18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստելու մասին ճշմարտությունը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ‘Մյունհաուզենյան արկածախնդրություն’ է համարել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նախընտրական գործունեությունը: Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահը այդ կապակցությամբ մասնավորապես ասաց.

‘Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դրսևորում է իրեն որպես նախընտրական քարոզարշավի աղմկահարույց մասնակից՝ մեծ ծավալով կիրառելով ապատեղեկատվության տեխնոլոգիան։ Անգամ սեփական մեմուարների հրապարակումը ներկայացնում է ոչ այնքան ‘սեփական հաջողությունները’  ներկայացնող գովասանք, որքան իր հետ կապ չունեցող դրական գործընթացները յուրացնելու, իրար հետ կապ չունեցող տարբեր երևույթների ներկայացմամբ ներկայիս իրավիճակը սևացնելու ‘Մյունհաուզենյան’ արկածախնդրություն։

Կարծես՝ նախկին նախարարը փորձում է հաստատել այն վարկածը, որ որքան անհավանական է սուտը, այնքան մեծ է հավանականությունը, որ մարդիկ դրան կհավատան, և որ անհրաժեշտ է այդ սուտը կրկնել պարբերաբար։ Ի դեպ, 1930-ականներին այդ տեխնոլոգիան կիրառում էին նացիոնալ սոցիալիստները Գերմանիայում:

Այնուամենայնիվ, եթե սկզբնական շրջանում իրեն բնորոշ հակասականությամբ նախկին արտգործնախարարն աշխատում էր խոսել միայն հետճգնաժամային տնտեսական իրավիճակից, որն օբյեկտիվորեն թիրախային էր, ապա հիմա փորձում է քննադատել նաև իր ‘խորթ զավակին’՝ արտաքին քաղաքականությանը։ Ինչո՞ւ խորթ, որովհետեւ 10 տարիների ղեկավարման շրջանում նրա ղեկավարած ոլորտը տառապեց  ինֆանտիլ կոմպլեմենտարիզմի ախտով:

Ինչո՞ւ ախտ, քանի որ, ինչպես հենց ինքը Օսկանյանն է բնութագրել Բուդապեշտում տված իր դասախոսություններից մեկում, դա մի գիծ է, որի դեպքում ‘Հայաստանը մերժում է ընտրություն կատարել գլոբալ և լոկալ գործընկերների միջև, այլ փոխարենը այդ բոլոր գլոբալ և լոկալ ուժերի շահերի հաշվի առնողն է’։ Կարո՞ղ է արդյոք անվտանգության խնդիր ունեցող պետությունը հրաժարվել ռազմավարական գործընկեր ունենալուց կամ որևէ ռազմաքաղաքական վեկտորի չհարելուց:

Չի կարելի գործել՝ հաշվի առնելով բացի սեփականից մնացած բոլոր ‘խաղացողների’ շահերը, սոսկ ընդունել մարտահրավերները քո սեփական դաշտում և հակազդել դրանց: Պիտակավորելով արտաքին քաղաքականությունը՝ ո՛չ նրան գաղափարական հենք ես տալիս և ո՛չ էլ հաջողությունն ես երաշխավորում:

Ի դեպ, փորձագետերի մեծ մասն այսօր քաղաքականության տարբեր ուղղություններին անդրադառնալիս՝ հաջողված է համարում Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը:

Երբեմն ավելի շահեկան է լռել, քան խոսել: Սակայն լռելու միջոցով սեփական անհաջողությունները կոծկելու փոխարեն Օսկանյանն առանձին ‘չափաբաժիններով’ պարբերաբար սևացնում է իրեն հաջորդած արտաքին քաղաքական կուրսը։

Վերջին օրինակը նրա հարցազրույցն է Կենտրոն հեռուստատեսության Ուրվագիծ հաղորդաշարում։ Գնահատելով հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, նախկին նախարարը փորձում է հեգնել դրանց տրված ամենաբարձր գնահատականը՝ անտեսելով այն, որ, ի տարբերություն իր ‘գագաթնակետ-ցածրակետ’ նախընտրական աճպարարության, նման բարձր որակում հարաբերություններին տրվել է հենց պետքարտուղար Քլինթոնի կողմից Վաշինգտոնում ՀՀ ԱԳ Նախարարի հետ անցյալ տարի ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ:

Ի գիտություն Օսկանյանի` ԱՄՆ պետքարտուղարը, Երեւանում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, մեջբերել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. “Գնդակը գտնվում է հակառակորդի դաշտում”:

Հարցազրույցում Օսկանյանը փորձում է անուղղակիորեն արդարանալ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներից առ այն, որ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահի՝ պետական /եթե, իհարկե, տեղյակ է, գիտակցել է, որ պետական այցն է հարաբերությունների ամենաբարձր մակարդակի չափորոշիչը/, իսկ ԱՄՆ պետքարտուղարի՝ որևէ այցի, Հայաստանը այդպես էլ չարժանացավ։ Այդ իսկ պատճառով Օսկանյանը խանդով արձագանքեց, որ, ‘ցավոք’, միայն այցերով է գնահատվում արտաքին քաղաքականության հաջողությունը, ընդամենը մեկ րոպե անց հայ-ամերիկյան հարաբերությունները բնութագրելով նրանով, որ ներկայիս նախագահը չի հյուրընկալվել Սպիտակ տանը. պետք չէր ‘մոռանալ’ ընդգծել, որ նախկին նախագահի հյուրընկալությունը Սպիտակ տանն ընդամենը Քի Վեստի կոնտեքստում էր, իսկ Սերժ Սարգսյանի և Օբամայի միջև կայացել է երկկողմ հանդիպում Վաշինգտոնում Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում, որտեղ ի գիտություն նախկին նախարարի` 50 երկրի առաջնորդներից միայն ութն են հանդիպումներ ունեցել Օբամայի հետ։

Բնական է, որ ընդամենը պետքարտուղարի տեղակալի մեկ այց ընդունած նախարարը պետք է խանդով վերաբերվեր Հիլարի Քլինթոնի այցին՝ զրպարտելով պրո-թուրքական լինելու մեջ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Մեծ Եղեռնի հուշահամալիր այցելած և ծաղկեպսակ դրած ԱՄՆ թիվ 2 բարձրաստիճան պաշտոնյային։

Այն, որ Սիրիայի և Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները ստիպում են ԱՄՆ-ին որոշակի ռեվերանսներ անել Թուրքիայի նկատմամբ, ոչ մի կերպ չի բնորոշում պետքարտուղարի՝ պրո-թուրքական էությունը։

Ինչ վերաբերում է այցերով արտաքին քաղաքականությունը գնահատելուն, ապա նախկին արտգործնախարարին գոնե պետք է հայտնի լինի, որ որևէ այցն ինքնանպատակ չի լինում, եթե իհարկե ‘զբոսաշրջային’ այցերի սեփական հարուստ փորձը այլ բան չի հուշում։

Պարզունակ մանիպուլիացիայի է դիմում Օսկանյանը նաև այն դեպքում, երբ բնորոշում է հայ-ամերիկյան ներկայիս հարաբերությունները որպես անբավարար՝ հղում անելով ԱՄՆ կողմից Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք ֆինանսական օգնության նվազեցմանը: Նախ և առաջ նշենք, որ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնությունը վերջին տասը տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվել՝ մնալով տարեկան 2 միլիոնի սահմանագծին։

Հանուն արդարության պետք է ասել, որ Հայաստանին տրամադրվող օգնությունը 2009-ից հետո նվազել է, այնպես ինչպես մնացած բոլոր երկրներին տրամադրվող օգնությունը, բացառությամբ Վրաստանի, որն ուղղակիորեն կապված էր վրաց-օսական պատերազմի հետ։

Եվ այս նվազումը ուղղակիորեն կապված էր ֆինանսա-տնտեսական գլոբալ ճգնաժամի հետ, որը համեմատելի է 1929-1933 թթ. ճգնաժամի հետ: Նախընտրելի կլիներ, եթե նախկին արտգործնախարարը փոխարենը մեկնաբաներ, թե ինչու իր պաշտոնավարման սկզբում Հայաստանին տրվող 89 միլիոն դոլար աջակցությունը, անընդհատ նվազելով՝ պաշտոնավարման ավարտին հասավ 57 միլիոնի, այսինքն ամբողջ 36%-ով։

Ինչ վերաբերում է վերջին չորս տարիներին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ պայմանագրերի բացակայությանը, ապա արտգործնախարարի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձը պետք է գոնե նկատած լիներ, որ վերջին չորս տարում երկու երկրների միջև կնքվել է 4 պայմանագիր, իր պաշտոնավարման տասը տարիներին կնքված 3-ի դիմաց։

Ռուսաստանի հետ հարաբերությունները բնորոշելու համար Օսկանյանը Ուրվագծի հաղորդավարին է խնդրում դրանց զարգացումը վկայող օրինակներ բերել, մինչդեռ նա չի ցանկանում ընդունել  ԼՂ բանակցություններում Ռուսաստանի դերակատարության ակտիվացումը, ՀԱՊԿ և երկկողմ շրջանակներում ծավալված ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնումը, ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրում կատարված փոփոխությունները, ռազմաարդյունաբերական համալիրի հիմնումը, ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման շուրջ պայմանավորվածությունը, 1 մլրդի սահմանն անցած առևտրաշրջանառության և այլ ձեռքբերումները:

Միայն 5-րդ արձանագրությամբ կատարված փոփոխությունը, համաձայն որի` ռուսական ռազմաբազան հանդիսանում է նաև Հայաստանի անվտանգության երաշխավորը, բավական է հարաբերություններում տեղի ունեցած զարգացումը արձանագրելու համար։

Իրանի հետ տնտեսական ծրագրերի իր գնահատականի մեջ նակին նախարարը կրկին վերադառնում է նշաձողերի կամայական սահմանման իր բարի ավանդույթին՝ Իրանի շուրջ լարվածության գագաթնակետ համարելով մինչ 2007թ-ը, զարմանք առաջացնելով ոչ միայն մեր, այլև Արևմուտքի ու Իրանի մոտ, որոնք կարծում էին, թե Իրանի շուրջ ճգնաժամն իր գագաթնակետին է հասել հենց հիմա, երբ տնտեսական էմբարգոն Իրանի շուրջ տարածվել է անգամ նավթի համաշխարհային արտահանման վրա։

Ինչ վերաբերում է 2007-ից թողած ԼՂ ինքնորոշման իրավունքի օսկանյանական ժառանգությանը, ապա ոչ մեկ անգամ մատնանշվել է, որ 2007թ-ին Մադրիդյան սկզբունքները սոսկ առաջարկ էին՝ դեռևս չընդունված ոչ Հայաստանի և ոչ Ադրբեջանի կողմից, իսկ ինքնորոշման իրավունքը՝ հեղհեղուկ ձևակերպում առանց լրացուցիչ հստակեցումների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությա՞ն շրջանակներում, թե՞ ոչ։

Իսկ թե ինչ է ավելացվել Օսկանյանի ժառանգությանը, ասեմ. 2009 թվականն էր, երբ ԵԱՀԿ արտգործնախարարների հայտարարությամբ Ադրբեջանն ընդունեց ինքնորոշման իրավունքը որպես հիմնարար սկզբունք։ 2010 թվականի Աստանայի գագաթաժողովում էր, որ վերահաստատեց այդ սկզբունքի հիմնարարությունը բանակցություններում, կանխվեցին ադրբեջանական տարմեկնությունները սկզբունքների միջև հիերարխիայի վերաբերյալ և միջազգայնորեն, այդ թվում՝ Ադրբեջանի ստորագրությամբ, ամրագրվեց ինքնորոշման իրավունքի՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ հավասարությունը։ Կամ քանի՞ օրինակ կարող է իր գործունեության տարիներից բերել, որոնք թեկուզ հեռավոր նմանություն ունեն Մեծ Ութնյակի գագաթաժողովների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ եռանախագահող երկրների նախագահների հայտարարություններին:

Եվ…այսպես շարունակ։

Ինչպես միջազգային հարաբերությունների համբավավոր տեսաբան Ջոն Միրշայմերն է գրում իր “Why Leaders Lie: The Truth About Lying in International Politics” /“Ինչո՞ւ են ստում առաջնորդները. միջազգային քաղաքականության մեջ ստելու մասին ճշմարտությունը/” աշխատության մեջ. ‘Գրեթե ամեն ոք կամաչի ստախոս անվանակոչվելուց, եթե անգամ պատահականորեն ստում է ինքն իրեն’։ Ըստ նույն Միրշայմերի. ‘Չկա առավել կարևոր բաժանում, քան տարբերակումն այլ պետությանը և սեփական ժողովրդին ստելու միջև’։ Թե երկուսից որն է նախորդել մյուսին նախկին արտգործնախարարի մոտ, թողնում ենք ձեր դատողությանը’։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ