29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ վարչապետը հանդիպում ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ /լուսանկարներ/

01-1

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հերթական նիստին ներկա գտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված հարցերին և ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: Վեհափառ Հայրապետը կարևորեց նմանօրինակ հանդիպումները` խոսելու ինչպես եկեղեցական խնդիրների, այնպես և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների և մեր ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ:

 Այնուհետև իր խոսքը ներկաներին ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե նման հանդիպումների կարիքը և անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում: Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները շատ կարևոր են, առավել ևս նոր իրավիճակում և նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում: Այդ պայմաններն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ նրբություններ և ես հույս ունեմ, որ այսօր այդ նրբությունների կարևոր դետալներին մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ:

 Ընդհանուր առմամբ, երբ ասվում է պետություն-եկեղեցի հարաբերություն՝ ես առաջին հերթին հասկանում եմ ոչ միայն և ոչ այնքան նյութական հարաբերությունների կարգավորումներ, չնայած դրանք էլ կարևոր և էական են, այլ առաջին հերթին հասկանում եմ քննարկում՝ մեր երկրում հոգևոր կյանքի, հոգևոր արժեքների և ընդհանրապես հոգևոր մթնոլորտի առումով…», – նշեց ՀՀ վարչապետը: Իր խոսքում տիար Ն. Փաշինյանը կարևորեց հասարակության մեջ խնդիրների կարգավորումը փոխադարձ հարգանքի մթնոլորտում, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության և քննարկումների միջոցով:

 Այնուհետև ԳՀԽ անդամները հնարավորություն ունեցան ՀՀ վարչապետի հետ քննարկելու հայրենիքի կյանքը, Հայոց Եկեղեցուն և աշխարհասփյուռ ժողովրդի հուզող զանազան խնդիրներ ու մարտահրավերներ: Մասնավորապես անդրադարձ եղավ եկեղեցի-պետություն գործակցության արդյունավետության բարձրացմանը, հոգևոր կյանքի զորացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ազգային ինքնությանը, պատմական սրբավայրերի ու ժառանգության պահպանությանը և այլնին վերաբերող հարցերի:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գոհունակությունը հայտնելով հանդիպման առիթով, վերստին հաստատեց, որ Հայոց Եկեղեցին ինչպես պատմության ընթացքում, այսուհետ ևս զորավիգ է լինելու հայոց պետականությանը` իր կարողությունների ներածին չափով նպաստելով հայրենիքի զորացմանը, աշխարհասփյուռ հայության բարօր կյանքի կերտմանը:

01-2 01-3 (1) 01-4 01-5

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ