25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Մենք այդքան շատ չենք, որ թույլ տանք ամեն մի ընտրության ժամանակ մարդկանց թշնամացնել’.Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ:

Նշելով, որ ավարտին է մոտենում Ազգային ժողովի ընտրությունների համար օրենքով նախատեսված քարոզարշավի շրջանը՝ Հանրապետական կուսակցության նախագահը Հայաստանի բոլոր մարզեր, բազմաթիվ գյուղական ու քաղաքային համայնքներ այցելություններից հետո իր եզրահանգումներն է ներկայացրել:

‘Առաջինը, մենք՝ բոլորս միասին, մեր ողջ ժողովրդով հանդերձ, էապես առաջ ենք գնացել յուրաքանչյուրիս համար ուժեղ եւ պաշտպանված Հայաստան կառուցելու ճանապարհին: Դա վերաբերվում է ոչ միայն մեր Զինված ուժերին, այլեւ, միգուցե՝ առաջին հերթին, մեր պետական հաստատություններին:

Դրա լավագույն վկայությունն է Հայաստանի հասունացող ժողովրդավարությունը, որի ներքո անցնում է այս քարոզարշավը: Դրա լավագույն վկայությունն է այն խիստ մրցակցային ու բաց մթնոլորտը, որի պայմաններում թեկնածուները ընտրություն կատարելու հնարավորություն են ստեղծում մարդկանց համար:

Սուր բանավեճն ու տարաձայնությունները, որոնք բնականաբար պիտի ուղղորդեին ընտրական գործընթացը, ընդհանուր առմամբ անցնում են օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Դրանք ապացուցում են մեր կուսակցությունների եւ ընտրական գործընթացը կարգավորող ինստիտուտների հասունությունը: Դրանք, վերջիվերջո, ապացուցում են մեր անկախության անշրջելի բնույթը’,-ասել է ՀՀԿ նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կարող է միայն հպարտ լինել այդ արդյունքով եւ գտնում է, որ միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակությունն էլ ավելի ամրապնդելու ավելի լավ ու ճիշտ ձեւ գոյություն չունի:

ՀՀԿ նախագահի խոսքով, Հայաստանը փոքր երկիր է, ուստի եւ շատ վտանգավոր են քաղաքական մրցակցությունը թշնամության վերածելու, ինչպես նաեւ քաղաքական փոքրամասնությանը մեկուսացնելու ու ասպարեզից դուրս մղելու ցանկացած փորձ: ‘Մենք այդքան հարուստ չենք, որ ամեն մի ընտրությամբ մեզ թույլ տանք դանդաղեցնել մեր տնտեսության աճը: Ո՛չ էլ այդքան շատ ենք, որ մեզ թույլ տանք ամեն մի ընտրության ժամանակ մարդկանց թշնամացնել:

Այսուհետ եւս մենք՝ բոլորս միասին, պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր քաղաքական կյանքը կառավարվի ազգային համաձայնության սկզբունքով: Պիտի ի սպառ վերացնենք պարտադրանքով հարցեր լուծելու մտայնությունը: Որքան էլ մեծամասնությունը օժտված է լիազորություններով, այն պարտավոր է առավելագույն ուշադրություն ցուցաբերել քաղաքական փոքրամասնությունների հանդեպ’,-Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասել է Հանրապետական կուսակցության նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետականը ձեռքբերումներից բացի շատ լավ գիտի նաեւ մեր երկրում առկա թերությունները եւ երբեք չի հրաժարվել դրանց մասին եւս խոսելուց: Նրա համոզմամբ, հենց դրանում է Հանրապետականի ուժը: ‘Մենք շարունակելու ենք ամրապնդել արդարությունը յուրաքանչյուրի համար: Մենք կառուցում ենք նոր հայրենիք, նոր Հայաստան, որը հավասար հնարավորությունների երկիր է: Իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն՝ անկախ իրենց քաղաքական կամ տնտեսական դիրքից:

Մենք պետք է բացառենք արդարության կուսակցականացումը: Մենք պետք է բացառենք արդարության կիրառումն ըստ հասարակական դասերի ու խավերի: Հայաստանում օրենքի առջեւ պիտի բոլորը լինեն հավասար՝ հարուստ, թե աղքատ, կառավարող, թե ընդդիմադիր:

Ի վերջո, այս կյանքում շատ բան անցողիկ ու փոփոխական է: Պիտի բոլորն էլ հիշեն, որ այսօրվա իշխանությունը վաղվա ընդդիմությունն է լինելու, իսկ ունեզուրկը՝ կարողություն է ստեղծելու իր ձեռներեցությամբ ու ազնիվ աշխատանքով:

Հանրապետականը կանգնելու է հանուն իր իրավունքների պայքարող յուրաքանչյուրի կողքին:

Մենք խրախուսելու ենք մարդկանց երբե՛ք չխուսափել բողոքելուց եւ, ըստ անհրաժեշտության, դիմել մեր պետության վերահսկողական եւ կարգավորիչ մարմիններ:

Մենք պահպանելու ենք երկրի կայունությունը արտաքին միջավայրի ցանկացած փոփոխության ու ճգնաժամերի պայմաններում:

Մենք շարունակելու ենք բացել քաղաքական համակարգը եւ մերժել անհատապաշտ առաջնորդների եւ մեծ փողի պարտադրանքը:

Մենք շարունակելու ենք փոխել քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը եւ այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունը:

Մենք մերժել ու մերժում ենք հրապարակային հայհոյանքն իբրեւ քաղաքական երեւույթ: Ազատ խոսքի, այդ թվում նաեւ լրագրողների հանդեպ բռնությունների` մասնավորապես ֆիզիկական բռնությունների գարշելի երեւույթը մենք համարել ենք ու համարելու ենք անընդունելի:

Մենք հավատում ենք: Եվ մենք փոխելու ենք’,-ընտրողներին վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀԿ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ