20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքական գործիչը նախ մարդ պետք է լինի. Ալբերտ Մկրտչյան

Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հետ: Ցուցադրվեց  նրա  ‘Ուրախ ավտոբուս’  գեղարվեստական ֆիլմը: Այս անգամ ֆիլմի ցուցադրությունը նվիրված էր  Ալբերտ Մկրտչյանի ծննդյան 75-ամյակին:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը հայտնեց, որ իր եղբոր, հանճարեղ Մհեր Մկրտչյանի մասին ֆիլմ կնկարահանվի, որի հիմքում ընկած է լինելու  Սոս Սարգսյանի գրած  ‘Լագոտ’  վիպակը:

Նա պատգամեց երիտասարդներին.’ Երբեք չկեղծեք ինքներդ ձեզ, պայքարեք անարդարության դեմ, օգնեք թույլերին’:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին` ի՞նչ կստացվի, եթե արվեստագետները սկսեն զբաղվել քաղաքականությամբ, ռեժիսորը պատասխանեց. ‘ Չգիտեմ անկեղծ ասած, ի՞նչ դուրս կգա դրանից, ապրենք կտեսնենք, կամ լավ կլինի, կամ` վատ’:

Ինչ վերաբերում է որոշ  քաղաքական գործիչների կողմից քաղաքական գործունեությամբ զբաղվող մշակույթի գործիչների հասցեին հնչող այն քննադատությանը,թե`ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, Ալբերտ Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ կան տեղեր, կան պահեր, երբ անպայման մտավորականությունը պիտի միջամտի:

‘Ո՞նց թե` ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: Այսօր, որ եկել եմ ուսանողների հետ հանդիպման, ես իմ գործով զբաղվեցի՞, իհարկե ոչ: Բայց եկել եմ ուսանողներին մի բան ասելու, որ մենք հայ ենք, ու պիտի պաշտենք մեր տեսակը’,- ասաց Ալբերտ Մկրտչյանը:

Այն հարցին, թե ինչ հատկանիշներով պիտի օժտված լինի քաղաքական գործիչը, անվանի ռեժիսորը պատասխանեց, որ բոլոր մասնագիտություններում էլ մարդը պետք է մարդ լինի:

‘Մարդ լինելուց հետո քաղաքական գործիչը անպայման պետք է հայրենասեր լինի, պաշտի իր հողը, այլ ոչ միայն իր երեխաներին ու ծնողներին’,- համոզմունք հայտնեց մտավորականը:

Ալբերտ Մկրտչյանը համաձայնեց, որ այսօր մտավորական-հասարակություն կապը խզված է: Նրա կարծիքով, երբեք էլ այդ կապը սերտ չի եղել, անգամ 70-80-ականներին, եւ դա, ըստ ռեժիսորի, մեր ազգի տեսակից է գալիս:

‘Օրինակ, ես այսօր փորձեցի սերտ կապ հաստատել համալսարանի ուսանողության հետ, ինձ թվում է` ստացվեց, նման բաներ պիտի հաճախակի կազմակերպվեն, ոչ թե միայն ուսանողության հետ, այլ` առհասարակ, որովհետեւ ամեն մեկն իր պրոբլեմներն ունի , ամեն մեկը զբաղված է իր գործերով, եւ ինչ-որ տեղ հեռվից հեռու չեն հավատում կամ վստահում տվյալ մտավորականին’,- եզրափակեց Ալբերտ Մկրտչյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ