25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Ճի՞շտ է, որ Ծառուկյանին բռնել-նստացրել են’ կամ քաղաքական դիցաբանության հիմունքներ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ‘’Սոցիոմետր’’ անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններից, կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն շատ խանդոտ է նայում մեր տարածաշրջանին, քանի որ թե ԵՄ-ն, թե մնացած խոշոր գերտերություններն այս տարածաշրջանը դիտում են որպես նավթային եւ տրանսպորտային ուղիների կարեւոր հանգույց, ահա ինչու ԵՄ-ն էլ է փորձում աշխուժանալ այս տարածքում` խոստանալով տարատեսակ բոնուսներ` ճիշտ ընտրություններ անցկացնելու դեպքում:

‘’Բայց կարող են արդյոք արդար ընտրություններ խոստացողներն ապահովել այդ արդարությունը, եթե հանրապետությունում դեռեւս  շատ է այն մարդկանց թիվը, ովքեր պատրաստ են վաճառելու իրենց ձայնը: Այնուամենայնիվ, ընտրողների մեկ երրորդը գալիս է ընտրությունների ազնիվ մղումներով’’,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշեց, որ  շատ կուսակցություններ կադրային ռեսուրսների լուրջ խնդիր ունեն, քանի որ այդ մանր կուսակցությունների  խոսքով` իրենք այդքան մարդ չունեն, որ բոլոր ընտրատեղամասերում վստահված անձ ունենան:

‘’Եթե չունեք այդքան ռեսուրս, ուրեմն դուք կուսակցություն չեք’’,- ասաց Ա.Ադիբեկյանը` հավելելով, որ այդ առումով Հայաստանում կադրային կուսակցություն են ՀՅԴ-ն եւ “Հանրապետականը”, մնացածները զանգվածային կուսակցություններ են, որոնց անդամները անհրաժեշտ պահին չեն կարող պաշտպանել կուսակցության շահերը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ 13 համագումարում հնչած ելույթին եւ հասարակության վրա ունեցած ազդեցությանը, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց, որ մարտի 17-ին նախանշված  ԲՀԿ համագումարից հետո կանցնի եւս 1-2 շաբաթ, երբ այդ երկու խոշոր կուսակցությունների համագումարները կայուն արձագանք կգտնեն հասարակության ներսում, այդ ժամանակ կանցկացվեն սոցիոլոգիական  հարցումներ ու կհրապարակեն տվյալներ,  իսկ մինչ այդ հարցումների վրա այդքան ծախս անելն, ըստ սոցիոլոգի,  անիմաստ է:

Ահարոն Ադիբեկյանը կարծիք հայտնեց, որ հայ հասարակության եւ նաեւ քաղաքականության մեջ դեռեւս մեծ տեղ ունի քաղաքական բանահյուսության եւ քաղաքական դիցաբանության դերը, կամ այսպես կոչված ‘’ վատ հեռախոսի’’  սկզբունքը:

‘’Օրինակ երեկ ինձ զանգեց մի շատ լուրջ մարդ ու հարցնում է .’’Այդ ճիշտ է, որ այս գիշեր Գագիկ Ծառուկյանին բռնել են, տարել ու նստացրել’’: Սա հենց ասեկոսեների ինստիտուտն է, որը լավ կաշխատի, եթե այն հմուտ կիրառեն’’,- ասաց Ա.Ադիբեկյանը` հավելելով, որ դիցաբանական ասեկոսեների միջոցով է կառուցվում քաղաքական ընտրարշավը:

Անդրադառնալով ընտրակաշառքի հարցին, սոցիոլոգը նշեց, որ ԲՀԿ-ն այդ առումով իրականացնում է անվճար բուժօգնության ակցիաներ, ուսանողների վարձը մարելու միջոցառումներ, ՀՀԿ-ն բաժանում է գարնանացան, պարարտանյութեր: ‘’Դե ՕԵԿ-ն էլ մուրաբա ունի, մուրաբա է բաժանում’’,- եզրափակեց Ա.Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ