստավոր պայմանների հարցը: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնի համալիր միջոցառումների ծրագիր, թե ինչպես ֆինանսական միջոցները հասանելի դարձնել բիզնեսի համար. «Առաջին հերթին խոսքը վերաբերում է տոկոսադրույքներին, գրավի առարկային, բյուրոկրատական քաշքշուկներին: Համաշխարհային բանկը վերլուծություն էր կատարել Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման վերաբերյալ և արձանագրել, որ առաջին երեք խոչընդոտներն են կոռուպցիան, բյուրոկրատական խնդիրները և ֆինանսական միջոցների հասանելիությունը:

Այսինքն` ֆինանսական միջոցների հասանելիությունն ավելի լուրջ խնդիր է դարձել բիզնեսի համար, քան հարկային և մաքսային վարչարարությունը: Դրա համար փորձում ենք ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ կարելի է անել` ավելորդ խնդիրները վերացնելու և տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով», -ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ընդգծել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ