Տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011-ի և Պլանավորման ու վերանայման գործընթացի փաստաթղթերի գնահատման նպատակով 2012-ի փետրվարի 27-ից մարտի 2-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:
Այցի շրջանակներում, մարտի 1-ին տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի 2011-ի գնահատման նախնական արդյունքները: Նշվեց այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին:
Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության և պաշտպանական բարեփոխումների, խաղաղության աջակցության միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով, ինչպես նաև համագործակցություն է ընթանում արտակարգ իրավիճակների պլանավորման և աղետների արձագանքման բնագավառում, Գիտություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում: Նախաձեռնվել և շարունակվում է համագործակցությունը սահմանային անվտանգության և կիբեր պաշտպանության խնդիրների շուրջ: