26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանում կանաչ տարածքների հաշվին կառուցապատում չի լինելու. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Անահիտ Բախշյանի խնդրանքով ընդունել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում  տեղադրվող ժամանակավոր շինությունների դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է  նաեւ բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նախքան քննարկումը Երեւանի քաղաքապետը նախ ողջունել է նախաձեռնության անդամների ակտիվությունը` ընդգծելով, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման եւ ընդլայնման հարցում առաջին հերթին շահագրգռված է հենց քաղաքային իշխանությունը:

”Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է եւ այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել` կանաչ տարածքների հաշվին որեւէ կառուցապատում չի լինելու:

Ավելին, Երեւանի քաղաքապետարանն այսօր բնապահպանական ուղղվածության մի շարք ծրագրեր ունի, որոնց նպատակը ոչ միայն կանաչ գոտիների պահպանումն է, այլեւ դրանց ընդլայնումը”,- նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ անդրադառնալով վերոնշյալ տարածքի քաղաքաշինական լուծումներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ի տարբերություն  Աբովյան փողոցի արդեն ապամոնտաժված շինությունների, որոնք ունեին սեփականության իրավունք, տվյալ սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում, նոր տարածքում ժամանակավոր կառույցները տրամադրվել են վարձակալության իրավունքով: Միաժամանակ, տնտեսվարող սուբյեկտները պարտավորվել են բարեկարգել, խնամել եւ պատշաճ վիճակում պահել հարակից տարածքները:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին նշել է, որ Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանի սկզբունքային ու հետեւողական կառավարման դրական փորձը հույս է ներշնչում, որ դրական փոփոխություններ կլինեն նաեւ ամբողջ մայրաքաղաքում: “Ես կողմնակից եմ հանրային համախոհությանը եւ հաշվի առնելով հասարակության շրջանում  մեր քաղաքապետի ունեցած բարձր վարկանիշը, կարծում եմ, որ այս հարցը նույնպես համակողմանի քննարկման արդյունքում դրական լուծում կստանա”,- նշել է Լիլիթ Գալստյանը:

Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նոր ձեւավորվող քաղաքաշինական խորհուրդը, որում ներկայացված կլինեն նաեւ հասարակական եւ երիտասարդական կազմակերպություններ, իր հերթին կնպաստի հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական բոլոր նախագծերի համակողմանի քննարկմանն ու որոշումների կայացմանը:

Օգտվելով առիթից, քաղաքապետը նաեւ նշել է, որ որպես խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ առաջարկելու է բնապահպան Կարինե Դանիելյանի  թեկնածությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հավելել է, որ քաղաքային իշխանությունները վճռական են ոչ միայն կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման,  այլ նաեւ հնի եւ նորի համադրմամբ Երեւանի քաղաքակիրթ արտաքին տեսքի ապահովման հարցում:

Այս համատեքստում է դիտարկվում նաեւ քննարկվող տարածքը, որն ըստ էության “Հին Երեւան” ծրագրի բաղկացուցիչ մասն է: Նկատի ունենալով այս հանգամանքը ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը առաջարկել է կազմակերպել հանդիպում եւ  շահագրգիռ կողմերին հանգամանորեն ներկայացնել “Հին Երեւան” ծրագիրը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին հանձնարարել է առաջիկա օրերին կազմակերպել նման հանդիպում`ապահովելով շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը:

 

 Henaran.am-ին տեղեկացնում են  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ   հասարակայնության հետ կապերի վարչությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ