19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրապետության նախագահը Շիրակի մարզում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին  աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է մարզի Ախուրյան համայնք եւ Գյումրու “Մուշ-2” եւ “Անի” թաղամասեր, ծանոթացել 1988-ի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման 2008-2012թթ. ծրագրի շրջանակներում իրականացված եւ ընթացիկ աշխատանքներին: Ախուրյանում Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել բազմաբնակարան շենքերի կառուցման շինհրապարակում, բնակապահովման եւ ախուրյանցիներին հուզող այլ հիմնախնդիրների շուրջ զրուցել համայնքի բնակիչների հետ:
Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերով բնակելի համալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ. մայիսին, ներկայում կատարվում են շենքերի երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման աշխատանքները:

Գյումրիում Հանրապետության ղեկավարը “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում այցելել է կառուցվող շենքերի տիպային բնակարաններ, ծանոթացել բնակպայմաններին եւ իրականացված աշխատանքի ընթացքին ու որակին:
Նախագահին զեկուցել են, որ Գյումրիում “Գլենդել Հիլզ” ընկերության կողմից իրականացվող բնակարանաշինությունն ավարտական փուլին է մոտենում: Ներկայում ընթանում են բնակարանների ներքին հարդարման եւ թաղամասերում արտաքին բարեկարգման աշխատանքները: Բոլոր շենքերը չորս հարկանի մոնոլիտ կառույցներ են, քաղաքաշինության ժամանակակից չափանիշներին համապատասխան, առնվազն 9 բալ սեյսմակայունության: Ամբողջ շինհրապարակն ընդգրկում է մոտ 11 հա հողատարածք. “Մուշ 2”-ում՝ 138 800 քմ եւ “Անի” թաղամասում՝ 19 000 քմ կառուցապատման մակերեսով:
Թաղամասերը շահագործման կհանձնվեն համապատասխան ենթակառուցվածքներով՝ ջրամատակարարման-ջրահեռացման, գազիֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով, ճանապարհներով: Իսկ բնակարանները շահագործման պատրաստ կլինեն ներքին հարդարմամբ եւ սանիտարական տեխնիկայով:
Շրջայցի ընթացքում նախագահին ներկայացվել է նաեւ Գյումրու “Մուշ-2” թաղամասում 1080 աշակերտական տեղով դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը: Այստեղ նախատեսված է կառուցել չորս մասնաշենքից բաղկացած 2-ից 3 հարկանի դպրոց: Կառույցի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված 2012 թ. օգոստոսին:
Հանրապետության ղեկավարն այցելել է նաեւ Գյումրու բժշկական կենտրոն, շրջայց կատարել կառուցվող հիվանդանոցում:
Առողջապահական այս հաստատությունը կառուցվում է՝ նկատի առնելով Գյումրու բժշկական ծառայությունների հետագա օպտիմալացման բնակչությանն առավել մատչելի, արդյունավետ, բարձրորակ եւ ժամանակակից համալիր բժշկական ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2006թ. որոշմամբ նախատեսվել էր միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների ծառայությունները` Գյումրի քաղաքում ստեղծելով մեծահասակների մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց:
Բժշկական կենտրոնի շինարարությունը մեկնարկել է 2010թ. սեպտեմբերին եւ նախատեսվում է ավարտել 2012թ. մայիսի վերջին: Նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Այն շահագործման հանձնելուց հետո Գյումրի քաղաքում կգործի արդի բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` լայն ախտորոշիչ հնարավորություններով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի եւ ինտենսիվ բուժման բաժանմունքներով, մեկ, երկու եւ երեք տեղանոց հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաեւ մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:
Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում Նախագահն այցելել է նաեւ հարեւանությամբ գտնվող Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, շրջել բուժհաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու առկա խնդիրներին:
Նկատի առնելով, որ այսօր առողջապահության բնագավառի աշխատակցուհիների համար կրկնակի տոն է, քանի որ Ապրիլի 7-ը՝ Մայրության եւ գեղեցկության տոնը համընկնում է Առողջապահության համաշխարհային օրվա հետ, նախագահ Սերժ Սարգսյանը Ավստրիական մանկակական հիվանդանոցի բուժանձնակազմի եւ հիվանդանոցում բուժվող երեխաներին խնամող մայրերի հետ հանդիպման ժամանակ ջերմորեն շնորհավորել է նրանց տոնի կապակցությամբ եւ ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց ու մայրերին, մաղթել՝ առողջություն, անձնական երջանկություն եւ անսահման սեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծ գյումրեցի Հովհաննես Շիրազը իր “Հուշարձան մայրիկիս” գրքով անմահացրել է սերը ծնողի նկատմամբ, եւ նրա օրինակով յուրաքանչյուրը պետք է արժանի լինի իր ծնողներին, կանանց ու քույրերին, ցանկացած մեծ գործ կատարելիս անպայման հաշվի առնի, թե արվածի մասին ինչ կարծիք կարող են նրանք կազմել:
“Մայրության եւ գեղեցկության տոնն անչափ լուսավոր, գեղեցիկ ու հիանալի, բոլորիս համար հոգեհարազատ տոն է, քանի որ միավորում է մայրությունն ու գեղեցկությունը: Այս տոնը նաեւ ցույց է տալիս, որ մեր պատկերացմամբ մայրությունը՝ հենց իսկական գեղեցկությունն է: Շնորհավորում եմ մեր բոլոր մայրերին, քույրերին եւ դուստրերին տոնի առթիվ”,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը բարձր է գնահատել Ավստրիական մանկակական հիվանդանոցի բուժանձնակազմի աշխատանքը, ովքեր տարեկան 16000 երեխայի օգնում են վերականգնել առողջությունը: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ շրջայցի ժամանակ բարձրացված խնդիրները հնարավորին կարճ ժամկետում կլուծվեն, որպեսզի հիվանդանոցն ամբողջությամբ լինի բարեկարգ, ունենա բարձրակարգ մասնագետներ եւ հագեցած լինի ժամանակակից սարքավորումներով:
Գյումրու Ավստրիական մանկակական հիվանդանոցը Շիրակի մարզի միակ բազմապրոֆիլ առողջապահական հաստատությունն է, որը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Ավստրիայի կառավարության առաջարկությամբ եւ իրականացնում է երեխաների եւ դեռահասների ստացիոնար, ինչպես նաեւ ամբուլատոր բուժում բոլոր պրոֆիլներով:
2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզում առողջապահական համակարգի օպտիմիզացիայի ծրագրի շրջանակներում նախատեսվում է “Ավստրիական մանկական հիվանդանոցը” վերակազմավորել “Ավստրիական մոր եւ մանկան կենտրոն”-ի, որը ենթադրում է հիվանդանոցում ծավալել նաեւ ծննդօգնություն եւ գինեկոլոգիական ծառայություններ:
Աշխատանքային այցի ավարտին Շիրակի մարզպետարանում Նախագահ Սերժ Սարգսյանն այցի արդյունքներով անցկացրել է խորհրդակցություն եւ համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Նախագահը հանձնարարել է կառավարությանը եւ “Գլենդել Հիլզ” ընկերությանը` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի եւ ֆինանսների նախարարի զեկույցների հիման վրա բնակարանաշինության արդեն հաստատված ծավալներից բացի, սկսել նոր բնակարանների եւ բնակելի տների կառուցում գյուղական 15 նոր համայնքում եւ Գյումրիում, Ախուրյանում, Սպիտակում ու Վանաձորում:
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ բնակարանների ապագա սեփականատերերը վիճակահանությունից հետո կառուցապատողների հետ միասին պետք է մասնակցեն իրենց բնակարանների ներքին հարդարման տարրերին վերաբերող խնդիրների լուծմանը: Սերժ Սարգսյանը հանձնարարել է նաեւ Գյումրու վերոնշյալ թաղամասերն ամբողջովին բարեկարգված, կանաչապատված, արտաքին հարդարմամբ եւ անհրաժեշտ բոլոր կոմունիկացիաներով, դպրոցի հետ միասին շահագործման հանձնել ս.թ. օգոստոսին: Նախագահի մեկ այլ հանձնարարությամբ, կառավարությունը կքննարկի “Մուշ-2” թաղամասը Բուլվարային թաղամասին միացնող ճանապարհի կառուցման խնդիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ