29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ”. Ռալֆ Պիտերս

image_8750

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006-ի հունիսի 6-ին գրած “Միջին Արեւելքի նոր քարտեզը` ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների” հոդվածում հայերին եւ Հայաստանին վերաբերող գլխավոր հատվածը հետեւյալն է. “Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ”:

Հիրավի մեծ երեւակայություն պետք է ունենալ` կարողանալու համար արտաբերել այնպիսի մի նախադասություն, որտեղ հմտորեն փաթեթավորված լինեն նվազագույնը երեք բացահայտ կեղծիք:

Առաջին` հայերի նկատմամբ իրականացվածը “չարագործություն” չէ, մարդկայնության դեմ իրականացված “հանցագործություն” է, որի նկատմամբ ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ չի կիրառվում եւ որն անպայման ենթակա է պատժի, ուստի բառախաղն այստեղ միանգամայն անտեղի է:

Երկրորդ` կարիք չկա “արդարացում” փնտրել Օսմանյան կայսրության համար, իբրեւ թե` հոգեվարքի մեջ էր գտնվում, դրա համար էլ իրականացրեց հայերի ցեղասպանությունը: Օսմանյան Թուրքիան հոգեվարքի մեջ հայտնվեց 1918-ի վերջին, մինչդեռ Հայոց ցեղասպանությունը իրականացրել են երեք թուրքական կառավարություններ` սուլթանական, երիտթուրքական, քեմալական, համապատասխանաբար` 1894-96, 1909, 1915-17, 1918-23 թթ., իսկ դրա լայնածավալ մասը 1915-17 թթ., երբ կրկին Օսմանյան կայսրությունը հոգեվարքի մեջ չէր:

Երրորդ` պետք չէ փորձել հայերին “նվիրատվությունից” զրկել, որովհետեւ` նախ Հայրենիքը չի անհետանում, այլ ընդամենը հափշտակվում է, օկուպացվում, ժամանակավորապես: Եւ ապա, որպես Հայոց ցեղասպանության փոխհատուցում` Սեւրի դաշնագրով եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով կատարվել է մասնակի հատուցում, որը սակայն չի իրականացվել, եւ որը պարտադիր է իրականացման համար: Մասնակի, որովհետեւ Վիլսոնի Իրավարար վճիռն ընդգրկել է Հայոց հայրենիքի 40 տոկոսը միայն, այն պատճառաբանությամբ, որ հայերն այդ պահին Հայաստանում չէին կարող մեծամասնություն կազմել: Նկատենք, որ այժմ կարող են:

Հայտնի խոսք է, որ ԱՄՆ-ում ապրող մարդը երկու բանից չի կարող խուսափել` մահից եւ հարկերից: Հետաքրքիր է` Ռալֆ Պիտերսի եւ նրա փորձագիտական խմբի պարագան ինչպիսին է: Ոչ, ոչ, մենք նկատի չունենք այն, որ նրանք փորձում են հարկերը թաքցնել, այլ այն, թե ինչ թեթեւությամբ են նրանք քամուն տալիս ամերիկյան հարկատուի փողերը, երբ այդքան անխնա շրջանցում են ամերիկյան ազգային պետական շահերը, այդ թվում` մի զարմանահրաշ հնարքով շրջանցելով իրենց իսկ նախագահի վավերացրած Իրավարար վճիռը:

Գրեթե նույն կերպ վարվեցին ԱՄՆՍենատի այն անդամները, որոնք 1920-ին մերժեցին Հայաստանի մանդատը: Լավ է, որ ԱՄՆ նախագահի Իրավարար վճիռը մերժելու իրավասություն չունեին, թե ոչ` դա էլ կանեին: Դրանից շուրջ 100 տարի անց ԱՄՆ-ն ամենաանհավանական միջոցներ է գործադրում եւ ամենաանսպասելի կարողությունների տեր մարդկանց փնտրում ու գտնում աշխարհի տարբեր ծագերում` ամերիկյան ազգային պետական շահերն այստեղ ու այնտեղ հաստատելու նպատակով, ինչից այնքան դյուրությամբ ժամանակին հրաժարվեցին ամերիկյան մի խումբ օրենսդիրներ:

Հնարավոր է, որ այդ օրենսդիրների համար նույնպես աշխատել էր փորձագիտական այնպիսի մի խումբ, ինչպիսին Ռալֆինն է, քանի որ ձեռագիրը նույնն է. ամեն կերպ մերժել, շրջանցել հայության եւ Հայաստանի ազգային պետական շահերը, ամեն կերպ, նույնիսկ` ամերիկյան հարկատուների փողերը քամուն տալու եւ ԱՄՆ զինվորականների կյանքն անհարկի վտանգի ենթարկելու գնով:

Չնայած, որ Ռալֆը Հայաստանը ընդգրկել է շահող երկրների ցուցակում նկատի ունենալով, որ տեսականորեն Հայաստանին է վերադարձվում Արարատ լեռը հողակտորի մի եզրաշերտով, հնարավոր է` մինչեւ Անի մայրաքաղաք երկարող, փոխարենը քարտեզում ներառված չէ`

ա. արդեն իսկ հիշատակված Վիլսոնի Իրավարար վճռով Հայաստանին պատկանող տարածքը,

բ. Իրավարար վճռից դուրս մնացած Արեւմտյան Հայաստանի երեք վիլայեթները եւ Կիլիկյան Հայաստանը,

գ.  ավելին` քարտեզում նշված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

դ.”անհետացել է” Նախիջեւանի Ինքնավար մարզը:

Այս ամենը արված է 20-րդ դարասկզբի տրոցկիների կամայական մասնահատումների ու այլոց “նվիրատվություններ” կատարելու ձեռագրով:

Այսինքն, Ռալֆն ու նրա փորձագիտական խումբն ամբողջովին անտեսել է հայերի եւ Հայաստանի գրեթե բոլոր իրավունքները, դրանք լինեն ազգային, թե պետական, իրավական, թե քաղաքական, տնտեսական, թե մշակութային, վերջապես պատմական, թե քաղաքակրթական:

Շատ յուրահատուկ եւ խիստ ուսանելի վիճակ է, որովհետեւ հաշվի առնելով 1-ին եւ 2-րդ Համաշխարհային պատերազմների փորձը, երբ հայերին հրավիրեցին մասնակցելու ռազմաքաղաքական խոշորածավալ գործողությունների եւ, որին հայերը մասնակցեցին իսկապես մեծ հավատով ու ներուժով, ինչին, իբրեւ պատասխան` պատերազմների ավարտին մնացին իրենց իսկ կորուստների հետ մեն-մենակ… ապա այս դեպքում, ռազմաքաղաքական նոր իրադարձությունների շղթայում հայերը կարող են չեզոք դիրք գրավել, նկատի ունենալով, որ արեւմտյան փորձագիտական միտքը վաղօրոք արդեն չի նախատեսել հայկական խնդիրներից որեւէ մեկին հիմնավոր լուծումներ տալ: Ուստի, հայության համար ավելի ճիշտ է կենտրոնանալ ազգային անվտանգության ու ինքնապաշտպանության սեփական արդիական համակարգ ստեղծելու խնդիրների վրա` վկա Ռալֆի ու նրա փորձագիտական խմբի հեղինակած այս ողջ աշխատանքը:

 

“Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ