28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի վիրաբույժն ու ռենտգենաբանը ձերբակալվել են

image_6571

Լոռու մարզի դատախազի ցուցումով ձերբակալվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանը եւ նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանը: Նրանք կասկածվում են մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 23-ի հարուցվել է քրեական գործ` հիվանդանոցի վիրաբույժի ու ռենտգենաբանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, շտապ բուժօգնության ուղեկցությամբ ողնաշարի գոտկային շրջանի եւ կրծքավանդակի սալջարդ ախտորոշմամբ Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ Վ. Մարկոսյանը, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում մահացել է: 

Ըստ քրեական գործի նյութերի` 2011թ. հոկտեմբերի 11-ին Վ. Մարկոսյանն իր բնակարանի շքամուտքում անզգուշաբար ընկել է` ստանալով մարմնական վնասվածքներ:  Հաջորդ օրը` ժամը 14:00-ի սահմաններում, ահազանգել է շտապ բուժօգնություն եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է. «ձախից 9-րդ կողի մեկ կոտրվածք եւ թոքերի տուբերկուլյոզ»: Բժշկական կենտրոնում ախտորոշումից եւ ցավազրկող դեղամիջոցներ ներարկելուց հետո Վ. Մարկոսյանին առաջարկվել է դիմել մասնագիտացված բժշկի` թոքաբանի: Սակայն տուն վերադառնալով Վ. Մարկոսյանի վիճակը վատացել է եւ նույն օրը` ժամը 23:10-ին, կրկին  հիվանդանոց տեղափոխվել, որտեղ եւ մահացել է: 

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վ. Մարկոսյանի մոտ կոտրված է եղել ոչ միայն մեկ` 9-րդ կողը, այլեւ` 5-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կողերը: Հայտնաբերվել է նաեւ պլեւրայի պատռվածք, ներքին օրգանների արյունահոսություն, որն էլ Վ. Մարկոսյանի մահվան պատճառն է հանդիսացել:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է հիվանդանոցում Վ. Մարկոսյանի ախտորոշման թերի լինելը: Մասնավորապես` ռենտգեն հետազոտությամբ նրա կողերի 4 կոտրվածքները բժիշկ-ռենտգենաբան Վ. Մխիթարյանի կողմից չի հայտնաբերվել, իսկ բուժող բժիշկ, վիրաբույժ Գ. Իլոյանի կողմից հիվանդը դինամիկ հսկողության տակ չի պահվել, կրծքավանդակի ռենտգենային լուսանցում թոքերի լսում, ընդհանուր հետազոտություններ չեն կատարվել, Վ. Մարկոսյանը համապատասխան բուժում չի ստացել, որի հետեւանքով վերոհիշյալ զարգացած բարդություններից   էլ հիվանդը մահացել է:

Դեպքի առթիվ 2012թ. մարտի 23-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանի եւ նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու եւ դրա հետեւանքով Վ. Մարկոսյանին անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ