Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանին եւ շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքի հանրագումարով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը եւ ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ եւ սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաեւ, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, պահպանելով տարիների ընթացքում ձեւավորված թիմային աշխատանքի ավանդույթները, իր նոր մոտեցումներով եւ կազմակերպչական ունակություններով պետք է նպաստի Կենտրոն վարչական շրջանի եւ առհասարակ քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:
‘’Համատեղ ուժերով պետք է աշխատենք բնակչության գոհունակությանն ու վստահությանն արժանանալու համար: Վերանայելով մոտեցումները բոլոր այն ոլորտներում, որտեղ այս պահին թերացումներ կան, պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել եւ վերացնել դրանք’’,-նշել է քաղաքապետը Տարոն Մարգարյանը`պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային կրկնապատիկ եռանդ:
Իր հերթին Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանը հավաստիացրել է քաղաքապետին, որ, ծանոթ լինելով տեղական ինքնակառավարման համակարգին, ուժերի ներածին չափով աշխատելու է Երեւանի, Կենտրոնի եւ բնակիչների խնդիրներն ու հոգսերը թեթեւացնելու եւ լուծումներ գտնելու ուղղությամբ:
Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից