29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մի գողացիր Աստծու դրամապանակից

image_2221

«ՄԻ’ ԳՈՂԱՑԻՐ» (Տասնաբանյա պատվիրաններից)

Այս խոսքը Մովսես մարգարեին Աստծու տված Տասնաբանյա պատվիրաններից մեկն է: Փորձենք հիշել դրանցից մի քանիսը «Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձանից բացի ուրիշ Աստված չպիտի ունենաս»: «Կուռքերին չպիտի պաշտես»: «Պատվի’ր հորդ և մորդ»: «Մի’ սպանիր»: «Մի’ շնացիր» և այլն: Այս քարոզիս բնաբան եմ ընտրել «Աստծու դրամապանակի՞ց ես գողացել» անունը: Աշխարհում ամեն կողմ էլ գողություն կա: Ոմանք մեծ գողեր են նկատվում, ոմանք էլ՝ փոքր: Օրինակի համար, եթե մեկը մեքենայից ձայնագրիչ է գողանում, ասում ենք «մի մեծ բան չէր, թեթև գողություն էր» և շատ ուշադրության չենք արժանացնում ու մեքենայի տիրոջն էլ ասում ենք «Բախտդ բերել է, էժան ես պրծել»:

Արհեստի մեջ էլ գողությունը «մանր արարք է համարվում»: Սակայն ինչ լինում է «մանրից» է առաջանում: Ժողովուրդը մի լավ խոսք ունի «Ձու գողացողը, ձի էլ կգողանա»: Տասը պատվիրանների մեջ հստակ գրված է ու պատվիրված «Մի’ գողացիր» և վերջ, չես կարող այսքան և այնքան գողանալ, այլ ուղղակի արգելք է դրված, որը պատժելի է և’ մարդկային և’ աստվածային օրենքներով:

Խորհրդային Միության տարիներին, անաստվածյան շրջանում, գողությունը դժբախատաբար համատարած երևույթ էր, բանվորից մինչև նախագահ օղակի նման մեկը մյուսից գողանում էր: Հիշում եմ, 13, 14 և 15 տարեկանին, երբ Հոգևոր Ճեմարանի ուսանող էի, ամառային արձակուրդներին մորս հետ գնում էի շինարարության վրա բանվոր աշխատելու, որպեսզի կարողանամ օգնել իմ ընտանիքին մի քիչ նյութապես թեթևացնելու տան բեռը: Ամեն օր աշխատանքից վերադառնալիս, մայրս իր հետ վերցնում էր մի փոքր տոպրակով ավազ կամ ցեմենտ, փայտի կամ երկաթի կտոր: Քանի որ ես հոգևոր կրթություն էի ստացել, այդ բաները ինձ խորթ էին երևում ու դառնացած մորս ասում էի «Մամ, շենքի վրա աշխատում են ավելի քան հիսուն բանվորներ, վարպետներ և ինժեներներ: Եթե ամեն մեկը քո նման մի բան տուն տանի, պատկերացնո՞ւմ ես կառուցվելիք շենքի վիճակը»: Մայրս էլ թեթև ժպիտով անկեղծորեն արդարացնելու համար իր արածը, պատասխանում էր «Էհ, տղաս, մեր արածը ինչ է որ, ինժիները մեքենայով է տանում»: Այդ ժամակներում «Մի’ գողացիր» աստվածային պատգամի «մի»-ն հանված էր և թողնված էր միայն «Գողացի’ր»-ը: Ցավալի է, բայց իրականությունը այդ էր:

Գողությունների տեսակները շատ են ու բազմազան, բայց թողնենք դրանք: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ամենամեծ գողությունը: Վստահ եմ, որ ձեզանից շատերը կարող են ասել՝ բանկերի գողությունները, որտեղից միլիոններ են գողանում կամ ավազակային հարձակումները ընտանիքների և այլ հաստատությունների վրա: Սակայն մեզանից ոչ մեկի մտքով չի անցնում, թե ամենամեծ գողությունը ո՞րն է: Բոլորս էլ նյութական գողության մասին ենք խոսում կամ մտածում, սակայն ամենամեծ գողությունը համարվում է այն, որ Աստծու Դրամապանակից ենք գողանում: Այո’, այո’, մի’ զարմացեք, Աստծու Դրամապանակից: Հիմա ձեզանից շատերը ծիծաղելով կասեն «Տեր հայրը խելքը թռցրել է, ի՞նչ է խոսում, ո՞վ համարձակություն կարող է ունենալ Աստծու Դրամապանակից գողանալ կամ արդյոք Աստված Դրամապանակ ունի՞: Աստված նյութական հարստություն ունի՞, որ Դրամապանակ էլ ունենա ու մենք հասնենք երկինք և գողանանք»: Բնական է, որ այսպիսի հարցեր բոլորս էլ կարող ենք ունենալ, երբ հարցը Աստծուն է վերաբերում:
Այս հետաքրքիր պատմությունը վստահ եմ ձեզ կլուսաբանի:

«Հավատացյալ մի մարդ, որ տարիներ շարունակ երազել էր ուխտի գնալ Երուսաղեմ, վերջապես կարողանում է հավաքել անհրաժեշտ գումարը ու ճամբորդել: Անշուշտ նա իր հետ վերցնում է ճամբորդության անհրաժեշտ իրեր, գնում է մեծաքանակ գորգեր Տաճարին նվիրելու համար, բարձում դրանք ուղտերի վրա և բավական շատ դրամ վերցնելով իր հետ, ճանապարհվում է դեպի Երուսաղեմ: Մեծ դժվարություններ հաղթահարելով, նույնիսկ ավազակային հարձակումների ենթարկվելով ու փրկվելով, վերջապես հասնում է Երուսաղեմ և նույն օրը Տաճարի Լուսարարապետին տեղեկացնում իր գալստյան մասին: Հանդիպելով նրան Տաճարին նուեր բերած մետաքսե թանկարժեք գորգերը հանձնում է Լուսարարապետին, որը կարգադրում է դրանք անմիջապես դնել ներսում: Ժամանակը գալիս է, Տաճարի դռները փակվում են և բոլորը գնում են հանգստանալու: Հանկարծ ժամկոչը դռան արանքից ծուխ է նկատում և նայելով տեսնում, որ գորգերը վառվում են: Մոտ գտնվող մարդիկ նրա աղաղակը լսելով սարսափահար վազում են դեպի Տաճար, բացում դռները և ով զարմանք, հավատացյալի նվիրած գորգերը այրվել ու մոխրացել էին: Հետաքրքիրն ու զարմանալին այն էր, որ կողքի ոչ մի գորգ ու իր չէր վառվել: Ներկաները ավելի քան ապշած և զարմացած էին ու մեկը մյուսին նայելով ասում էին «Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը»: Լուսարարապետը սպասում էր պատասխանի և հավատացյալը նրան առանձին պատմում է պատճառի մասին:

Նրա պատմածից հասկանալի էր, որ նա վաճառական է եղել: Ծնողները միշտ խորհուրդ են տվել նրան Կիրակի օրերը նվիրել Աստծուն, չաշխատել: «Կիրակի օրերի շահը թող Աստծու Տան համար լինի քո նվիրատվություններով»,- ասել են նրան: Մարդը սկզբում լսել է իր ծնողների խորհուրդը և Կիրակի օրերի շահույթը նվիրել եկեղեցիներին: Սակայն տեսնելով իր շուրջի առևտրականներին, որոնք Կիրակի օրերն էլ էին աշխատում, մոռանալով ծնողների խորհուրդը, շահելու ակնկալիքով ինքն էլ է միանում նրանց ու կիրակի օրերը առևտուր անում: Ահա այդ հավաքած գումարով էլ գնում է թանկարժեք մետաքսե գորգերը և իր ուխտը կատարելու համար դրանք նվիրում Երուսաղեմի Տաճարին:

Ծերունազարդ Լուսարարապետը ուշադրությամբ լսելուց հետո, ասում է նրան «Տղաս, բայց դու այդ գումարը գողացել ես Աստծու Դրամապանակից, քանի որ Կիրակի օրերը Նրան է պատկանում: Այդ օրը չի կարելի առևտուր անել, ո’չ էլ սակարկության մեջ մտնել Աստծու հետ, առօրյայի և Կիրակիի դրամական հաշիվները բաժանելով: Աստված աշխարհը, ամեն ինչ և մարդուն վեց օրում ստեղծելուց հետո յոթերորդ օրը հանգստացավ ու Իր օրինակով մարդուն թելադրեց նույնպես հանգստանալ և Իրեն երկրպագել ու ոչ թե Իր հաշվին ապրել»: Այդ պատճառով էլ Աստված քո ուխտը ընդունելի չհամարեց և նվիրածդ գորգերը այրվեցին ու մոխրացան»:

Ամեն բարիքի հիմքը՝ Աստվածպաշտությունն է: Աստծուն տրված ամեն տեսակի նվերներ անարժեք են դառնում, երբ դրանք Նրան երկրպագելու փոխարեն են ձեռք բերվում, նման այն հավատացյալ մարդու գորգերին, որոնք կրակից մոխրացան: Հիշենք Աստվածաշնչից Աբելի ու Կայենի ընծաների պարագան: Աբելի ընծան մաքուր, սուրբ, անարատ և անխարդախ էր, իսկ Կայենինը՝ դրա հակառակը: Դրա համար Աբելի ընծան ընդունվեց Աստծու կողմից, իսկ Կայենինը՝ ոչ: Ի՞նչ պատահեց: Կայենը ատելությունից կուրացած, նախանձեց ու սպանեց իր եղբորը:

Այս պատմությունը լսելուց հետո, մենք իբրև վաճառական, արհեստավոր, արվեստագետ և կամ այլ մասնագիտություն ունեցող հավատացյալ մարդիկ, պիտի համարձակվե՞նք դիպչել Աստծու Դրամապանակին: Վաճառականի նվիրած գորգերը այրվեցին ու մոխրացան: Վերջապես ե՞րբ պիտի սովորենք պատմությունից դասեր քաղել:

Կարծում եմ ամեն ինչ ավելի քան հստակ է, Կիրակին Աստծու օրն է: Եկեք այդ օրը աղոթենք ու նվիրենք Նրան, որպեսզի հաջորդ օրերը Աստված մեր գործերին հաջողություն տա և մեզ առողջ պահի; Կիրակի օրերի հանգստով միասնաբար փորձենք լցնել Աստծու Դրամապանակը՝ մեր սիրով, հավատով և արդար ու մաքուր կյանքով: Ամեն:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ