29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մի՞թե ՀՀ նախագահի քաղաքական կուրսն իրականացնելը ՀՀ-ում համարվում է հանցագործություն. բաց նամակ Սերժ Սարգսյանին

image_9333

2007թհոկտեմբերի մեկից  մինչեւ 2008թսեպտեմբերի երկուսը«Աշտարակի արհեստագործական ուսումնարան»ՊՈԱԿի տնօրենի պաշտոնակատար, 2008թ. սեպտեմբերի 2-ից հանցագործության եւ մեղադրանքիբացակայությամբկոռուպցիան եւ կաշառակերությունը վերացնելու եւ կանխելու համար տարի ժամանակովճաղերի հետեւ աքսորվածվաղաժամկետ ազատված Մարտին Պետրոսյանից

Պարո՛ն նախագահ, 2011թ. դեկտեմբերի 22-ին Ձեզ մոտ ՀՀ դատաիրավական համակարգի ղեկավարների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվեց ՀՀ ԶԼՄ-ով, Դուք, ըստ  էության, դատաիրավական համակարգի աշխատանքը գնահատեցիք ոչ բավարար, բարձրաձայնեցիք, որ “ցավոք, կան դեպքեր, երբ որոշ ոստիկանության աշխատողներ, քննիչներ, դատախազներ, դատավորներ իրենց ծառայողական, աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում, շրջանցելով ՀՀ սահմանադրթյունը, ՀՀ օրենքները, կատարում են հակասահմանադրական, հակաօրինական գործողություններ, կայացնում են ապօրինի որոշումներ, անարդար դատավճիռներ և այլն, որոնց արդյունքում իրական հանցագործները մնում են անպատիժ, իսկ նրանց փոխարեն պատժվում և տուժում են միանգամայն անմեղ մարդիկ, իսկ այդ ամենը ուղղակի հարված է մեր պետության առաջնթացին, ժողովրդի կողմից դատաիրավական համակարգի նկատմամբ ունեցած վստահությանը, ինչը նույնն է, թե իշխանության և նրա կողմից իրականացվող բարեփոխումների նկատմամբ ունեցած վստահությանը” և այլն:

Դուք հանձնարարեցիք վերանայել բոլոր նմանատիպ որոշումները, անարդար դատավճիռները և բոլոր մեղավորներին ենթարկել խստագույն պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են, ինչ նպատակներ են հետապնդել, ում կամ ինչ ուժերի շահեր են պաշտպանել…

Պարո՛ն նախագահ, այդ խորհրդակցության ժամանակ Ձեր կողմից հրապարակայնորեն հնչեցված արտահայտությունները, որոնք լսել են միլիոնավոր մեր համաքաղաքացիներ, ստիպեց ինձ եւ իմ հարազատներին, մինչ ինձ հետ տեղի ունեցած անհավանական, ցնցող, սենսացիոն, պետական դավաճանությանը նմանվող դեպքը իր մանրամասնություններով, դրդապատճառներով, շարժառիթներով, նպատակներով, հիմնավորումներով և իրեղեն բազում ապացույցներով մեր և միջազգային հանրության սեփականությունը դարձնելը և նրա դատին հանձնելը, երրորդ անգամ դիմելու Ձեզ (առաջին դիմումը Ձեզ գրվել է դեռևս “մեղադրյալի” կարգավիճակում 6.10.2008թ., իսկ երկրորդը ճաղերի հետևից դուրս գալուց հետո 30.09.2011թ., նույնաբովանդակ դիմումներ եմ  հղել այն ժամանակ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանին, այնուհետեւ Արմեն Աշոտյանին, քննիչին, դատավորին, ՀՀ գլխավոր դատախազին և այլն) արդեն բաց նամակի տեսքով և խնդրելու անձամբ ծանոթանալ Ձեզ հասցեագրված իմ դիմումներին, որտեղ շատ հակիրճ մանրամասնությամբ ներկայացված է ինձ հետ տեղի ունեցածը:

Գուցե այն Ձեզ համար ևս կլինեն անհավանական, անհավատալի, սարսափեցնող ու ցնցող, ինչպես մեր շատ ու շատ համաքաղաքացիների, ուսանողների, կրթության ոլորտի մասնագետների, իրավաբանների, քննիչ-դատախազների, դատավորների և այլնի, քանզի ինձ հետ կատարվածը ստալինյան ժամանակաշրջանից հետո կարծում եմ նույնիսկ աշխարհում եզակի դեպք է: Սակայն այն, ըստ  էության, ոչ թե իմ, այլ իմ միջոցով մեր պետության և ժողովրդի, անձամբ Ձեր և Ձեր ղեկավարած կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի դեմ է եղել:

Այժմ շատ հակիրճ կատարվածի մասին…

ՀՀ դատաիրավական համակարգի Արագածոտնի մարզի ներկայացուցիչները, ժողովրդավարության, Եվրամիության ճանապարհը բռնած մեր նորանկախ պետությունում, 2008թ. սեպտեմբերի 2-ին, վերադարձնելով 37-ական թվականները, հակասահմանադրական, հակաօրինական, անմարդկային, նվաստացնող, ստորացուցիչ գործողություններ իրականացնելով, հանցագործության և մեղադրանքի բացակայությամբ, ՀՀ Քրեական օրենսգրքի «կաշառք  ստանալը» կպցրած, բայց չկպած հոդվածի պատրվակով (մի հանցատեսակ, որը ինքս էի արմատախիլ արել այդ հիմնարկ կոչվածում) 4 տարի ժամկետով ճաղերի հետև էին աքսորել նոր վիրահատված, բուժման պրոցեսում գտնված պետության ներկայացուցչիս` «Աշտարակի արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի ղեկավարիս` կործանելով ինձ և իմ բազմանդամ ընտանիքը` առաջացնելով առողջական, (ավելացան նոր ծանր հիվանդություններ), ֆիզիկական, հոգեկան, ֆինանսական, բարոյական անասելի, անդառնալի կորուստներ և վնասներ, հսկայածավալ պարտքեր և այլն:

Եվ սա ընդամենը այն բանի համար, որ ես` որպես այդ հիմնարկի նորանշանակ ղեկավար, համարձակվել էի պատասխանատվորեն, բարեխղճորեն, արհեստավարժորեն և խստապահանջորեն կատարել իմ աշխատանքային պարտականություններն ու լիազորությունները, որ համարձակվել էի հիմք ընդունել ՀՀ նախագահի, այսինքն` Ձեր նախընտրական ծրագիրը, որդեգրած քաղաքական կուրսը, ՀՀ կառավարության, ՀՀ ԿԳ նախարարության բանավոր և գրավոր հանձնարարականները և անվերապահորեն իրականացրել էի դրանք` վերացնելով և արմատախիլ անելով այդ ՊՈԱԿ-ում տարիներ շարունակ պետության հանդեպ կատարված, ծրագրավորված, կազմակերպված խոշորամասշտաբ հանցագործությունները` կոռուպցիան, պետական բյուջետային միլիոնավոր դրամների մսխումներն ու յուրացումները, որ համարձակվել էի մերժել այդ հիմնարկի փոխտնօրենի եւ մյուս աշխատողների (նույնիսկ ինձ համար շահեկան) հանցավոր առաջարկությունները “վաստակելով” աշխատակիցների թշնամական վերաբերմունքը, որ համարձակվել էի իմ աշխատած մի քանի ամիսների ընթացքում որակյալ մասնագիտական կրթության մատուցման համար համապատասխան պայմաններ ստեղծել` խոհանոց, արհեստանոցներ, նյութատեխնիկական բազա, ուսումնական և ուսումնամեթոդական փաստաթղթեր և այլն, որ համարձակվել էի բոլոր աշխատողներից պահանջել իրենց աշխատանքային պայմանագրերի, ուսումնական պլանների, կանոնակարգերի, իմ կողմից տրված հրաման-հանձնարարականների կատարում, որ համարձակվելու էի մասնագիտական կրթություն, որակավորում, կարողություն չունեցող անարդյունավետ աշխատողներին, (այդ թվում` իմ դեմ զավեշտալի, հորինված ցուցմունքներ տվողներին) փոխարինելու նույն քաղաքի բանիմաց, արհեստավարժ, որակյալ մասնագիտական կրթություն ունեցող կադրերով (ինչը ԿԳՆ-ի գրավոր հանձնարարականներից մեկն էր)`մարզում ստեղծելով հզոր, միջին և արհեստագործական կրթություն ապահովող պետական ուսումնական հաստատություն, ինչը ՀՀ կառավարության ծրագիրն էր, որ համարձակվելու էի ԿԳՆ-ին սեպտեմբերի սկզբին գրավոր հաշվետվություն ներկայացնել իմ կողմից կատարված աշխատանքների մասին:

Սակայն 2008 թ. սեպտեմբերի 2-ին ժամը 11-ին Արագածոտնի մարզի ոստիկանության աշխատակիցները իմ աշխատանքային առանձնասենյակից խաբեությամբ  տարան ինձ ոստիկանություն… Տարան ու տարան` կանաչ ճանապարհ հարթելով «ուսումնական հաստատություն» անվան տակ պետությանն ու ժողովրդին տարիներ շարունակ թալանած աշխատողների համար, իսկ այդ խոշորամասշտաբ հանցագործությունների կազմակերպիչներից մեկին` փոխտնօրենին, կատարած հանցագործությունների համար խրախուսել և դարձնել տնօրեն…

Պարո՛ն նախագահ, մի՞թե կատարվածը, որ շատ հակիրճորեն ներկայացրեցի, աշխարհում եզակի ու անհավատալի դեպք չէ:  Այդ ամենի մանրամասնությունները` փաստերով, փաստաթղթերով, իրեղեն բազում ապացույցներով, օրերով, ժամերով, անուններով  ու այլ հիմնավորումներով, ես կարող եմ ներկայացնել այլևս նրանց համար  անխուսափելի, բաց, հրապարակային  դատավարության  ժամանակ, (որտեղ կարող եմ ե՛ւ վկան, ե՛ւ մեղադրողը ինքս լինել): Հույս ունեմ այդ ժամանակ գոնե նրանք, այլեւս չունենալով սրա-նրա հետեւում թաքնվելու հնարավորություն կկրեն  խստագույն պատիժ`ինձ ու իմ ընտանիքին վերադարձնելով այն ամենը, ինչ «գողացել    են   այս տարիների ընթացքում»… Ցավոք, շատ լավ գիտեմ, որ ամեն բան չեն կարող վերադարձնել:

Պարո՛ն նախագահ, այս ամենից հետո հարց է առաջանում` այդ ՊՈԱԿ-ի ղեկավարությունը պետության, իշխանությունների կամ իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ունեցե՞լ է պետությունը, պետական բյուջեն թալանելու արտոնագիր և եղե՞լ է անձեռնամխելի (ինչպես իրենք էին ակնարկում, իսկ ես միամտաբար չէի հավատում…):

Եթե այո, ապա ինչու՞ նորանշանակ հիմնարկի ղեկավարին պետական մակարդակով չէր նախազգուշացվել այդ մասին, որ նա չհամարձակվեր իրականացնել այն աշխատանքները, որոնք իրականացրեց եւ իրականացնելու էր,  որպեսզի ե՛ւ ինքը, ե՛ւ իր ընտանիքը նույն պետության կողմից չենթարկվեին դաժանագույն հաշվեհարդարի (վերը հակիրճ թվարկվածի անհերքելի   վկան,  2007թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2008թ.  սեպտեմբերի 2-ի ժամը 11-ը իմ ողջ աշխատանքային  գործունեությունն է):

Պարո՛ն նախագահ, կատարվածը մասնագիտական առումով բացառիկ, եզակի դեպք է նաև դատաիրավական համակարգում: Այն համակարգի իրավական կամ իրավաբանական խայտառակությունն ու ամոթն է: Պատկերացնո՞ւմ եք` իմ դեմ քրեական գործ, մեղադրանք գոյություն չունի և չէր կարող ունենալ, հետևաբար դատաքննության նյութ չէր կարող լիներ, առավել ևս` դատավճիռ, այն էլ մեղադրական` արտասանված «հանուն Հայաստանի Հանրապետության»:

Գոյություն ունեցող բոլոր փաստաթղթերն անխտիր, ընդհուպ դատարանների զավեշտալի վճիռները, նրանց հեղինակներին, ՀՀ Քրեական օրենսգրքի համապատսխան հոդվածներով, քրեական պատասխանատվության ենթարկելու իրեղեն ապացույցներ են, որը ակնհայտ տեսանելի և հասկանալի կարող է լինել նույնիսկ 5-րդ դասարանի երեխայի համար, ինչի համար կպահանջվի 15-20 րոպե:

Պարո՛ն նախագահ, մի՞թե պետության, ՀՀ նախագահի քաղաքական կուրսը, հանձնարարականները պետական հիմնարկի ղեկավարի կողմից անվերապահորեն իրականացնելը ՀՀ-ում համարվում է հանցագործություն, մի՞թե ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչները, որոնք որոշում են մեր նորանկախ պետության քաղաքացիների ճակատագրերը, տարրական կրթություն չունեն, էլ չեմ ասում բարձրագույն, այն էլ իրավաբանական, չգիտեն իրենց ծառայողական, աշխատանքային պարտականություններն ու լիազորությունները, չգիտեն Ձեր և Ձեր ղեկավարած կուսակցության որդեգրած քաղաքական կուրսը:

Բնականաբար հարց է առաջանում` ովքե՞ր էին «Աշտարակի արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի այն վայ աշխատակիցները, փոխտնօրենը, տնօրենը, ովքեր տարիներ շարունակ իրենց ծրագրված, կազմակերպված հանցավոր գործունեությամբ ցեխ էին շպրտել ե՛ւ իրենց, ե՛ւ պետության ու նրա ղեկավարի, ե՛ւ կրթական համակարգի, ե՛ւ իրենց մարզի ու քաղաքի բնակչության ու երիտասարդության վրա, որոնց համար դատաիրավական համակարգի կողմից արվեց այն, ինչն արվեց, որը համարժեք է պետության և նրա ղեկավարի դեմ կատարված դավաճանության:

Այս և այլ բազում հարցերի, հուսով եմ, համապատասխան ծառայություններին, կառույցներին եւ մեր ժողովրդին ստիպված են լինելու պատասխանել  ե՛ւ այդ ՊՈԱԿ-ի, ե՛ւ դատաիրավական համակարգի աշխատակիցները, քանզի թալանվել, ինչպես կասեր ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, «լափվել ու ծածկադմփոց էին արվել» հենց ժողովրդի միլիոնավոր դրամները: Եվ եթե որևէ մեկը կդժվարանա պատասխանել նմանաբնույթ հարցերին, նրանց մեծ ուրախությամբ օգնությամբ կգամ ես:  Ե՛վ քննիչը, ե՛ւ դատախազը, ե՛ւ դատավորը ստիպված են լինելու խոստովանել, որ ինձ ճաղերի  հետև են ուղարկել հանցագործության բացակայությամբ, իսկ թե ինչո՞ւ…

Պարո՛ն նախագահ, այս ցնցող պատմության ասելիքը (որի համեմատաբար ավելի ամբողջական տեքստը` իր հակիրճ մանրամասնությամբ, հանձնվել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, ՀՀ արդարադատության նախարարին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին)  շատ-շատ է ու անվերջանալի, ուստի, առայժմ բավարարվելով այսքանով, երրորդ անգամ խնդրում եմ այս բաց նամակը, համաձայն խորհրդակցության ժամանակ Ձեր կողմից հնչեցված հանձնարարականների, ընդունել որպես Ձեզ եւ խորհրդակցության մյուս մասնակիցներին հրապարակայնորեն ներկայացված դիմում-հայտարարություն-հաղորդագրություն, քանզի պաշտոնականները մնում են պարտակված, իսկ թե ինչու, կարծում եմ` պատասխանը գտնելը դժվար չէ …

Պարո՛ն նախագահ, կրկին ու կրկին ի լուր աշխարհի պատասխանատվորեն հայտարարում եւ պնդում եմ, որ իմ և իմ ընտանիքի հետ կատարված հաշվեհարդարի պատճառը` որպես պետական հիմնարկի ղեկավար իմ կողմից ՀՀ նախագահի
պետական քաղաքական կուրսը, ՀՀ կառավարության, ՀՀ ԿԳՆ-ի բանավոր և գրավոր հանձնարարականները անվերապահորեն իրականացնելն է:

Հետեւաբար ինձ եւ իմ ընտանիքի հետ կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում է պետությունը, ուստի խնդրում և պահանջում եմ ինձ անհապաղ ենթարկել «ռեաբլիտացիայի», խստագույն պատասխանատվության ենթարկել ինձ հետ կատարվածի և այդ միջոցով մեր պետության ու ժողովրդի վարկի ու հեղինակության հետ խաղացած բոլոր մեղավորներին անխտիր:

Կարծում եմ, որ նրանք իրենց  անձնական գրպաններից պետք է  փոխհատուցեն  ինձ  ու  իմ ընտանիքին  պատճառված բոլոր վնասներն ու կորուստները (բնականաբար, կան անդառնալի կորուստներ, որոնք ոչ մի գնով վերադարձնել կամ փոխհատուցել հնարավոր չէ):

Պարո՛ն նախագահ, առաջիկայում մեր երկիրը թևակոխելու է իր ճակատագրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ժամանակաշրջան` ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ նախագահի ընտրությունների  ժամանակաշրջան,  որին համակ ուշադրությամբ հետևելու են նաև բազում պետություններ, հասարակություններ,  միջազգային տարբեր կառույցներ ու կազմակերպություններ, ուստի մեր երկիրը ընտրությունների պետք է գնա իր ճակատին  դաջված խարանը մաքրած վիճակում, քանզի կատարվածը ոչ միայն ինձ և իմ ընտանիքին, այլեւ` նորանկախ պետությանն ու ժողովրդին հասցված մահացու հարված, այն էլ` թիկունքից:

Ահա թե ինչից հեշտությամբ կարող են օգտվել մեր թշնամիները: Աշխարհի բոլոր պետություններն  ու  հասարակությունները  անաչառ պայքար են ծավալում կոռուպցիայի, պետական բյուջետային գումարների փոշիացումների եւ յուրացումների դեմ, իսկ մեր երկրում ծրագրավորված եղանակով խոշորամասշտաբ այդ հանցագործությունները կանխելու, վերացնելու եւ հետագա շարունակությունները թույլ չտալու համար պետությունը պետական հիմնարկի ղեկավարին ճաղերի հետև է աքսորում, իսկ հանցագործությունների հեղինակներին խրախուսելով` թույլատրում է շարունակել իրենց սեւ գործը…

 Հարգանքներով` Մարտին Պետրոսյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ