28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լքում է ՀԱԿ-ը

image_7207

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘’Ինչպես գիտեք, վերջին երկու ամիսների ընթացքում, ՀԱԿ-ի վարած քաղաքականության եւ ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ փորձել եմ պահպանել լռություն: Ունենալով որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ լռությունս հետապնդել է մեկ նպատակ` ԱԺ նախըտրական շրջանում` Հայ Ազգային Կոնգրեսում, միասնակնությունը չխաթարել, միեւնույն ժամանակ, այս ողջ ընթացքում իմ գործունեությամբ հնարավորինս աջակցել եմ ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններին առավելագույն քվեներ ստանալու համար: Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ նշել, որ դա միայն պայմանավորված է եղել ՀԱԿ-ում միասնականությունը չխաթարելու նպատակով, ինչը նաեւ հասարակական պահանջ է եղել: Եվ քանի որ ԱԺ ընտրություններն արդեն կայացած իրողություն են, խոստմանս համաձայն, այսօր հանդես եմ գալիս քաղաքական հայտարարությամբ, միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնում` պատասխանելու ձեր կողմից տրվող բոլոր հարցերին:

Վերջին շրջանում Հայ Ազգային կոնգրեսի կողմից իրականացվող ներքաղաքական կուրսը ոչ միայն լրջագույն խնդիրներ ստեղծեց ՀԱԿ-ի ներսում, այլեւ իմ խորին համոզմամբ, կասկածի տակ դրեց ՀԱԿ վարկանիշն ու հասարակության մոտ ունեցած վստահությունը, ինչն իր արտացոլումը գտավ 2012թ-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներում: Երբեմնի հզոր կազմակերպված ընդիմադիր ուժը, որն իմ խոր համոզմամբ վայելում էր հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունը, այժմ կարողացավ հաղթահարել ընդամենը ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը:

Ամենակարեւոր խնդիրը, ինչին կուզենայի անդրադառնալ, դա Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ համագործակցություն սկսելու անհաջող փորձերն էին, ինչը ցավոք սրտի շարունակվում է մինչ օրս: Նախ պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ն իշխանական կլոալիցիայի մաս է կազմել, ներկայումս կա, եւ ենթադրում եմ, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում: Կարծում եմ, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես կեղծվող բոլոր մակարդակների ընտրությունների, ազգային աղետի հասնող արտագաղթի, ինչպես նաեւ մնացած բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակի համար, ԲՀԿ-ն հավասարապես պատասխանատվություն է կրում:

Ավելին` գաղտնիք չէ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը համարվել եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: Բացի այն, որ մեր պետության հիմնական դժբախտությունների պատճառը հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է, այս մարդու իշխանության տարիներին են տեղի ունեցել մեր նորօրյա պատմության ամենածանրագույն հանցագործությունները` հոկտեմբերկ 27-ը եւ մարտի 1-ը: Այս մարդու իշխանության տարիներին է, որ հիմք է դրվել քրեաօլիգարխիկ իշխանական համակարգին, որին առաջին նախագահը իրավացիորեն բնութագրեց որպես վերից վար կոռումպացված ավազակապետական համակարգ:

Այս ամենով հանդերձ, նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որեւէ ցանկություն չունեմ:

Հաշվի առնելով վերը շարադրվածը` հայտարարում եմ իմ կողմից ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների, ինչպես նաեւ ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունս դադարեցնելու մասին:

Հույս եմ հայտնում, որ մեր հետագա հարաբերությունների հեռանկարը տեղավորվի մի միայն փոխադարձ հարգանքի, կոռեկտության եւ մարդկային նորմալ փոխհարաբերությունների տրամաբանության մեջ, եւ ՀԱԿ-ի նոմենկլատուրան այս հարցում կունենա կարեւոր դերակատարում:

Այդուհանդերձ, շնորհակալություն եմ հայտնում ՀԱԿ բոլոր համակիրներին 4 տարիների համատեղ պայքարի համար, եւ հայցում վերջիններիս ներողամտությունը, եթե ունեցել եմ թերացումներ կամ բաց թողումներ:

Հայ Ազգային կոնգրեսին ցանկանում եմ արդյունավետ աշխատանք ՀՀ Ազգային Ժողովում’,- ասված է հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ