18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ համամասնական ցուցակում 6 եզդի կա. Ազգ

Ըստ “Ազգ” օրաթերթի, թեպետ Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ապրում են 50 ազգության ներկայացուցիչներ, սակայն մեր երկիրը համարվում է մոնոազգային, քանի որ հայերը կազմում են բնակչության 97 տոկոսը:

Եթե 1988թ. Հայաստանում ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների թիվը կազմում էր ազգաբնակչության 6,7 տոկոսը, ապա այսօր այդ թիվը նվազել է եւ կազմում է 2,3 տոկոս: Հայաստանում ամենամեծ համայնքը եզդիականն է, այնուհետեւ ռուսներն են, ասորիները, քրդերը, հույները, ուկրաինացիները եւ այլք: Թեպետ Հայաստանը համարվում է ժողովրդավար հանրապետություն եւ այստեղ ազգային փոքրամասնություններ եւ այլ դավանանք ունեցողները ոչ միայն չեն հալածվում, այլեւ օգտվում են բոլոր իրավունքներից, այնուամենայնիվ քաղաքական կյանքում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ գրեթե չկան, ի տարբերություն այլ երկրներում հայ համայնքի ներկայացուցիչների, ովքեր իրենց տեղն ունեն ոչ միայն խորհրդարանում, այլեւ կառավարությունում:

Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ուսումնասիրելով կուսակցությունների նախընտրական ցուցակները թերթը պարզել է, որ 1038 պատգամավորից ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է ընդամենը յոթը: “Հայ հեղափոխական դաշնակցություն”, “Օրինաց երկիր”, “Միավորված հայեր”, Կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչները թերթի հետ զրույցում ասացին, որ նախընտրական ցուցակում չկան ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, սակայն դա չի խանգարում, որ իրենց կուսակցությունները որոշումներ կայացնեն կամ իրենց խոսքն ուղղեն նաեւ էթնիկ խմբավորումներին: “Ցուցակում գուցե կան ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, ես չեմ կարող ասել, որովհետեւ մինչ նախընտրական ցուցակում ընդգրկելը մենք նրանց անձնագրում չենք ստուգում նրանց ազգային պատկանելությունը:

Դա այդքան էլ գեղեցիկ բան չէ, գուցե եւ կան, բայց մենք նրանց ընդգրկում ենք մեր շարքերում առավելապես գաղափարների եւ աշխատանքի համար”,-ասել է “Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Եվրոպական չափանիշներով ժողովրդավարության ձգտող, ԵԺԿ դիտորդ անդամ Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար եւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրենք “մարդկանց չեն տեսակավարում”: “Մեզ համար հանրապետականը հանրապետական է, անկախ նրա ազգային պատկանելությունից: Մենք ունենք համակիրներ եզդիական, հունական, ասորական համայնքներում: Գուցե կան այդ համայնքի ներկայացուցիչներ նախընտրական ցուցակում, բայց մենք նման տեսակավորում չենք կատարում, կրկնում եմՙ մեզ համար հանրապետականը հանրապետական է”,- ասաց Շարմազանովը:

Թերթը հիշեցնում է, որ վերջինս ազգությամբ հույն է: “Ես հարյուրտոկոսանոց հայ եմ եւ հարյուրտոկոսանոց հույն: Իմ մեջ կան ե՛ւ մեծն Արիստոտելը, ե՛ւ մեծն Նժդեհը, եւ ես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եմ: Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է”,-ասել է Շարմազանովը :
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ “Ազգ”-ին ասել է, թե ազգային փոքրամասնությունների հարցը բարձրացնելիս փորձում են բացասական որեւէ կետ գտնել իրենց ցուցակում: “Այդ լույսի ներքո մենք մեր ցուցակը չենք վերլուծել”,- ասաց Զուրաբյանը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունում կա մեկ կին ազգային փոքրամասնության ներկայացուցիչ` Իրինա Վարդանյանը, որը Ասորական ֆեդերացիայի նախագահն է: ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը թերթին ասել է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցչի ընդգրկելով իրենց ցուցակում նպատակ չեն ունեցել այդկերպ ասորական համայնքի սերն ու համակրանքը վայելել: “Ասորական համայնքը մեծաթիվ չէ, որ մենք նման շահագրգռվածություն ունենայինք: Ասորիները հին մշակույթ, պատմություն ունեցող ազգ են, եւ նրանց պատմությունը շատ նման է հայ ժողովրդի պատմությանը: Բացի դրանից խորհրդարանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչը լավագույնս կներկայացնի ոչ միայն իր, այլեւ երկրում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների շահերն ու խնդիրները”,-ասել է Սարգսյանը:

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախընտրական ցուցակում եզդիական համայնքի վեց ներկայացուցիչ կա: ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ` եզդի ժողովուրդը համարվում է հայերին բարեկամ: “Նրանք ապրում են Հայաստանում բավականին երկար ժամանակ եւ իրավունք ունեն խորհրդարանում ընդգրկվելու եւ իրենց շահերը պաշտպանելու նաեւ քաղաքական այդ ամբիոնում: Հենց դա է պատճառը, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն իր ցուցակում ընդգրկել է եզդի համայնքի աշխույժ, խելացի եւ քաղաքականապես ակտիվ ներկայացուցիչների”,- ասաց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ