25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կմնա ՀԱԿ-ից

“ՀԱԿ-ում միշտ էլ եղել է երկու տեսակետ այն հարցի շուրջ, թե կարելի՞ է արդյոք ինչ-որ կերպ համագործակցել ԲՀԿ-ի հետ, թե ոչ: Կարծես թե այն ուժերը, որոնք դեմ են եղել համագործակցությանը, հիմա լքում են Կոնգրեսը”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կոնգրեսի ներսում տեղի ունեցող խմորումներին, կարծիք է հայտնել ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Հիշեցնենք, որ օրերս “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց Կոնգրեսից դուրս գալու հնարավորության մասին, իսկ այսօր ՀԱԿ-ում իր քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարեց ՀԱԿ Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը: Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւս չի բացառել Կոնգրեսը լքելու հնարավորությունը:

Էդգար Վարդանյանը Henaran.am-ին ասել է, որ ՀԱԿ-ից դուրս եկած կամ  այդ մասին հայտարարած ուժերն, ամենայն հավանականությամբ այդ քայլին դիմել են խորհրդարանական ընտրություններից հետո` ՀԱԿ-ի վարկանիշին չվնասելու կամ գուցե հույս են ունեցել, որ կկարողանան ավելի մեծ արդյունք կորզել իշխանություններից, քան ստացվել է:

Մեր դիտարկմանը, արդյո՞ք վերջին զարգացումները չեն վկայում ՀԱԿ-ի փլուզման մասին, Էդգար Վարդանյանը պատասխանել է, որ, անշուշտ, ՀԱԿ-ի շարքերը նոսրանում են, բայց դժվար է ասել, դա ՀԱԿ-ի փլուզո՞ւմ է, թե ոչ, որովհետեւ որեւէ փաստաթղթում արձանագրված չէ, թե որ դեպքում կարելի է համարել, որ ՀԱԿ-ը փլուզված է:

Քաղաքագետի խոսքով, ՀԱԿ-ի ներսում այսօր շատ են նաեւ Կոնգրեսի այսօրվա գծի կողմնակիցները, որոնք, օրինակ, կարող են հայտարարել, որ Կոնգրեսը հենց իրենք են եւ որեւէ տարբերություն չկա, թե ՀԱԿ-ում քանի կուսակցություն կմնա:

Այսուհանդերձ, ՌԱՀՀԿ փորձագետը միանշանակ է համարում, որ ՀԱԿ-ում ճեղքվածքը խորացել է: “Մենք տեսնում ենք, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ուժեր դուրս են գալիս ՀԱԿ-ից, բայց մենք չենք տեսնում ներհոսք: Որեւէ մեկը կարո՞ղ է նշել ինչ-որ կազմակերպություն կամ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, որը վերջին շրջանում հայտնել է ՀԱԿ-ին միանալու իր որոշման մասին”,- Henaran.am-ին ասել է Էդգար Վարդանյանը:

Միեւնույն ժամանակ քաղաքագետը չի բացառում, որ ՀԱԿ-ը լքողները, բացի քաղաքական գծի հետ անհամաձայնությունից, նաեւ անձնական խնդիրների կամ չբավարարված  ամբիցիաների պատճառով են դուրս գալիս: Փորձագետի կարծիքով,  ՀԱԿ-ում պարզապես հավատացել են, որ այլ ճանապարհ չկա եւ միայն ներկայիս քաղաքական գծի միջոցով` ներիշխանական հակասություններն օգտագործելով կարելի է հաջողությունների հասնել:

Henaran.am-ի հարցին, թե հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրողությունները, կարելի՞ է պնդել, որ ՀԱԿ-ը դեռ շարունակում է մնալ միակ ու արմատական ընդդիմությունը, ինչպես ինքն է իրեն հռչակել, Էդգար Վարդանյանը պատասխանել է.

”Դժվար է այդ մասին խոսելը: Հասարակությունն արդեն առնվազն կարող է կասկածանքով վերաբերվել այն թեզին, որ  ՀԱԿ-ն այսօր արմատական ընդդիմություն է: Ամեն դեպքում,  ՀԱԿ-ը կարծես թե իր նպատակներից չի հրաժարվել եւ չի հայտարարել, որ “ավազակապետությունից ազատվելու եւ ռեժիմը կազմաքանդելու” նպատակն այլեւս արդիական չէ: Եթե չեն հրաժարվել, պետք է տեսնել, թե ինչ գործողություններ են անում”:

Էդգար Վարդանյանը շեշտել է, որ հայտարարությունների մակարդակն այդ թեզն ապացուցելու համար բավարար չէ: “Կարծես թե  շեշտադրումն արվում է խորհրդարանական աշխատանքի վրա եւ այս  դեպքում մի փոքր անհասկանալի է, թե խորհրդարանում մի քանի մանդատ ունենալով, ի՞նչ կերպ է պատրաստվում ՀԱԿ-ը մոբիլիզացնել ժողովրդին եւ մոտակա ժամանակահատվածում հասնել իր հռչակած նպատակներին”,-եզրափակել է փորձագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ