11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք` Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձեւավորվել է Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի  հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմա­նադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Էմիլ Բաբայանը եւ ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Հանձնաժողովն անցկացրել է իր առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել են հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Էմիլ Բաբայանը, իսկ տեղակալ` Արեգ Շուշյանը:

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նորանշանակ անդամների հետ: Հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իր տեսլականը` կարեւորելով այս նորաստեղծ կառույցի առաքելությունը:

Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը հետեւողական քայլեր է իրականացնում պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց գործունեության բարեփոխման եւ կատարելագործման ոլորտում, այդ թվում` պետական համակարգում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման եւ իրականացման ձեւով:

Սերժ Սարգսյանի խոսքով, այս գործընթացի տրամաբանական շարունակությունը  հանդիսացավ 2011 թվականին ընդունված “Հանրային ծառայության մասին”  ՀՀ օրենքը, որի ելակետային պահանջներից մեկն էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է:

“Հանձնաժողովի ստեղծման ու գործունեության հետ կապված հարցերն այսուհետ, բնականաբար, լինելու են հանրային հատուկ ուշադրության օբյեկտ: Իսկ հանձնաժողովի գործունեության արդյունքներն ըստ էության պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ”,- ընդգծել է նախագահը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, հանձնաժողովի առաքելությունը՝ երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է եւ “արդար կառավարման” համակարգի ներդրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը:

Հանձնաժողովի գործունեության տիրույթը, ըստ նախագահի, ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը եւ հրապարակումը, շահերի բախման դեպքերի եւ էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը, էթիկայի կանոնների խախտումների մասին կոնկրետ տեղեկատվության հրապարակումը եւ այլ գործառույթներ:

“Կարծում եմ, որ այս պայմաններում հանձնաժողովի անկախությունը պահանջում է հանձնաժողովի անդամների պատասխանատվության բարձր աստիճան եւ լիազորություններն իրականացնելիս, բնականաբար, մասնագիտական լավագույն ունակությունների ու կարողությունների դրսեւորում եւ ամենակարեւորը` եզրակացություններ եւ առաջարկություններ ներկայացնելու գործում քաղաքական չեզոքություն ու անկողմնակալություն: Ուզում եմ հատուկ շեշտել, որ որեւէ ազդեցություն չի կարող լինել հանձնաժողովի անդամների վրա, բացի օրենքի ազդեցությունից եւ ձեր բարոյական չափանիշներից”,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը համոզվածություն է հայտնել, որ հանձնաժողովի ստեղծմամբ դրվում են այն ինստիտուցիոնալ կառույցի հիմնաքարերը, որոնք պետք է Հայաստանը դարձնեն ավելի լավ երկիր:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում է պահելու հանձնաժողովի աշխատանքները: Նախագահը նշել է, թե  ակնկալում է, որ կարճ ժամանակում հանձնաժողովը կավարտի իր աշխատանքները՝ կապված  արդյունավետ եւ թափանցիկ ներքին ընթացակարգերի ընդունման հետ:

Հանրապետության ղեկավարի խոսքով, նախագահի աշխատակազմն ըստ պատշաճի կապահովի  հանձնաժողովի տեխնիկական սպասարկումը:

Նախագահ Սարգսյանը նշել է, թե հանձնաժողովի կայացման ու զարգացման գործում ակնկալում է աշխատանքային սերտ հարաբերություններ բոլոր այն պետական մարմինների հետ, որոնք կիրարկելու են “Հանրային ծառայության մասին” ՀՀ  օրենքը:

Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ՝ ընդգծելով, որ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները պետք է պատշաճ ուշադրության արժանան: “Ծանոթ եմ բոլորիդ մասնագիտական կարողություններին, գիտեմ նաեւ, որ որոշ չափով ուսումնասիրել եք միջազգային փորձը, եւ սա հենց այն հարթակն է, որտեղ այդ գիտելիքներն ու փորձը պետք է կիրառել եւ պետք է կիրառել արդյունավետ”,-ընդգծել է Նախագահը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել հանձնաժողովի անդամներին՝ նրանց բարձր եւ պատասխանատու աշխատանքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ