29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ի հաղթանակը համայն հայության հաղթանակն է. Լեւոն Տեր-Պետրոսյան

image_7720

Ներկայացնում ենք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ`  մայիսի 3-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ավարտին մոտեցող ընտրարշավի վերաբերյալ հարկ եմ համարում ձեզ ներկայացնել իմ նախնական նկատառումները.

  1. Հայաստանի բոլոր մարզերում անցկացված զանգվածային միջոցառումների, հանրահավաքների ու հանդիպումների շնորհիվ Հայ Ազգային Կոնգրեսին եւ որոշ այլ քաղաքական ուժերի հաջողվեց ժողովրդին հանել թմբիրից եւ զգալիորեն հաղթահարել երկրում տիրող վախի մթնոլորտը, ինչին մեծապես նպաստեց նաեւ ընդդիմության կողմից հեռուստատեսությամբ ակտիվ քարոզչություն վարելու ընձեռված կարճատեւ հնարավորությունը։
  2. Մարզային այցելությունների եւ տասնյակ հազարավոր մարդկանց հետ շփումների ընթացքում մենք չտեսանք որեւէ դեպք, երբ հանցավոր ռեժիմին հասցեագրված մեր անխնա քննադատությունն ու հիմնավոր մերկացումները դրական արձագանք չգտնեին ունկնդիրների հոգում, կամ էլ ինչ-որ մեկի կողմից փորձ արվեր հակադարձելու դրանց։
  3. Ընտրարշավի օրերին մենք վերջնականորեն համոզվեցինք, որ իշխող վարչախումբը՝ ի դեմս Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների, իսկապես ոչ մի իրական ձայն չունի հասարակության շրջանում, եւ որ քոչարյանա-սերժական ռեժիմը հերթական անգամ հույսը դրել է վարչական, ուժային եւ քրեական ռեսուրսի միջոցով ընտրությունների կեղծման ու իշխանության բռնազավթման վրա։
  4. Ընտրարշավը բացահայտեց եւս մի կարեւոր իրողություն՝ այն է, որ արդար ընտրությունների անցկացմամբ անկեղծորեն շահագրգռված են միայն երեք քաղաքական ուժեր՝ Հայ Ազգային Կոնգրեսը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ինչի արտահայտությունն է այդ ուժերի սերտ համագործակցությունը ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբում, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի չարաբաստիկ դրույթներից մեկի հակասահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան ներկայացրած նրանց համատեղ հայցադիմումը։ Միասնական շտաբի գործունեության եւ նրա նախաձեռնությունների դեմ չարախոսող մնացյալ քաղաքական ուժերը վերջին հաշվով կամա թե ակամա սպասարկում են իշխող ռեժիմի շահերը, կամ էլ անդրկուլիսյան խաղերի ու գործարքների մեջ են այդ ռեժիմի հետ։ Ասվածը հավասարապես վերաբերում է նաեւ նույն կերպ վարվող իբրեւ-թե անկախ որոշ լրատվամիջոցների ու քաղաքագետների։
  5. Ընտրարշավի ամենանշանակալի արդյունքը, սակայն, իմ կարծիքով, նախագահական ընտրությունների համեմատ խորհրդարանական ընտրությունների պակաս կարեւորության կարծրատիպի կոտրումն է։ Ս©թ© մարտի 1-ի հանրահավաքում ունեցած ելույթում այդ առթիվ ես նշել էի հետեւյալ.”ՙՀաստատված փաստ է, որ Հայաստանի պարագայում, որպես կանոն, ժողովրդական զանգվածների գերհամախմբում եւ իրական մրցակցություն տեղի է ունենում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություներում։ Ուստի քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրն է հաղթահարել հոգեբանական այս բարդույթը եւ հասարակությանը համոզիչ կերպով բացատրել խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը՝ դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար”։ Կարծում եմ, իրական փոփոխությունների կողմնակիցների ջանքերի շնորհիվ այս կարեւորագույն գաղափարը կամ ճշմարտությունը վերջապես հասցվել է հասարակության ամենալայն շերտերին, ինչի ակնհայտ վկայությունն է այն հանգամանքը, որ ժողովրդի հետաքրքրությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ համենայն դեպս անհամեմատ ավելի մեծ է, քան նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների

 

Ժամանակն է գիտակցել, որ ընտրությունների ելքը կախված է ողջ հասարակության ակտիվ մասնակցությունից, որովհետեւ ինքնըստինքյան հասկանալի է, որ որքան մեծ լինի քվեարկողների թիվը, այնքան ավելի դժվար կլինի ընտրությունների կեղծումը, մասնավորապես երկրից բացակա քաղաքացիների ձայների հաշվին։ Չի կարելի թույլ տալ, որ երկրի բախտը որոշեն անտարբերներն ու ընտրությունների նկատմամբ հավատը կորցրածները, որովհետեւ միայն պետության առջեւ պատասխանատվություն ունեցող քաղաքացին է ընդունակ կերտել սեփական ճակատագիրը եւ նույնպիսի պատասխանատվություն պահանջել իր իսկ ձեւավորած իշխանությունից։ Իսկ ընտրակաշառքով իրենց ձայները վաճառողները իշխանությունից ոչինչ չեն կարող պահանջել, բացի հերթական ողորմելի ընտրակաշառքից։

Այս հորդորները լսելուց հետո շատերն արդարացիորեն հարցնում են© ՙՇատ լավ, միահամուռ կերպով մասնակցեցինք ընտրություններին ու, ասենք, քվեարկեցինք ընդդիմության օգտին© ի՞նչ երաշխիք կա, սակայն, որ իշխանություններն այս անգամ էլ չեն կեղծի ընտրությունները, եւ դուք նորից չեք կարողանա տեր կանգնել մեր ձայներին՚։ Համաձայնեք, որ սա գրեթե ամենատարածված հարցն է, որ տրվում է ամեն պահի ու ամեն քայլափոխի։ Ամենեւին չեմ կասկածում, անշուշտ, որ վարչախումբը կրկին փորձելու է կեղծել ընտրությունները եւ ամեն գնով պահպանել վաղուց բռնազավթած իր իշխանությունը, մանավանդ նկատի ունենալով, որ ինչպես բազմիցս նշվել է, Սերժ Սարգսյանն ու իշխող կուսակցությունն իրականում բառիս բուն իմաստով ոչ մի ձայն չունեն։ Բայց, բարեբախտաբար, առկա են մի քանի նոր հանգամանքներ, որոնք հույս են ներշնչում, որ նման փորձն այս անգամ կարող է ձախողվել։ Որո՞նք են այդ նոր հանգամանքները.

  • Արաբական երկրներում տեղի ունեցած ու շարունակվող հեղափոխությունների լույսի ներքո միջազգային հանրությունն ստիպված է հիմնավորապես վերանայել տարածաշրջանային կայունության ու անվտանգության նկատառումներով բռնապետական ռեժիմների հանդեպ նախկինում վարած հանդուրժողականության ու փափկանկատության արատավոր քաղաքականությունը, եւ դրա փոխարեն ավելի մեծ ուշադրություն դարձնել ժողովրդավարության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Մասնավորապես Հայաստանի պարագայում միջազգային հանրության վարքագծի փոփոխությունը, բացի նշվածից, մեծապես պայմանավորված է նաեւ 2008 թվականի խայտառակ ընտրությունների կրկնությունը թույլ չտալու անկեղծ ձգտմամբ, ինչպես նաեւ մեր իրականության հանդեպ աշխարհի ուշադրությունը սեւեռելու գործում քառամյա համաժողովրդական պայքարի խաղացած անուրանալի դերով։ Ուզում եմ հույս հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելություններն այս անգամ ավելի օբյեկտիվ ու սկզբունքային գնահատական կտան ընտրություններին, զգուշանալով մանավանդ ապօրինի իշխանություններին օրինակարգող (լեգիտիմացնող) այնպիսի վտանգավոր ձեւակերպումներից, ինչպես, օրինակ, ՙընտրությունները հիմնականում համապատասխանել են եւրոպական չափանիշներին՚ կամ ՙդրանք մի քայլ առաջ էին նախորդ ընտրություններից՚։
  • Ընտրախախտումների կանխման խնդրում ի հայտ եկած մյուս նոր հանգամանքը Հայ Հեղափոխական Դաշնակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ձեւավորված միասնական շտաբն է։ Բոլոր տեղամասերում ներկայացված լինելով զգալի թվով վստահված անձանցով, իսկ երկուսի պարագայում նաեւ ընտրական հանձնաժողովների անդամներով, այդ ուժերի համագործակցության շնորհիվ ստեղծվել է ընտրությունների օրինականության վերահսկման իր նախադեպը չունեցող մի արդյունավետ մեխանիզմ, որն ի վիճակի է էապես փոխելու ընտրությունների որակը։ Թյուրիմացության տեղիք չտալու նպատակով հարկ է նշել, որ ակնկալելով, անշուշտ, իր գործընկերների աջակցությունը ընտրախախտումների արձանագրման եւ կանխման հարցում, նշված ուժերից յուրաքանչյուրը, բնականաբար, առաջին հերթին պայքարելու է իր ստացած քվեները պահելու համար։ Բայց հենց այս շահագրգռությունն է, որ օբյեկտիվ հիմքեր է ստեղծում օրինական ընտրությունների անցկացման գործում սերտ համագործակցություն ծավալելու համար։
  • Եթե նշված երկու նոր հանգամանքներին գումարվի նաեւ Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության մասնակիցների ստորագրած ընտրացուցակների գաղտնիության դրույթի հակասահմանադրականության ճանաչումը, ապա իշխանությունների համար գրեթե անհնար կդառնա ընտրակեղծարարության գլխավոր ռեսուրսի, այն է՝ ընտրացուցակներում երկրից բացակա շուրջ 700©000 քաղաքացիների անունների առկայության փաստի օգտագործումը։ Հիշեցնենք, որ այդ դրույթը ՀՀ Ընտրական օրենսգրքում հայտնվել է 1999 թվականին, իսկ մինչ այդ կայացած բոլոր ընտրությունների ժամանակ ստորագրված ընտրացուցակները մատչելի են եղել հանրության համար։ Սահմանադրական դատարան ներկայացված հայցով, ըստ այդմ, պահանջվում է ոչ թե նոր դրույթ սահմանել, այլ վերականգնել նախկինում գործած դրույթը։ Այսպիսով, ստեղծվել է մի վիճակ, երբ օրինական ընտրությունների անցկացման բանալին փաստորեն հայտնվել է Սահմանադրական դատարանի ձեռքում։ Թե ինչպես նա կօգտագործի այդ բանալին, կախված է նրա սկզբունքայնության դրսեւորումից։ Համենայն դեպս Սահմանադրական դատարանին հնարավորություն է տրված կա՜մ վերականգնելու իր վաղուց ի վեր սասանված հեղինակությունը, կա՜մ էլ վերջնականապես դառնալու Հայաստանի ամենաավելորդ պետական հաստատությունը։

Այսօր ես հարկ չեմ համարում կրկին խոսել Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրերի եւ Ազգային Ժողովում ներկայացված լինելու պարագայում նրա մոտակա անելիքների մասին։ Դրանք ձեզ հայտնի են, եւ ավելացնելու բան գրեթե չկա։ Միայն հիշեցնեմ, որ ներկա ընտրությունների նվազագույն խնդիրը Հանրապետական կուսակցությանը իշխանության մենաշնորհից զրկելն է, ինչը հնարավորություն կտա խորհրդարանը վերածել գործադիր իշխանության լիարժեք հակակշռի եւ հող նախապատրաստել հաջորդ նախագահական ընտրություններում հանցավոր ռեժիմից վերջնականապես ազատվելու համար։ Ուժերի նպաստավոր դասավորության պարագայում Ազգային Ժողովում կարող է ձեւավորվել նոր, իրական կոալիցիա, փոխարինելով մինչ այժմ գործած կեղծ կոալիցիաներին, որոնցում մշտապես գերիշխող դիրք է զբաղեցրել Հանրապետական կուսակցությունը, իսկ կրտսեր գործընկերներին բաժին ընկել երկրորդական ու նվաստացուցիչ դեր։ Հայ Ազգային Կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում՝ կտրականապես մերժելով, սակայն, որեւէ համագործակցություն Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների հետ, նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը։

Սիրելի հայրենակիցներ, դուք սխալվելու իրավունք չունեք։ Պատշաճ քաղաքացիական գիտակցություն դրսեւորելու եւ ճիշտ ընտրություն կատարելու դեպքում դուք ի զորու եք մայիսի 6-ը դարձնել բեկումնային օր՝ երկրում սահմանադրական կարգի վերականգնման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման եւ արժանապատիվ կյանքի վերահաստատման համար։ Ուրիշ այսպիսի պատեհություն կամ շանս գուցե այլեւս չլինի։ Ձեզանից որեւէ զոհողություն չի պահանջվում, այլ ընդամենը ազատ ու անկաշկանդ քվեարկություն։ Մի՜ հավատացեք այն ստաբանություններին, թե իբր քվեախցիկներում ձեր գործողություններին կարող են հետեւել։ Նման բան երբեք չի եղել ու չի էլ կարող լինել։ Հաղթանակը մոտ է, եւ այն չի կարելի ձեռքից բաց թողնել։ Հավատացեք, դա ոչ թե մեր, այսինքն ընդդիմության հաղթանակն է լինելու, այլ ձեր հաղթանակը, սեփական արժանապատվությունը վերագտած Հայաստանի քաղաքացիների հաղթանակը, համայն հայության հաղթանակը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ