Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցել է Վարդան Ղուկասյանի որդին.168 ժամ
Թերթի տեղեկություններով, անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի, Մոսկվայում կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորությանը Հայաստանից մասնակցածների թվում է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:
“Նախապես որոշված է եղել, որ Վարդան Ղուկասյանը ևս պետք է ներկա լիներ Ուսոյանի հուղարկավորությանը, սակայն, քանի որ այն հայտնի պատճառներով հետաձգվել և տեղի է ունեցել հունվարի 20-ին, Գյումրիի նախկին քաղաքապետը չի մեկնել Մոսկվա, քանի որ այդ օրը համընկել է իր ծննդյան օրվա հետ: Փոխարենը՝ Ղուկասյանների ընտանիքի անունից Դեդ Հասանին հրաժեշտ է տվել Սպարտակ Ղուկասյանը, ով հայտնի է քրեական աշխարհում ունեցած կապերով և “օրենքով գող” դառնալու ցանկությամբ:
Խնդիրն այն է, սակայն, որ անցած տարվա հայտնի իրադարձությունների պատճառով խուլիգանության մեջ մեղադրվող, որոշ ժամանակ հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը Հայաստան վերադառնալուց հետո ազատ էր արձակվել` բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ:
Ի դեպ, թերթը ոմն Արմինե Ղազարյանից էլեկտրոնային նամակ է ստացել, որում հայտնվում է, թե նամակի հեղինակը “շատ ստույգ տեղկատվություն” ունի այն մասին, որ Սպարտակ Ղուկասյանն այսօր մեկնել է Փարիզ: Սպարտակի հետ է եղել նաև Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Կոլյա Ղուկասյանը: