19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիկահայությունը հատուկ ընդունելություն է պատրաստում Նյու Յորքում նախագահ Ալիեւի համար

Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը պետք է խրախուսի աշխարհում խաղաղություն եւ անվտանգություն, արտոնի Ադրբեջանի ռազմամոլ նախագահին նախագահել այդ վսեմաշուք մարմինը: Դժբախտաբար, նման անարգանք հնարավոր է պարզապես որովհետեւ Ադրբեջանի հերթն է մայիս ամսին ստանձնելու Անվտանգության խորհրդի նախագահությունը:

Հաշվի առնելով Իլհամ Ալիեւի հարատեւ հակահայկական հռետորությունը` ոչ ոք թող չզարմանա, երբ նա ՄԱԿ-ի հարթակը վերածի մի նոր  ռազմադաշտի: Բարեբախտաբար, նրա զինուժը չունի ոչ վերապատրաստում եւ ոչ էլ ձգտում է օգտագործել իր խիստ արդիական զենքերը` ներառյալ Իսրայելից վերջերս գնված 1.6 միլիարդ դոլար արժողությամբ զինամթերքը: Հաշվի առնելով Ադրբեջանի` Արցախի դեմ պատերազմելու անկարողությունը եւ վախենալով, որ նման բախման հետեւանքով կարող է կորցնել հավելյալ տարածքներ եւ վտանգի ենթարկել իր նավթի արդյունաբերությունն ու նավթատար խողովակները` Ալիեւը փորձում է շեղել իր խեղճ ու կրակ ժողովրդի ուշադրությունը սպառնալիքներ հնչեցնելով եւ հայերի հետ բանավիճելով:

Խնդիրն այն է, որ միայն ադրբեջանցիները չեն, որ լսում են Ալիեւի թշնամական հայտարարությունները: Ադրբեջանի սահմանակից երկրները` Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, հատուկ ուշադրություն կդարձնեն ՄԱԿ-ում սուր ճոճելու նրա սպառնալիքներին: Հարեւան երկրներին անհանգստացնում է, որ Ադրբեջանը հանդիսանում է իրենց տարածաշրջանում որպես Իսրայելի փոխանորդ: Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա՝ օգտագործելով Ադրբեջանի օդային բազաները, Իրանը կարող է հակահարված հասցնել` գրավելով Ադրբեջանը, քանի որ Իրանի հյուսիսում ավելի շատ ադրբեջանցիներ կան, քան Ադրբեջանի ամբողջ տարածքում:

ՄԱԿ-ում հավանաբար Ալիեւը կմեջբերի այն թշնամական խոսքերը, որոնք ինքն օգտագործել է վերջերս Բաքվում: Նա հայերին անվանեց “ֆաշիստ”` բնութագրելով նրանց որպես Ադրբեջանի գլխավոր ոսոխ եւ մեղադրելով “հայկական լոբբիին” որպես իր “թիվ մեկ թշնամին”: Օգտագործելով անտիսեմիտներից փոխառված լեզուն եւ փոխարինելով “հրեաներ” բառերը “հայերով”` Ալիեւը անում է հետեւյալ ռասիստական մեղադրանքը. “Նրանց ազդեցության շրջանակը բավականին լայն է: Նրանք [հայերը] ներկայացված են տարբեր երկրների առաջատար տպագիր մամուլում: Երբեմն նրանք հանդես են գալիս տարբեր անուններով եւ թաքցնում են իրենց էթնիկ  ծագումը”: Ալիեւի ատելությամբ լի շարունակական ելույթները լավագույն ապացույցն են այն բանի, թե ինչու Արցախի հայերը երբեք այլեւս չեն կարող ապրել նրա բռնապետական ռեժիմի ներքո:

Ալիեւը նաեւ հայերին քննադատեց քանի որ նրանք Ադրբեջանին անվանել են “հետամնաց եւ ոչ ժողովրդավար”, ինչը ճշգրտորեն նկարագրում է իր երկրի մարդու իրավունքների ցավալի իրավիճակը: “Միջազգային համաներում” կազմակերպությունը, Մարդու իրավունքների դիտորդը, Եվրոպական պառլամենտը եւ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը, ինչպես նաեւ արեւմտյան մամուլը շարունակաբար քննադատել են Ադրբեջանին անթիվ լրագրողների, բլոգերների, այլախոհների, ընդդիմության անդամների եւ շարքային քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը անցյալ շաբաթ Ալիեւին տվեց պատշաճ պատասխան, երբ վերջինս պարծեցավ, որ “կգա այն օրը, երբ Ադրբեջանի դրոշը կծածանվի Խանքենդի [Ստեփանակերտ] եւ Շուշայի [Շուշի] վրա”: Շարմազանովը հեգնանքով ասաց, որ Ադրբեջանի դրոշը կարող է ծածանվել Արցախում Ադրբեջանի դեսպանատան վրա, միայն այն բանից հետո, երբ Բաքուն ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի նրա հետ:

Ալիեւի թշնամական խոսքերին հակահարված տալու նպատակով ամերիկահայերը մարդու իրավունքների ջատագովների եւ ադրբեջանցի այլախոհների հետ վստահաբար իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն մայիսի սկզբին ՄԱԿ-ի կենտրոնի առջեւ, հենց որ Ադրբեջանի նախահագը սկսի դուրս տալ իր հակահայկական թույնը:

Դժբախտաբար Ալիեւը մտադիր չէ գալ Ամերիկայի արեւմտյան ափ, որտեղ անկասկած հայաշատ համայնքը կդիմավորի նրա հայատյաց խոսքերը եւ գործողությունները զանգվածային բողոքներով: Այնուամենայնիվ, Կալիֆորնիայի հայկական համայնքը կարող է օգտվել Ալիեւի ԱՄՆ այցից` խնդրելով, որ Նահանգի օրենսդիր մարմինն ընդունի թիվ 96 բանաձեւը, որն հիշատակում է Ադրբեջանի քաղաքներում` Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերը:

Ոտնահարելով ԱՄՆ օրենքները եւ ընդունված դիվանագիտական արարողակարգը` Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանը երկար մի նամակ ուղարկեց Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի բոլոր անդամներին` կոչ անելով չսատարել այդ բանաձեւի ընդունումը: Ադրբեջանի ժամանակավոր գլխավոր հյուպատոս Ռամիլ Գուրբանովի կողմից ստորագրված այս նամակը ակնհայտորեն մշակված էր իր լոբբիստական ընկերություններից մեկի կողմից: Այս էժանագին քարոզչական գրությունը պարունակում է բազմաթիվ ծիծաղելի հայտարարություններ, սակայն դա “վարձու գրչակների” մտահոգությունը չէ, ովքեր ամենինչ կանեն որպեսզի իրենց վճարող արդբեջանցիներին երջանիկ պահեն, քանի դեռ շռայլորեն հատուցվում են իրենց կեղտոտ աշխատանքի համար:

Արեւմտյան ափի ամերիկահայերը պետք է դիմեն Նահանգի օրենսդիր մարմնի անդամներին, մասնավորապես թիվ 96 բանաձեւի համահեղինակներին`պատգամավոր Ֆելիպե Ֆուենտեսին, Կաչո Աչաջյանին եւ Մայք Գատոյին, եւ պահանջեն այս բանաձեւը նորից առաջ քաշել մինչ նախագահ Ալիեւը գտնվում է ԱՄՆ-ի հողատարածքի վրա: Մինչդեռ, արեւելյան ափի ամերիկահայերը պետք է մայիսի սկզբներին ՄԱԿ-ի կենտրոնի առջեւ խուռներամ հավաքվեն` բողոքարկելու համար նախագահ Ալիեւի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր “նախագահի” ռասիստական խոսքերը:

Ավելին, հայկական համայնքը պետք է բողոքի դաշնային եւ նահանգային իշխանություններին ԱՄՆ-ի ներքին գործերում Ադրբեջանի հյուպատոսի կողմից ապօրինի միջամտության համար եւ պահանջի Ռամիլ Գուրբանովի վտարումը Միացյալ Նահանգներից որպես “ոչ ցանկալի անձ”:

 

Հարութ Սասունյան`

“Կալիֆորնիա Կուրեր” թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գեւորգյան

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ