25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր արմատական ընդդիմության ծնունդը քիչ հավանական է. Կարապետ Ռուբինյան

Ներքաղաքական զարգացումների շուրջ Henaran.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ, “Ժառանգության” համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանի հետ:

-Պարոն Ռուբինյան, որպես “Ժառանգության” համամասնական ցուցակում ընդգրկված գործիչ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ “Ժառանգություն” կուսակցությունն առայսօր իր մանդատների հարցում հստակություն չի մտցնում:

-Դժվար հարց եք տալիս, որովհետեւ, ցուցակի անդամ լինելը չի նշանակում, որ կուսակցության խոհանոցից պետք է տեղյակ լինես, ես ընդամենը կարող եմ ենթադրություն անել, որ ցուցակի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են: Եթե “Ժառանգության” համագումարը հունիսի 2-ին է, մինչ այդ ԱԺ արտահերթ նիստը կայացած կլինի, կարծում եմ, մինչ այդ կհրապարակեն ցուցակը:

-Մամուլը չի բացառում, որ  “Ժառանգություն” –ը  կհայտարարի խորհրդարանական մանդատները վայր դնելու եւ փողոց դուրս գալու մասին, Դուք կմիանա՞ք նրանց:

-Եթե փողոցում պայքար լինի ռեժիմի դեմ  եւ դա լինի իրական պայքար, ապա որեւէ նշանակություն չունի, դա կլինի “Ժառանգություն”-ը, “Ազատ դեմոկրատներ”-ը, “Հանրապետությունը”-ը, Հայ ազգային կոնգրեսը, թե՞ բոլորը միասին: Ես միշտ էլ հայտարարել եմ,  որ կանգնած կլինեմ իրենց կողքին:

-Ձեր կարծիքով այսօր Հայաստանում կա՞ այն արմատական ընդդիմությունը, որը կարող է այդ պայքարը առաջ տանել:

-Իմ կարծիքով` չկա: Ավելին, Հայ ազգային կոնգրեսը  երջանկություն է ունեցել գլխավորելու համազգային շարժումը, որը ծնվեց 2008 թվականի կեղծված ընտրություններից հետո, բայց, ցավոք սրտի, հիմա, արդեն բոլորովին այլ հանգրվան է, եւ  Հայ ազգային կոնգրեսն էլ բոլորովին այլ մարմին է: Մեզ մնում է սպասել, որ  համազգային շարժումը կվերածնվի: Դժվար է ասել,  դա կլինի կուսակցությունների նոր համախմբման շնորհիվ, որը քիչ հավանական եմ համարում հիմա, թե՞ որպես քաղաքացիական պոռթկում:

-Պարոն Ռուբինյան, վերջին օրերին ՀԱԿ-ից կրկին քաղաքական ուժեր հեռացան կամ հայտարարեցին Կոնգրեսից դուրս գալու հնարավորության մասին: Կարծես թե ՀԱԿ-ում կրկնվում են այն նույն գործընթացները, որոնց ականատեսը եղանք 1-1.5 տարի առաջ, երբ մեկը մյուսի հետեւից ՀԱԿ-ից դուրս եկան մի շարք կարկառուն գործիչներ, այդ թվում նաեւ Դուք: Ի՞նչ կմնա ՀԱԿ-ից, եթե այսպես շարունակվի:

-Սա ընդամենը հետեւանքն է` ժամանակային առումով որոշ դեպքերում ձգձգված,  որոշ դեպքերում` արագ ընդունված որոշումներ, բայց  բոլորն էլ հետեւանքն են նրա, որ ըստ էության, Հայ ազգային կոնգրեսն ինչ-որ պահից սկսած հրաժարվեց իրական պայքարից եւ եկավ հասավ անհաջողությունների իր գագաթնակետին, որն  արձանագրվեց այս ընտրությունների ընթացքում:

-Այսինքն, 7 տոկոսը ՀԱԿ-ի համար անհաջողությո՞ւն է:

-Ոչ, խոսքը տոկոսի  մասին չէ, ես ավելի շուտ կնշեի այդ անբարոյական ալյանսը “Բարգավաճ Հայաստան”-ի հետ, քան տոկոսային արդյունքը:

-Իսկ ի՞նչ եք կարծում ՀԱԿ-ԲՀԿ մերձեցումը նաեւ խորհրդարանո՞ւմ կդրսեւորվի: Հնարավո՞ր է, որ մինչեւ նախագահական ընտրությունները այս երկու ուժերի միջեւ ինչ-ինչ պայմանավորվածություններ հաստատվեն:

-Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց ամենահավանական ելքն այն է, որ “Բարգավաճ”-ը բարեհաջող կվերադառնա “Հանրապետական”-ի գիրկը, եւ նոր կոալիցիա կստեղծվի ու դրանով  իր խաղը կավարտի:

-Այս դեպքում ՀԱԿ-ի ինչի՞ն էր պետք է ԲՀԿ-ին համագործակցության ժեստեր անելն ու իշխանական համակարգից տարանջատելը:

-Վերընթերցեք Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը եւ այնտեղ կկարդաք հիմնավորումը: Թե որքանով է դա հիմնավոր, դա արդեն ամեն մեկիս որոշելիք հարցն է:

– Եվ վերջում, որպես ԱԺ նախկին փոխխոսնակ, ի՞նչ եք կարծում, նորընտիր խորհրդարանն ինչով կտարբերվի գործող ԱԺ-ից:

-Ըստ արդյունքների, խորհրդարանը կշարունակի մնալ բիզնես ակումբ, որովհետեւ պարոն Սերժ  Սարգսյանը կանաչ լույս վառեց նույն բիզնեսմենների, մինի, միկրո եւ մաքսի օլիգարխների առջեւ: Այս առումով, նույն որակն ու դրանից բխող նույն պրոբլեմները կպահպանվեն: Ընդդիմության դերը նույն ձեւով ծանր է լինելու, որովհետեւ այդքան փոքր քանակով արդյունավետ աշխատանք կամ արդյունավետ դիմակայություն ռեժիմին ակնկալել չի կարելի: Միակ հույսս, որ ենթադրենք, նախորդ խորհրդարանի “Ժառանգություն” խմբակցության օրինակով, ընդդիմադիր պատգամավորները կկարողանան մարդկանց  կողքին կանգնել իրենց ոտնահարված շահերի պաշտպանության  առումով, անկախ նրանից, այդ մարդիկ կենցաղային հողի վրա են տուժել, թե՞ քաղաքական:

-Ձեր կարծիքով “Ժառանգություն” խմբակցության պատգամավորներն “Ազատ դեմոկրատներ”-ից` Ալիկ Արզումանյանն ու  Խաչատուր Քոքոբելյանը,  այդ փողոցային պայքարը կարո՞ղ են իրականացնել այնպես, ինչպես, օրինակ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը կամ Անահիտ Բախշյանը:

-Ես չեմ ուզում ենթադրություններ անել, կապրենք`  կտեսնենք: Ձեր թվարկած անձինք 5 տարի առաջ նույնպես անհայտ որակների տեր մարդիկ էին, բայց տեսանք, որ մեզ ուրախացրին: Ոչ Ալեքսանդր Արզումանյանը, ոչ Խաչատուր Քոքոբելյանը պառլամենտում դեռ չեն եղել եւ հուսամ, որ նրանք էլ կուրախացնեն մեզ:

 Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ