25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը` ԱԺ միակ թեկնածու

Այս պահին խորհրդարանում ելույթ է ունենում ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, ով խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց որպես ԱԺ թեկնածու: Այլ խմբակցություններն իրենց թեկնածու չառաջադրեցին:

՛՛Շնորհակալ եմ ԱԺ նախագահի պաշտոնում իմ թեկանծությունը կրկին առաջադրելու համար: Նախ եւ առաջ երախտապարտ եմ ՀՀ նախագահին իր վստահության համար, երախտապարտության իմ խոսքն եմ ուղղում նաեւ իմ հարազատ կուսակցությունը ` իր ելույթն այսպես սկսեց Հովիկ Աբրահամյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ներկա ԱԺ-ն  պառլամենտարիզմը նոր մակարդակի վրա է բարձրացնելու:  Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լավ է պատկերացնում , թե  ինչպիսի դերակատարություն է վերապահվելու ԱԺ նախագահին եւ հաստատապես պատրաստ է դրան:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեռ նախընտրական շրջանում հետեւել է քաղաքական ուժերի ծրագրերն եւ ընդհանրություններ տեսել:  Նրա խոսքով, բոլորն էլ պնդում են սեփական ուժերին հավատալու, փոփոխությունների անհրաժեշտության, արատավոր երեւյթների դեմ պայքարի անհրաժեշտությունը,  եւ կենտրոնում են պահում մարդուն:

“Սա շատ լավ է, սա նշանակում է, որ մեր հասարակությունը կայացած է, եւ որ բոլոր քաղաքական ուժերը ակամայից համաձայնության են եկել արժեհամակարգի շուրջ եւ նշանակում է, որ որքան էլ միմյանց քննադատենք իրականում իրար շատ մոտ ենք՝  մեր պատկերացումների առումով եւ պատրաստ ենք ճիշտ ուղղությամբ տանել մեր երկրի  զարգացումը”,- նշեց նա: Հովիկ Աբրահամյանը շեշտեց երկրի առջեւ ծառացած խնդիրները միասնաբար լուծելու անհրաժեշտությունը:

ԱԺ նախագահի թեկնածուն նշեց, որ  ուժեղ եւ արդյունավետ խորհրդարանի վերաբերյալ իր մոտեցումները չեն փոխվել: Դրան կարելի է հասնել փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության  ապահովման միջոցով:

“Պատահական չէ, որ ՀՀԿ-ն ինչպես եւ նախկինում, այնպես էլ այսօր հանդես է գալիս որպես հանրային համագործացության եւ բազմակողմանիության կողմնակից”,-շարունակեց Հովիկ Աբրահամյանը եւ հավելեց.”Հինգ տարի աշխատելու ենք միասին, շատ բան ենք իմանալու  միմյանց մասին,  բազմաթիվ միֆեր ենք ցրելու եւ պարտադիր չէ, որ մեր մտավախությունները լինեն դիմացինի մտադրությունները: Այս խորհրդարանը լավ խորհրդարան է լինելու եւ հեղինակության խնդիր չի ունենալու”:

Նա շեշտեց, որ ամեն ինչ անելու է, որ ցանկացած բանավեճ երբեւեէ չանդրադառնա խորհրդարանի մթնոլորտի վրա:

Անդրադառնալով ԱԺ-կառավարություն հարաբերություններին , Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ այդ հարաբերությունները  տեսնում է դինամիկ զարգացման հարթությունում: Միեւնույն ժամանակ նա նշեց.”Չկասկածեք, որ որպես խորհրդարանի նախագահ ես չեմ վարանելու լինել կառավարության քննադատը բոլոր այն հարցերում, որոնք իմ կարծիքով՝ լուծվում են անբավարար արդյունավետությամբ կամ արագությամբ, միեւնույն ժամանակ ամբոխահաճո կամ  ինքնանպատակ քննադատության դեպքում լինելու եմ կառավարության առաջին պաշտպանը”:

Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ խորհրդարանական դիվանագիտության զարգացման անհրաժեշտությունը:

Նրա ելույթից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խմբակցության անդամներ Խոսրով Հարությունյանը եւ Էդուարդ Շարմազանովը կոչ արեցին պատգամավորներին քվեարկել իրենց թեկնածուի օգտին: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց չորրորդ գումարման ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին արդյունավետ աշխատանքի համար եւ համոզմունք հայտնեց, որ խորհրդարանը արդյունավետ կաշխատի նաեւ Հովիկ Աբրահամյանի նախագահության ընթացքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ