25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները գրավել են գերմանական մամուլի ուշադրությունը

Մինչ Ադրբեջանում անհամբեր սպասում են Մայիսի 26-ին` Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ”- 2012 երգի մրցույթին, գերմանական մամուլը ողողվել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին հրապարակումներով:
Դեռ մարտի 16-ին` Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի տարածաշրջանային այցի շրջանակներում, Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների քաղաքականության եւ մարդասիրական հարցերով հանձնակատար Մարկուս Լյոնինգի քննադատություններին կոշտ հակադարձեց  Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Վերադառնալով Բեռլին` Լյոնինգը իր այցի հաշվետվության մեջ ընդգծեց Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար իրավիճակի մասին:  Լյոնինգի հայտարարությունը իր շարունակությունը գտավ նաեւ Բունդեսթագում, որտեղ որոշ պատգամավորներ նույնպես անդրադարձան Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին` կապելով այն “Եվրատեսիլի” հետ:
Մարտին Բունդեսթագի Դաշինք 90/Կանաչներ խմբակցությունը Գերմանիայի խորհրդարանի 17-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստին հարցում էր ներկայացրել ԳԴՀ կառավարությանը` “Մարդու իրավունքների եւ Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին` “Եվրատեսիլ”- 2012 մրցույթից առաջ” թեմայով, որն իր մեջ ընդգրկում էր 20-ից ավել առանձին հարցադրումներ:
Հարցման նախաբանում խմբակցությունը ներկայացնելով Ադրբեջանում տիրող ներկա իրավիճակը, երկիրը կառավարող ավտորիտար ռեժիմը ընդգծել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքները պարբերաբար խախտվում են իշխող
վարչակազմի կողմից, որը չի համապատասխանում ժողովրդավարական եւ սահմանադրական պետության չափանիշներին: Հարցման մեջ նշվել է, որ ԵԱՀԿ դիտորդները Ադրբեջանում  կատարված թե նախագահական եւ թե խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի արդյունքները ներկայացրել են  որպես զանգվածային կեղծիքներով եւ խախտումներով լի ընտրություններ: Ադրբեջանի վարչակարգի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումները բազմիցս քննադատվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի, Մարդու իրավունքների քաղաքականության եւ մարդասիրական օգնության հանձնակատարի, միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից: Բունդեսթագի խմբակցության հարցմանը Գերմանիայի կառավարությունը պատասխանեց, մասնավորապես նշելով, որ Ադրբեջանում մարդու իրավունքների մտահոգիչ իրավիճակը Ադրբեջանի իշխանությունների հետ ԳԴՀ կառավարության երկխոսության առանցքային թեմաներից մեկն է եւ Գերմանիայի կառավարության պնդմամբ պատգամավոր Շտրեսսերի մուտքի արտոնագրի մերժումը տեղ է գտել ս. թ. փետրվարի ԵՄ խորհրդի` Հարավային Կովկասի վերաբերյալ եզրակացությունների մեջ:  Միաժամանակ ԳԴՀ կառավարությունը ողջունել է Ադրբեջանի նախագահի հրամանագրով 2011-ի դեկտեմբերին մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունների ազգային ծրագրին:
Չնայած ԳԴՀ կառավարության կառուցողական եւ հավասարակշռված պատասխանի, ադրբեջանական կողմը չընդունելով այս քննադատությունը` ի պատասխան Ադրբեջանի իշխող կուսակցության պաշտոնաթերթը համարվող “Յենի Ազերբայջան” պարբերականում եւ այլ կայքէջերում հայտնվեցին պնդումներ, թե Գերմանիան “Եվրատեսիլ” մրցույթից հաշված օրեր առաջ հակաադրբեջանական քարոզչական արշավ է սկսել, որի նպատակն է խաթարել երկրի ներքին կայունությունն ու միջազգային ասպարեզում ունեցած բարձր եւ բարի համբավը: Իշխաննությունների հովանու ներքո գործող “Յենի Ազերբայջան” թերթը մեկ շաբաթվա ընթացքում երկու հոդված հրապարակեց, որտեղ Բաքվում Գերմանիայի
դեսպան Հերբերտ Քվելեի վերաբերյալ հրատարակվել էր խիստ քննադատություն առ այն, որ  Ադրբեջանի ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ նա  իբրեւ թե Ալիեւի ընդդիմախոսներին կոչ էր արել միավորվել եւ միասնաբար հանդես գալ իշխանությունների դեմ: Ի պատասխան` Բաքվում Գերմանիայի դեսպանությունը հերքեց  այս
տեղեկատվության իսկությունը: Գերմանիայի դեսպանության մամլո հաղորդագրությանը հետեւեց գերմանական
մամուլի հոդվածաշարը` մասնավորապես, հոդվածներ տպագրվեցին Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին գերմանական այնպիսի ծանրակշիռ պարբերականներում, ինչպիսիք են “Ֆրանկֆուրտեր ալգեմայնե”, “Դի Ցայթ”, “Թագեսշաու” եւ “Համբուրգեր աբենդբլաթ” թերթերում, “Շպիգել”, “Նթֆ” կայք-էջերում, ինչպես նաեւ երկրամասային մի շարք թերթերում: Հոդվածներում նշվում են. Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ձերբակալված
լրագրողների, խոսքի ազատության սահմանափակումների, ընդդիմադիրների ձերբակալությունների մասին: Հրապարակումներում մեջբերումներ են կատարվում ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Մ.
Լյոնինգի վերջին ժամանակների հայտարարություններից, որտեղ նա կրկին անգամ հիշեցրել է, որ այդ երկրում մինչ օրս կա 18 քաղբանտարկյալ, ինչպես նաեւ 6 ձերբակալված լրագրող: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները խստորեն քննադատում են ԵՄ-ին եւ ԵԽ-ին` նշելով, որ երկու կառույցներն էլ ճնշում չեն գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա: Ըստ նրանց` նավթային հանքերի եւ դրանից բխող տնտեսական հետաքրքրությունների պատճառով Եվրոկառույցների ներկայացուցիչները իրենց հայտարարություններում ծայրաստիճան զգուշավոր մոտեցում են ցուցաբերում: Լյոնինգը  կոչ չի անում բոյկոտել Եվրատեսիլը, սակայն  նա նույնպես գտնում է, որ ԵՄ-ն եւ ԵԽ-ն պետք է իրենց մոտեցումներում լինեն խստապահանջ եւ հստակ լեզվով խոսեն իրենց գործընկերների հետ: Նա խորապես հիասթափված է Եվրախորհրդից, քանզի  վերջինս ցայսօր չի կիրառել ոչ մի պատժամիջոց այդ երկրի դեմ:
“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպության թղթակիցները նշում են, որ այդ երկրում 20-ից ավել հեռուստաընկերություններ գտնվում են իշխանությունների անմիջական ազդեզության ներքո, իսկ թերթերի եւ ամսագրերի
80 տոկոսից ավելին` պետության ձեռքում են:  Անգամ բլոգերները, որոնք հանդես են գալիս ալիեւյան ռեժիմի դեմ, անմիջապես ձերբակալվում են: Գերմանական թերթերի հրապարակումներում  քննադատության են ենթարկվել նաեւ
ադրբեջանական այսպես կոչված տնտեսական “հաջողությունները”: Մասնավորապես նշվում են, որ քաղաքաշինության զարգացման նպատակով վերացվում են Բաքվի զբոսայգիները, քանդվում են բնակելի շենքերը` բնակիչներին չտրամադրելով փոխհատուցում: Բացահայտորեն խախտվում են սեփականատերերի իրավունքները: Ընդհանուր առմամբ անկախ փորձագետների գնահատմամբ արդեն 20.000 շենք է քանդվել, իսկ նախկին բնակիչներին դրա դիմաց կամ փոխհատուցում չի տրամադրվել, կամ տրվել են չնչին գումարներ: Հոդվածների հեղինակները կոչ են անում Եվրատեսիլի մասնակիցներին եւ այցելուներին աչք չփակել Բաքվում  տեղ գտած անարդարությունների վրա եւ այդ միջոցառմանը չվերաբերել ուղղակի որպես մշակութային միջոցառման` մոռանալով այդ երկրում մարդու իրավունքների վիճակը:
Գերմանական լրատվամիջոցների իրար հաջորդող ապտակներին արձագանքեց Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունը, որտեղ մասնավորապես նշվում է. “Գերմանիայի դեսպանությունը վերջերս կարծիք հայտնեց “Յենի Ազերբայջան” պարբերականում հրատարակված հոդվածների վերաբերյալ: Գերմանիայի դեսպանության արձագանքը մեզ զարմացնում է, քանի որ լրատվամիջոցները Ադրբեջանում ազատ են այնպես, ինչպես Գերմանիայում: Դա նշանակում է, որ
կառավարությունը չի կարող որեւէ կերպ ազդել ԶԼՄ-երի վրա:  “Եվրատեսիլում” Ադրբեջանի հաղթանակից հետո Գերմանիայում գործի է դրվել հակաադրբեջանական մեքենան: Ցավալի է, որ այս քարոզարշավին ակտիվ մասնակցել եւ այժմ էլ մասնակցում է  նաեւ ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Մարկուս Լյոնինգը, Եվրախորհրդարանում գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրեսսերը եւ Բունդեսթագի  մի քանի պատգամավորներ:  Գերմանական ԶԼՄ-երից “Շպիգելը”, “ԱՌԴ-ն” նույնպես աջակցում են այս քարոզարշավին:  Քարոզարշավի իմաստը կայանում է նրանում, որ գերմանական որոշ ուժեր ցանկանում են վնասել Ադրբեջանի համբավը: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ այս զրպարտությամբ եւ խաբեությամբ լի  քարոզարշավը չի կարող ազդել գերմանացի ժողովրդի` Ադրբեջանի մասին արդեն ստեղծված կարծիքի վրա: Նրանք, ովքեր այս քարոզարշավը վարում են, չեն հասնի իրենց նպատակին` վնասելու տարիներ շարունակ իսկապես ամուր բարեկամական հիմքերի վրա գտնվող ադրբեջանա-գերմանական համագործակցությանը”:
Ադրբեջանցիները չբավարարվեցին եւ  հակագերմանական հայտարարությունները մամուլի էջերից տեղափոխեցին նույնիսկ Ադրբեջանի խորհրդարան: Ադրբեջանի խորհրդարանում հնչեցրեցին գերմանացիների հասցեին ոչ պարկեշտ
հայտարարություններ: Մասնավորապես իշխող “Յենի Ազերբայջան” կուսակցության փոխնախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ալի Ահմեդովն ասել էր, որ “Գերմանիայում գործող որոշ ուժեր մի նոր մարտավարություն են որդեգրել,
որի նպատակն է խաթարել Ադրբեջանի վարկը, իսկ Բաքվում Գերմանիայի դեսպանը այդ մարտավարության բաղկացուցիչ մասն է կազմում”: Այս մասին նույնպես գերմանական մամուլում եղան արձագանքներ:
Ադրբեջանցի  անկախ վերլուծաբանները  ընդգծում են, որ չնայած հնչող կտրուկ հայտարարություններին` Ադրբեջանը մեծ հաշվով ջախջախիչ պարտություն է կրում լրատվական այս պատերազմում: Այս առնչությամբ` ադրբեջանցի քաղաքագետ Ի. Մամեդովը նշել է, որ “եթե այսօր համեմատաբար անաչառ եվրոպացիները, որոնց պարզապես հետաքրքրել է ընդամենը “Եվրատեսիլ”մրցույթը, պատահաբար իրենց համար հայտնաբերում են Ադրբեջանում տիրող  քաղաքական համակարգի ողջ անպարկեշտ տեսարանը, ապա պատկերացրեք ինչ կլինի, եթե հանկարծ Հայաստանի
հետ պատերազմ սկսվի: Այդ դեպքում այսօրվա  մեդիա-դժոխքը մեզ պարզապես նախավարժանք կթվա”:
“Նթֆ” կայքէջի քաղաքական մասում Բեռլինում Ադրբեջանի դեսպանության մամլո հաղորդագրությունից հետո, հրապարակվեց մի նյութ, որտեղ ներկայացվեց դեսպանության հաղորդագրությունը: Հատկանշական է, որ հոդվածն իր
բովանդակությամբ  ավելի տեղեկատվական է, սակայն տողերի մեջ խոցելով ադրբեջանական կողմին, նշում է, որ մամուլի հաղորդագրությունը պատրաստել է Բեռլինյան “Agentur Consultum Communications” ընկերությունը, որը
համակարգում է Ադրբեջանի դեսպանության աշխատանքը մամուլի եւ հասարակայնության հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ