18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահմադինեժադը ջերմ ողջույններ է փոխանցել ՀՀ նախագահին եւ Հայաստանի ժողովրդին

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Նախարար Նալբանդյանը Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախագահ Ահմադինեժադը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի ժողովրդին:

Իրանի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ զարգացող համագործակցության առումով, քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի եւ նավթամթերքների պահեստարանի, Իրան-Հայաստան երկաթգծի  կառուցման նախագծերին: Իրանի նախագահն ընդգծեց վերոհիշյալ նախագծերի իրականացման կարեւորությունը:

Թեհրանում կայացան նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շատ ջերմ հիշողություններ է պահպանում Երեւան կատարած այցից եւ ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում եւ քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ վերջին չորս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է այցելում Թեհրան, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երեւանում, Թեհրանում եւ այլ տարբեր միջազգային հարթակներում կայացել է շուրջ երկու տասնյակ հանդիպում Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների միջեւ: Երկուստեք նշվեց, որ այդ հանդիպումները հնարավորություն են տալիս հետեւելու բարձր ղեկավարության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել ս.թ. ամռանը Երեւանում: Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջեւ համագործակցությանը` տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային, բնապահպանության, կրթական,  առողջապահության, գյուղատնտեսության, մշակութային բնագավառներում, մտքեր փոխանակվեցին իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:

Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա դարձան  միջազգային օրակարգի հարցեր: Նախարար Սալեհին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ այդ կապակցությամբ վերջին հանդիպմանը դրական միտում է արձանագրվել եւ հույս հայտնեց, որ այն ոչ միայն կպահպանվի, այլ նաեւ կամրապնդվի մայիսին Բաղդադում նախատեսված հանդիպմանը:

Հայաստանի արտգործնախարարը իրանցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը` ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարեւորությունը: Զրուցակիցները պայմանավորվեցին հաջորդ հանդիպումը անցկացնել Երեւանում: Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս: Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի նախարար Ալի Աքբար Սալեհին պաշտոնական ճաշ տվեց ԱԳՆ-ում:

Թեհրանում նախարար Նալբանդյանը հյուրընկալվեց նաեւ Իրանի խորհրդարանում, ուր հանդիպում ունեցավ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ եւ ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրներին:

Նախարար Նալբանդյանի թեհրանյան օրակարգում ներառված էր նաեւ հանդիպում ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիի հետ: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին, Հայաստանի եւ Իրանի ազգային անվտանգության խորհուրդների միջեւ փոխգործակցությանը: ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասն ներկայացրեց միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները եւ բանակցություններից իրանական կողմի ակնկալիքները: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային  խնդիրների շուրջ:

Սաիդ Ջալիլիի խնդրանքով  Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի եւ համայնքային կառույցների ղեկավարների հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ