10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այդ Սերժ Սարգսյանն է շնորհակալ /վիդեո/

Կառավարության նիստերի դահլիճում քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը: Օրը պատահական չէր ընտրված, քանի որ ուղիղ 23 տարի առաջ  այստեղ ընթերցվել է ՀՀ անկախության հռչակագիրը: ՀՀԿ երիտասարդները եւ համակիրները իրենց թեկնածուին դիմավորեցին կանաչ տերեւներով, որի վրա թեկնածուի կարգախոսն էր` “Դեպի ապահով Հայաստան”: 

Այստեղ ներկայացվեց Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակը, որի հեղինակը հաշմանդամ Ալբերտ Աբգարյանն է: Նա նախագահին շնորհակալություն հայտնեց, որ ժամանակին աջակցել է տեսողություն չունեցող երիտասարդին եւ աշխատանքի վերցրել նախագահի աշխատակազմում: “Ես եմ շնորհակալ, Ալբերտ ջան, եւ համոզված եմ, որ երգը հաղթանակ կբերի, եւ դու իրականում կզգաս քո գործի քաղցրությունը”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Դիմելով հավաքված երիտասարդներին` նախագահի թեկնածուն համոզմունք հայտնեց, որ երկիրը պիտի միասին փոխենք եւ գնանք դեպի ապահով Հայաստան: “Մենք չենք ասում` մեր գաղափարները գիտական վերջին աստիճանի են, մենք ասում ենք` քննադատենք, քննարկենք եւ հակասությունների միջով գնանք դեպի ապահով Հայաստան”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահի թեկնածուն նշեց, որ իրնախընտրական պայքարը ոչ մեկի դեմ ուղղված չէ, “այլ մեր հասարակության ամրապնդմանն է ուղղված, մեր երկիրը միասին պետք է փոխենք»”

“Մենք երբեք չենք դիտարկում մեր հակառակորդներին որպես թիրախ, մենք միշտ պաշտպանել ենք քննարկումները եւ լայն երկխոսության գաղափարը: Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած առողջ քննադատությանը: Մենք քննարկում ենք, ոչ թե նյարդայնանում ուրիշի կարծիքից: Մենք մեր սերն ու երջանկությունն ենք տանելու դեպի մեր բոլոր համայնքներ եւ քաղաքներ”,-ասաց նա: Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ սկսում են Հայաստանից հեռացածների հետվերադարձնելու հնգամյա արշավ:

 

Սերժ Սարգսյանի ելույթը

“Սիրելի՛ բարեկամներ,

Սիրելի՛ երիտասարդներ,

Մենք սկսում ենք նախընտրական պայքարը: Այս գեղեցիկ հոլովակի խորհրդի ներքո մոտ մեկ ամիս շրջելու ենք հանրապետության քաղաքներով ու գյուղերով, հնարավորության սահմաններում հասնելու ենք բոլոր քաղաքներ, համայնքներ, թաղեր կամ բակեր: Մեծ աշխատանք է սպասվում մեզ բոլորիս: Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր այս ողջ ընթացքում, օրեր շարունակ ծանր աշխատանք են կատարելու` գեղեցիկ ընտրապայքար կազմակերպելու եւ ապահով Հայաստանի նպատակադրումը մեր երկրի բոլոր անկյունները հասցնելու համար: Ու քանի որ սա հենց սկիզբն է, խնդրում եմ ձեզ ընտրարշավի ընթացքում անընդհատ, ամեն րոպե հիշել իմ հետեւյալ հորդորները.

– Հիշեք, որ մեր նախընտրական պայքարը որեւէ մեկի դեմ չէ, մեր ժողովրդի քվեի համար է, մեր ծրագրերի շուրջ հասարակական աջակցության շերտն ավելացնելու համար է, ոգեւորության ու հավատի ամրապնդման համար է. սրանք իսկապես էական են ապագա տարիների կարեւոր գործերի համար: Մեր երկիրը միասին պիտի փոխենք, այդ միասնականության աստիճանը բարձրացնելու համար է նաեւ մեր նախընտրական արշավը:

– Հիշեք, որ մենք երբեք չենք ընդունել եւ այսօր էլ չենք ընդունում մեր հասարակության ներսում հակառակորդներ առանձնացնելու կամ թիրախավորելու, որեւէ անձի, խմբի կամ քաղաքական ուժի պիտակավորելու գործելաոճը, մենք որեւէ բան քանդելու կոչեր չենք անում, եթե դրանք մեր զարգացումը խոչընդոտող` արմատացած արատավոր երեւույթներ չեն:

– Հիշեք, որ մենք միշտ պաշտպանել ենք քննարկումների եւ հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, մեր գաղափարները վերջին ատյանի ճշմարտություններ չեն, մենք էլ` անսխալական չեն: Մենք հարգանքով ենք վերաբերում ցանկացած կարծիքի, որը չի համընկնում մեր դիրքորոշման հետ. չի բացառվում, որ այդ քննադատության մեջ է հենց այն թեզը, որը վաղը որեւէ հարցի շուրջ մեր աշխատանքը էապես արդյունավետ է դարձնելու:

Եվ այսպես.

մենք քննարկում ենք, այլ ոչ թե նյարդայնանում հակառակ կարծիքից,

մենք առաջարկում ենք ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի վերելք եւ դեպի մեր ժողովրդի բարեկեցության բարձրացում, այլ ոչ թե սեւացնում ենք մեր մրցակիցներին,

մենք հաշվետվություն ենք տալիս արվածի, նաեւ չարվածի համար ու սկսածն ավարտելու քվե խնդրում մեր ընտրողներից, այլ ոչ թե լեզվակռվի բռնվում մեզ հանիրավի պիտակավորողների հետ,

մենք մեր սերն ու ջերմությունն ենք տանում Հայաստանի բոլոր համայնքներ: Ալբերտի երգի ջերմ ելեւէջներն ու այս հոլովակի կանաչ տերեւների ուղերձն ենք վերցրել հետներս` գարնան ու զարթոնքի ուղերձը…

մենք այս ընտրապայքարով նաեւ սկսում ենք հայաստանցուն իր երկրին ամուր կապելու, իսկ հեռացածներին տուն վերադարձնելու հնգամյա արշավը: Մեր ծրագիրն իր ամբողջության մեջ հենց դրա մասին է, Ալբերտի երգն էլ է դրա մասին: Ու տասնյակ հազարավոր շուրթերից մենք դեռ պիտի լսենք այդ նվիրական բառերը՝ մենք տուն եկանք: Եվ դա մենք միասին ենք անելու:

Ուրեմն, հաջողություն մեզ:

Թող Տիրոջ օրհնությունը ուղեկից լինի մեզ:

Ու թող մեր ժողովրդի հնարավոր առավելագույն հատվածը հավատա, որ միասին մենք գնում ենք ճիշտ ճանապարհով, Ապահով Հայաստանի ճանապարհով:

Ուրեմն, առա՛ջ դեպի ապահով Հայաստան”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ