20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավելորդ քաշքշո՞ւկ, թե՞…ինչ ենք անելու, երբ պետք չլինի աշխատանքային գրքույկը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է աշխատանքային օրենսգրքում սպասվող փոփոխություններին, մասնավորապես նա ներկայացնում է, թե որոնք են այդ փոփոխությունների պատճառները:

_Պարոն Ավետիսյան, Աշխատանքային օրենսգրքում պատրաստվում են լրջագույն փոփոխություններ իրականացվել, ե՞րբ ուժի մեջ կմտնեն դրանք:

-Արդեն ներկայացված է Ազգային ժողով, և ձեզ ասեմ, որ հունիսի երկուսին սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում է դրված նախագիծը քննարկման, որից հետո նախատեսվում է արդեն առաջիկա քառօրյայի ժամանակ դնել Ազգային ժողովի քննարկմանը:

– Հանրության ուշադրության ու դժգոհության առարկան հիմնական դարձավ այն, որ աշխատանքային գրքույկ այլևս չի լինելու: Մարդիկ դժգոհում են, քանի որ պարզ չէ, թե ինչ ընթացակարգով են այսուհետ տեղեկություններ ստանալու իրենց նախկին աշխատավայրից, որպեսզի ներկայացնեն նորում:

-Ես ևս մեկ անգամ, նաև օգտվելով առիթից, ասեմ, որ որևէ ընթացակարգ չկա, որ չի ուսումնասիրվել: Նախ նշեմ, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը. ԱՊՀ միայն մի քանի երկրներում է մնացել աշխատանքային օրենսգիրք, այդ երկրներում դրված չէ աշխատողի անձնավորված հաշվառման համակարգ:

-Ո՞ր երկրներն են դրանք:

-Օրինակ՝ Ռուսաստանի դաշնությունն է, որտեղ արդեն իսկ նախատեսվում է, որ 2017 թվականին դուրս է գալու աշխատանքային գրքույկը, իրավական նորմերը ստեղծված են: Մենք ուսումնասիրել ենք Բելառուսի և Ղազախստանի պաշտոնական աղբյուրները, և այնտեղ ևս կա որոշում, որ իրենք ևս այդ ճանապարհով են գնալու, իհարկե զուգահեռ տեղեկատվական համակարգի ապահովմանը: Այսինքն՝ խնդիրը ոչ թե աշխատանքային գրքույկի անհրաժեշտությունն է, այլ տեղեկատվական անհրաժեշտ բազայի բացակայությունը, ինչը մենք ունենք, ներդրվել է 2004  թվականից, և պետք է կարողանանք օգտվել դրանից:

-Ի՞նչ կտան աշխատողին այս և մյուս փոփոխությունները:

-Ավելորդ բեռից գործատուն և աշխատողը կազատվեն: Դա ավելորդ վարչարարություն է և ավելորդ բեռ, որ աշխատողը պարտավոր է Աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն այդ փաստաթուղթն անընդհատ ներկայացնի գործատուին և այլն: Երկրորդ՝ գործատուին անընդհատ դա վարելու պարտավորությունից է ազատում: Հաջորդը՝ աշխատողը հնարավորություն կունենա արդեն իսկ գործող պետական մարմնից՝ Ֆինանսների նախարարության հարկային պետական ծառայության համապատասխան տեղեկատվական շտեմարանից ստանալ լիարժեք և պետական մարմնի կողմից հաստատված տեղեկանք առանց որևէ լուրջ ջանք թափելու:

Վերջապես նա ցանկացած պահի իրավունք ունի Աշխատանքային օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան գործատուից պահանջել և ստանալ իր աշխատանքի, պաշտոնի, ընդունման, ազատման օրվա վերաբերյալ տեղեկատվություն, ինչն իր անձնավորված տեղեկատվությունն է:

Կարող է դիմել բանավոր, գրավոր, և գործատուն պարտավոր է դա տրամադրել:

-Ինչպե՞ս է դիմելու Ֆինանսների նախարարություն, հատուկ ընթացակարգ կա՞:

-Դիմելու գործող կարգ կա՝ կառավարության որոշմամբ սահմանված: Ըստ էության դիմելու ձևը հստակ ամրագրված է:

-Արդյոք դա ավելորդ քաշքշուկներ չի առաջացնի:

-Կարծում եմ, որ ոչ: Այսօր արդեն այդ կարգն ընդունված է, գործում է, և այսօր արդեն բազմաթիվ դեպքերում մեր քաղաքացիները, որ աշխատում են, բազմաթիվ նպատակներով դիմում են և այդ տեղեկատվությունը ստանում են: Օրինակ՝ բանկերում վարկեր վերացնելու համար և այլ նպատակով, ստանում են:

Իսկ մեր որոշումը պայմանավորված չէ՞ ԵՏՄ-ին անդամակցությամբ, քանի որ նշեցիք, որ այդ երկրներում էլ են ցանկանում այս փոփոխությունը կատարել:

-Ոչ, դեռ երեք տարի առաջ  է սա ամրագրվել: Սա կախված է տեղեկատվական համակարգի հնարավորություններից:

-Եվ այլ փոփոխություններ ևս նախատեսվում են: Եթե կարելի է, խոսեք նաև դրանց մասին:

-Երկրորդ փոփոխությունը վերաբերում է  հատուկ կամ մասնագիտական ստաժային հասկացությանը: Հստակ սահմանվել է, որովհետև դա շատ կարևոր է հետագայում կարիերան ձևավորելու համար: Սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը, որովհետև կապված է արձակուրդի իրավունքի իրացման հետ ու այլ աշխատանքային իրավունքների իրացման հետ:

Նախատեսվում է նաև, որ փորձաշրջան չի սահմանվում գործատուի մոտ ուսուցում անցած անձանց համար, այսինքն՝ եթե ուսանողը կամ աշխատանքային դաշտ առաջին անգամ մտնողն արդեն իսկ անցել է ուսուցում կոնկրետ որևէ աշխատավայրում, ապա այդտեղ աշխատելու համար փորձաշրջան չի պահանջվելու:

Ուշադրության արժանի օրենսդրական կարգավորումներից է մինչև 14 տարեկան երեխաների աշխատանքի հետ կապված հարաբերությունների ձևավորումը, որը գործող օրենքով կարգավորված չէ: 14 տարեկան երեխաների աշխատանքը կամ որոշակի ծառայությունների մատուցումը որոշակի ոլորտներում՝ սպորտ, մշակույթ և այլն, կա, և կարգավորման անհրաժեշտություն կա: Նախագծով առաջարկվում է շատ հստակ կարգավորում, թե երեխաները որ ոլորտում կարող են աշխատել, թե աշխատաժամանակի կարգավորումը՝ ժամաքանակի, և հանգստի ժամանակի, նաև թե ովքեր են կնքելու նրանց փոխարեն պայմանագրերը: 

Նախատեսվում է նաև, որ ամրագրվելու են փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ