19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աստծո գործերը բխում են սիրուց

Հաճախ է մարդը  հայտնվում դժվար իրավիճակներում, ու այդ պահին, երբ դրանք մեզ թվում են անլուծելի խնդիրներ, անմիջապես օգնության ենք կանչում ամենազոր Աստծուն: «Տեր, օգնիր» – այսպես է հնչում աղոթքը անհանգիստ ժամանակներում: Ու մենք սրտի թրթիռով, մեծ հավատով սպասում ենք, որ Տեր լսելու է մեզ ու օգնության հասնի

Մենք վստահ ենք ու հավատում ենք, որ Տիրոջ օգնությունը երբեք չի ուշանում ու այդ վստահությունն է, որ ստիպում է, մինչև վերջին վայրկյանն անգամ, հուսալքության ճանապարհը չբռնել, այլ համբերատար սպասել:

Աստծո բոլոր գործերը բխում են սիրուց ճիշտ այնպես, ինչպես Նրա բոլոր գործերն արդար են ու ճշմարիտ։ Աստված Սեր է։ Եվ սերը մեր կյանքում իրական է դառնում, երբ ընդունում ենք Իր Որդուն որպես Փրկիչ. «Իսկ ովքեր Նրան ընդունեցին, նրանց իշխանութնուն տվեց լինելու Աստծո որդիներ, նրանց, որոնք Իր անվանը կհավատան» (Հովհաննես 1.12):

Հովհաննես ավետարանիչը Աստծուն անվանում է «Սեր»՝ համարելով դա Աստծուն բնորոշելու լավագույն միջոցը. «Աստուած սեր է», (Ա Հովհ. 4, 8): Ա՛յս է ամենակարևոր ուղերձը, որ Աստված ի սկզբանե ջանում էր իր մարգարեների միջոցով հասցնել Իրեն չհասկացող, Իրեն մշտապես դավաճանող մարդ արարածին: Ի վերջո, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի Իր Որդին մարդանալով, բացահայտ ցույց տա աստվածային ողորմությունը:

Բայց Աստված, չնայած մարդկության պատմության դառն ժառանգությանը, շարունակում է լինել համբերատար և ողորմած միշտ փնտրելով իր մոլորյալ զավակներին, միշտ կարոտով սպասելով յուրաքանչյուրի դարձին ու անկեղծ զղջմանը:

Հիշե՛ք, Աստծո ողորմությունը մեր հանդեպ ոչ միայն մեծ խաղաղություն և մխիթարություն է, այլև՝ պարտավորություն լինել ողորմած միմյանց հանդեպ. «Երանի՛ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մտթ. 5.7):

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ