Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի հետ
Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ:
Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը ՀՅԴ խմբակցությունից: Կողմերը կարեւորել են երկկողմ համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ:
Է. Շարմազանովը Սեյմի նախագահի հետ զրույցում շնորհավորել է վերջինիս մարտի 11-ին Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման կապակցությամբ:
Լիտվական կողմը կարեւորել է Հայաստանում ընտրական գործընթացների ժողովրդավարական ընթացքը: Հայկական պատվիրակությունը, իր հերթին, նշել է, որ Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր:
Լիտվական կողմը` որպես ԵՄ անդամ երկիր, պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին եվրոպական չափանիշներին էլ ավելի համապատասխանելու հարցում: Խորհրդարանականները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է հակամարտության կարգավորումը` հայտնի սկզբունքների հիման վրա եւ հավելել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: “Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի”,-եզրափակել է Էդուարդ Շարմազանովը:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից