23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի հայցի քննությունն ավարտվեց. ՍԴ-ն անորոշ ժամանակով անցավ խորհրդակցական սենյակ /վիդեո/

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է ՀԱԿ-ի ներկայացրած հայցի քննությունը` մայիսի վեցին կայացած խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

Հիշեցնենք, որ նիստը երեկ հետաձգվել էր: Այսօր դիմող եւ  պատասխանող կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: Յուրաքանչյուրին դրա համար հատկացված է երեսուն րոպե ժամանակ: Պատասխանող կողմը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  պետք է ներկայացնի իր բացատրությունները դիմող կողմի ուղղած հարցերին:

ՀԱԿ շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի եզրափակիչ ելույթում շեշտվեց պետական համակարգի ներկայացուցիչների կողմից իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակում քարոզչություն իրականացնելու հանգամանքը, ինչն արգելված է օրենքով: Վահե Գրիգորյանը նշեց ՀՀ նախագահի աշխատանքային ու նախընտրական քարոզչության շրջանակներում կատարված այցելությունների զուգորդման հանգամանքը եւ նշեց, որ սա պետական իշխանական լիազորությունների եւ իշխանական ռեսուրսի օգտագործում է:

“Պատասխանող կողմը որեւէ փաստարկ չներկայացրեց բացի այն, որ դիմողն այս խնդիրների վերաբերյալ որեւէ դիմում չի ներկայացրել”,-հայտարարեց Վահե Գրիգորյանն ու հավելեց, որ ԿԸՀ-ի այս փաստարկը ձեւական է եւ չհիմնավորված: Նրա խոսքով, ԿԸՀ-ն չի վերահսկել շուրջ իննսուն պաշտոնատար անձանց` ներառյալ վարչապետի, նախարարների ու փոխնախարարների լիազորությունները, որոնք ՀՀԿ օգտին քարոզչություն են իրականացրել:

“ՀՀԿ ցուցակի երեսունվեց տոկոսը պաշտոնատար անձինք են եւ ուղղակիորեն ծառայեցրել են իրենց պաշտոնատար դիրքը եւ ՀՀ  պետական իշխանությունը ՀՀԿ եւ նրա թեկնածուների օգտին”,-հայտարարեց փաստաբանը եւ շարունակեց.”ՀՀ նախագահի պաշտոնն  զբաղեցնող անձի պասիվ ընտրական իրավունքի պաշտպանությունը ամբողջությամբ գերակայում էր ընտրական ապարատի եւ պետական ողջ համակարգի չեզոք եւ արդյունավետ գործելու նկատմամբ”:

Այս ամենի արդյունքում, դիմող կողմի ներկայացուցչի դիտարկմամբ, գործադիր իշխանությունն իր նպատակահարմարությամբ վերարտադրում է օրենսդիր մարմնին: Վահե Գրիգորյանն անդրադարձավ նաեւ ցուցակներում անճշտությունների եւ դրոշմակնիքների խնդրին եւ ՍԴ-ին խնդրեց բավարարել հայցը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը եզրափակիչ ելույթում շեշտեց, որ կոնկրետ հանգամանքներին անդրադառնալու եւ ապացույցներ ներկայացնելու փոխարեն, դիմող կողմը  ընդամենը շարադրեց իր դիրքորոշումներն ու մեկնաբանությունները օրենքի այս կամ այն դրույթի վերաբերյալ: “Ներկայացված սակավաթիվ, իբր թե փաստարկենրը, մեղմ ասած իրեցնցից որեւէ արժեք չեն ներկայացնում:

Բերված նյութերով հնարավոր չէ անգամ անվավեր ճանաչել գեթ մեկ ընտրատարածքում ընտրությունների արդյունքները”,-շեշտեց Արմեն Սմբատյանը: Պատասխանող կողմի համոզմամբ, ներկայացված հայցում առկա չէ ընտրություններն  անվավեր ճանաչելու որեւէ հիմք:

Ներկայացված տասնհինգ էջանոց հայցադիմումի հինգ էջից ավելին վերաբերում են ՀՀ նախագահի լիազորություններին: Արմեն Սմբատյանի բնորոշմամբ, սա այսպես կոչված իրավախախտումների պատրանք ստեղծելուն է միտված:  “Դիմողի տրամաբանությունից բխում է, որ թեկնածու լինելը եւ քարոզչության մասնակցելը պետական որեւէ պաշտոն չունեցող անձի մենաշնորհն է”,-նշեց ԿԸՀ քարտուղարը:

Խոսելով դրոշմակնիքների խնդրից՝ նա նշեց, որ այն չի կարող ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, քանի որ դա մեկից ավելի քվեարկությունները կանխելուն ուղղված միակ միջոցը չէ:

Արմեն Սմբատյանը նաեւ շեշտեց, որ դիմող կողմը որեւէ  թվային վերլուծություն չներկայացրեց ԿՀԸ հրապարակած արդյունքների եւ ընտրատեղամասային հանձնաժողովների արձանագրությունների անհամապատասխանության վերաբերյալ: Պատասխանող կողմը հայցը համարեց անհիմն եւ ՍԴ-ին խնդրեց մերժել այն:

Գործի քննությունն ավարտվեց: “Դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ: Երբ կավարտվի՝ այսօր, թե վաղը դժվարանում եմ ասել: Մենք պարզապես որոշումը պատրաստելուց առաջ կտեղեկացնենք”,-հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին ՀԱԿ ներկայացուցիչներից որեւէ մեկը ներկա չէր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ