24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵՄ-ն կփոխարինի Ֆրանսիային, թե ոչ` էական չէ, ամեն ինչ կախված է Հայաստանի ճիշտ բանաձեւերից. քաղաքագետ

Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ փորձել է ձեւաչափ փոխել խնդրի կարգավորման հետ կապված, այս անգամ Ադրբեջանը փորձում է խնդիրը տեղափոխել ԵՄ: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամսից Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի ու կքվեարկվի մի փաստաթուղթ, որն օրերս քննարկել է նույն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Հայաստանին առնչվող քննարկված փաստաթուղթը, որ ընդունվել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 22-ին, Հարավային Կովկասին վերաբերող հարցերի շարքում անդրադառնում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու հեռանկարին եւ հավանականությանը:

Ալեքսանդր Մանասյանի համոզմամբ՝ հակամարտության խնդրի շուրջ բանակցությունները ինչ ձեւաչափով էլ ընթանան, ամեն դեպքում կարգավորման հաջողությունը կախված է լինելու խնդրի ձեւակերպման ձեւից, եթե սխալ ձեւակերպվի՝ լուծում չի լինի:

՛՛Ձեւաչափից չէ, որ կախված կլինի բանակցությունների ընթացքը, այլ խնդրի դրվածքից, ինչ հիմքերով, փաստաթղթերով, կամ ինչ փաստարկներով է խնդիրը դրվելու քննարկման’,- նշեց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ ղարաբաղյան խնդրում միջնորդները խնդիր լուծելու առաջադրանք չեն  նստանում, նրանց առաջադրանքները միայն խորհրդատվական բնույթ ունեն, այլ հարց է՝ կողմերը ընդունում կամ չեն ընդունում այդ առաջարկները: Բանախոսը կարծիք հայտնեց, որ թեեւ  ենթադրվում է, որ միջնորդները պետք է չեզոք լինեն, բայց աշխարհում այսօր չեզոք միջնորդ գտնելը դժվար է, ահա ինչու առաջանում է կողմնակալության հարցը:

‘ Խնդրի լուծումը կախված է այն բանից՝  կհաջողվի արդյոք կողմերին  ներկայացնել մի փաստաթուղթ, որը կհամապատասխանի հակամարտության ճիշտ պատմությանը, որ այն կողմնակալ չլինի, այլ բխի միջազգային իրավական եւ բարոյական չափանիշներից’, – կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի վրա այդ փոփոխության ազդեցությանը, ապա քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այսպես կոչված օգուտն ու վնասը մեխանիկորեն չի լինելու, քանի որ շատ բան կախված է մեզանից:

‘Մենք պետք է պատրաստ լինենք փոխելու հունը, մինչ օրս մենք չենք կարողանում կարգին  ասել աշխարհին, որ Ադրբեջանը ոչ լեգիտիմ տարածք է ճանաչվել: Հայաստանը պետք է ճիշտ քաղաքագիտական լեզվով եւ բանաձեւերով ուղերձներ հղի միջազգային հանրությանը’,- եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ