20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արմեն Տեր-Սահակյանը լռել է. դատախազների հետ հանդիպումը կայացել է

Ինչպես արդեն տեղեկացրել է “Առավոտ” օրաթերթը, “Նուբարաշեն” ՔԿՀ կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը, որը դատապարտվել է տարբեր հանցանքների, այդ թվում նաև` զինված խմբի (բանդայի) միջոցով ահաբեկչություններ կատարելու համար, տասն օր առաջ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որպեսզի վերջինս ընդունելություն կազմակերպի:

Ա. Տեր-Սահակյանը, որը ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մերձավորագույն շրջանակներից էր, նրա առավել վստահելի անձանցից մեկը, գլխավոր դատախազին իր գործը վերանայելու համար մինչև ապրիլի 16-ը ժամանակ է տվել:

“Ես քննություն եմ պահանջում, քանի որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ,- ասել է նա:- Ես ուզում եմ, որ իմ գործն ուղարկվի քննչական խումբ: Մինչ օրս դատախազին ուղարկած դիմումիցս տեղեկություն չկա: Սպասում եմ նրա արձագանքին: Նրանք չեն կարող չգալ: Շատ լուրջ հանգամանքներ են”:

Ա. Տեր-Սահակյանը նաև հավելել է. “Ես ունեմ բացառիկ ձայնագրություններ: Վաղուց արված: Չեմ բացառում` ուղարկվեն դեսպանատներ, ընդդիմությանը, ինտերնետ”:

Կարծում ենք, արդեն ենթադրելի է, թե բանդայի երբեմնի առաջնորդն ինչի վրա է հույսը դրել` հանրապետության գլխավոր դատախազին վերջնաժամկետ տալով: Արմեն Տեր-Սահակյանի հիշյալ հայտարարության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաբերմունքին, դիրքորոշմանը ծանոթանալու նպատակով, դիմեցինք պետական այդ մարմնին:

“ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունների դատախազներն արդեն այցելել են “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ, ընդունել դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին,- տեղեկացրին մեզ ՀՀ գլխավոր դատախազությունից:

-Կապված նրա հայտարարության բովանդակությունից, կարող էր քննարկվել նաև գործի քննություն սկսելու հարցը:

– Քանի որ այդ գործով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, դրա առկայության պայմաններում նոր քննություն սկսելու համար անհրաժեշտ էր, որ Արմեն Տեր-Սահակյանը ներկայացներ նոր երևան եկած հանգամանքներ:

Սակայն նա ոչ որևէ ձայնագրություն, ոչ էլ, ընդհանրապես, նոր  հանգամանքներ չի ներկայացրել, հետևաբար գործի նոր քննություն կամ վերաքննություն չի կարող լինել, ինչը բացատրվել է Արմեն Տեր-Սահակյանին”:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ