22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը ՌԴ նորընտիր նախագահին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

‘Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Նախագահական ընտրություններում Ձեր տարած համոզիչ հաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, երկրի բարեփոխմանն ու արդիականացմանը, համաշխարհային գլոբալ գործընթացներում նրա դերակատարության եւ ազդեցության էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ ռուսաստանցիների լայն եւ բազմամյա աջակցության մասին:

Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա:

Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցության զարգացման մեջ ձեռք են բերվել նշանակալի արդյունքներ, ստեղծվել է էական պաշար ապագայի համար: Եվ դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը:

Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացումն այսուհետ եւս կծառայի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, թույլ կտա ոչ միայն իրականացնել երկարաժամկետ նախագծեր տնտեսության մեջ, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում, մշակութային-հումանիտար բնագավառում, այլեւ բացահայտել միջպետական համագործակցության նոր հնարավորություններ:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան պետական այցով: Անկասկած, Ձեր այցը նոր խթան կհաղորդի բոլոր ուղղություններով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն եւ նոր հաջողություններ բարձր պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում եւ բարեկեցություն’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ