20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մաշտոցներ» սրբավայր՝ հրաշագործ ջրով

«….Լինել տեղւոյն ի ժամանակէ անտի սրբոյն Մաշտոցայ,եւ տեղի առանձին ճգնութեան նորա ուր երբեմն առանձնացեալ ի միաբանութեանց անտի աղօթից և խնդրուածոց պարապէր և հազիւ ուրեմն յետ քանի ինչ աւուրց:Եւ խրճիթն այնք իսկ անուանին ցարդ Մաշտոցներ..»:

Հիրավի, փառահեղ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությունը: Նրա պատմության փառահեղ էջերը լուսավորում են այնպիսի լուսավոր դեմքեր, որոնք իրենց վաստակաշատ գործունեությամբ անջնջելի հետք են թողել ոչ միայն Մայր Եկեղեցու պատմության, այլև հայ ժողովրդի կյանքում: Ահավասիկ նրանցից մեկը՝ Մաշտոց Եղիվարդեցին, ով Գևորգ Բ Գառնեցի (877-897թթ.) հայրապետի մահից հետո բազմել է Հայոց հայրապետական գահին ընդամենը 7 ամսվա տևողությամբ՝ որպես Մաշտոց Ա կաթողիկոս (897- 898թթ.):

Ծնվել է 833-34թթ.-ին Սյունյաց աշխարհի Սոթք գավառի Սոթք գյուղում, Ավազանի անունով կոչվել է Ստեփանոս, մահացել՝ 898-ի հունվարին Գառնիում, աճյունն ամփոփվել է Խոսրովադուխտի հովանոցի հարևանությամբ գտնվող մատուռում, ուր հետագայում կառուցվել է 12-րդ դարում վայելուչ եկեղեցի կոչվող Սուրբ Սիոնը:

Նախնական ուսումնառությունը ստացել է հոր՝ Եղիվարդ գյուղի երբեմնի ծխատեր քահանա Տեր Գրիգորի, ապա՝ Թեոդորոս կրոնավորի մոտ: Սովորել է նաև Գեղարքունիքի Մաքենյաց վանքի դպրոցում՝ աշակերտելով րաբունապետ Ստեփանոս վարդապետին: Որպես կուսակրոն քահանա իր քահանայական ձեռնադրությունն ու օծումը ստացել է Սյունյաց Դավիթ եպիսկոպոսից: Եղել է անապատական, ճգնել Արտավազդի կամ «Արտավազդի ապարանք» (Ծաղկաձոր) կոչված մենաստանում, ապա Սևանա կղզու խստակրոն անապատներում:

862թ. Մաշտոց վարդապետը իր սիրելի աշակերտների հետ գալիս է Գեղամա ծովակի հանդիպակաց լեռներում ճգնելու, որը հետագայում իր անվամբ կոչվում է Մաշտոցներ: Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս վայրում բխող ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ- տեսակ հիվանդությունների բժշկություն: Ճգնարանը գտնվում է Սևանի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2,5-3կմ հեռավորության վրա, որտեղ գեղատեսիլ անտառապատ լեռան լանջին Սևանա լճի համայնապատկերի շուրջ, որը տեղացիները կոչում են «Մաշտոցներ»:

Մաշտոց Եղիվարդեցին եղել է մեծ համբավ և հռչակ ունեցող աստվածաբան, սրբակենցաղ հոգևորական, համեստ և առաքինի անձնավորություն: Դա է պատճառը, որ Գևորգ Բ Գառնեցու մահից հետո 897-ի հունիսի 18-ին ընտրվել է Հայոց կաթողիկոս: Մաշտոց Եղիվարդեցին կազմել կամ վերախմբագրել է հայ եկեղեցու ծիսարանը, որը նրա պատվին կոչվում է «Մաշտոց»: 

Մաշտոց Եղիվարդեցու կառուցած ճգնարան – մատուռը որպես աղոթատեղի այսօր ևս գոյություն ունի: Այն ունի նաև հնագիտական նշանակություն, ներքնահատակի հատվածքում հայտնաբերվել են 7-րդ դար թվագրվող ամբողջությամբ պահպանված գեղեցիկ 2 խաչքարեր, որոնք տեղադրվել են մատուռի խորանին: 1983-1987թթ. Ռաֆիկ Հակոբի Եղիազարյան ( ծնվ. 1929թ հունիսի 3-ին, մահացել 1998թ. դեկտեմբերի 16-ին Նորագավիթ) և Անատոլյա Գրիգորի Հարությունյան (ծնվ. 1930թ. սեպտեմբերի 16-ին, մահացել 7-ը սեպտեմբերի 1993թ. Այնթափ) բարեպաշտ անձինք վերակառուցել են ճգնարան – մատուռը, որը ներկայումս այլ տեսք է ստացել:

1997թ. Վազգեն և Նաիրի Պողոսյանների կողմից մատուռի գմբեթին տեղադրվել են խաչեր: Խաչերի օծումը կատարվել է ձեռամբ Գեղարքունյաց այդ ժամանակվա թեմի առաջնորդ Տ. Անանիա եպս. Արաբաջյանի: 1987թ-ին սեւանցի քանդակագործ Հրաչ Կարապետյանի և 2014թ. հոկտեմբերի 5-ին ծնունդով երեւանցիներ Արամ Խաչատրյանի,Էմիլ Բզնունու, Նորայր Բայունցի, Վահան Հակոբյանի եւ Պետրոս Հակոբջանյանի կողմից այստեղ կառուցվել են 2 խաչքարեր, ուր նշվում են, որ այդտեղ 862թ.-ին ճգնել է սրբակյաց Մաշտոց վարդապետը:

Պատմում են, որ աղոթալից կյանքով ապրող վարդապետը հայցել է Բարձրյալից, որ այստեղից բխող սառնորակ աղբյուրը դառնա մարդկանց հոգևոր և մարմնավոր ախտերից մաքրման միջոց: Իսկապես այստեղից բխող հրաշագործ ջուրը ունի բուժող և ապաքինող նշանակություն, քանզի ամեն տարի դեպի Մաշտոցներ տանող ուխտավորներին այս հրաշագործ և սուրբ ջուրը դառնում է ի հոգևորս բժշկության առաջնորդող միակ սպեղանին:

2015թ.ապրիլի 22-ին ծնունդով Ցամաքաբերդից Մելս Սարգսյանի կողմից Մաշտոց Եղիվարդեցու ճգնարան-մատռան հարեւանությամբ կառուցվել ու վեր է խոյացել գեղեցիկ, վեհաշուք խաչքար -հուշակոթող նվիրված Հայոց Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների անմար հիշատակին:

Միաժամանակ կարեւոր եւ դրվատանքի արժանի ենք տեսնում Մելս Սարգսյանի դրսեւորած որդիական ուրույն հոգատար վերաբերմունքը եւ ավանդը առհասարակ «Մաշտոցներ» սրբավայրի նկատմամբ հատկապես դեպի մատուռ-աղոթատեղի տանող ճանապարհը պարբերաբար բանուկ եւ բարեկարգ դարձնելու գործում ունեցած առանձնահատուկ նշանակալից դերակատարությամբ:

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ