Քարտերը մինչեւ վերջ չբացեց
ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի նախագահական քարոզարշավը կսկսի առաջին իսկ օրվանից: Թեկնածուն բացօթյա հանդիպումներ կունենա բոլոր մարզկենտրոններում, կլինեն նաեւ դահլիճային հանդիպումներ, իսկ քարոզարշավի վերջին ակորդը կտրվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` համերգով:
Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրեց, որ բացի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպումներից ընտրողների հետ, ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբում յուրաքնչյուր մարզի, քաղաքի եւ վարչական շրջանի համար ձեւավորվել են նաեւ քարոզչական խմբեր.
”Քանի որ Հայաստանում 900-ից ավելի համայնքներ կան եւ ցանկացած թեկնածու ֆիզիկապես ի վիճակի չէ մտնել բոլոր համայնքները, մեր քարոզչական խբերի ներկայացուցիչները Մեղրիից մինչեւ Նոյեմբերյան կլինեն Հայաստանի բոլոր համայնքներում, ինչն ավելի հասանելի կդարձնի մեր թեկնածուի ծրագրերը հասարակության բոլոր շերտերին’’:
Շարմազանովի խոսքով, “Հանրապետականն” այս ընտրություններում ավելի մեծ ուշադրություն է դարձնելու համացանցային քարոզչությանը. ‘’ 21-րդ դարում համացանցային քարոզչությունը շատ լուրջ տեղ ունի եւ դրանով է պայմանավորված, որ հունվարի 21-ից կգործի մեր թեկնածուի նախընտրական կայք-էջը, որտեղ զետեղված կլինեն բոլոր նյութերը` նրա ելույթները, տեղեկատվություն այցելությունների մասին եւ այլն’’:
Սերժ Սարգսյանի քարոզարշավը կմեկնարկի Կառավարության նիստերի դահլիճում հանդիպումով, որտեղ կկայանա քարոզարշավի երգի եւ ‘’Դեպի ապահով Հայաստան’’ կարգախոսի շնորհանդեսը: Քարոզարշավի երգը կատարում են հայ աստղերը, այդ թվում նաեւ` ՀՀԿ-ական երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանը, Հայկոն, Միհրան Ծառուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Նունե Եսայանը: Այնուհետ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Երեւանի Ավան համայնքի ընտրողների հետ:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն օգտվելու է բոլոր արդյունավետ միջոցներից.’’Մի շտապեք, շատ հետաքրքիր քարոզչություն է սպասվում: Ես չեմ ուզում քարտերը մինչեւ վերջ բացել, բայց հասարակությանը հաճելի անակնկալ է սպասվում եւ դրական լիցքերով քարոզչություն` ոչ թե որեւէ մեկի դեմ, այլ հանուն’’: