23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիական “FRANCE 24” հեռուստաաալիքի պատրաստած տեսանյութը ԼՂՀ վերաբերյալ /վիդեո/

 

 

 

 Պատասխանը կլինի ազդեցիկ, իսկ զենքը` ծանր, տանկերով, ռազմական տեխնիկայով` շփման ամբողջ գծով: Սա այն ուղերձն է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը ուղարկում է Ադրբեջանին, եթե վերջինս ցանկություն ունենա հարձակվել:

Այս զորավարժությունը ծավալվում է ադրբեջանական ուժերից 10կմ-ից պակաս հեռավորության վրա, որոնք միլիարդավոր դոլարներ են հատկացնում իրենց ռազմական բյուջեին: Նրանք գտնվում են կովկասյան այս լեռների անմիջապես ետեւում: Մենք Աղդամում ենք` Ադրբեջանում: Բայց սկսած 1993թ.` այս քաղաքը զբաղեցվում է Ղարաբաղի հայկական զինուժի կողմից, որը 20 տարի անց վերահսկում է տարածքը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան. “Մենք երբեք չենք ասել, որ մենք այստեղ միայն պաշտպանական մարտեր ենք վարում: Մեր բանակի գործառույթները չպետք է սխալ ընկալվեն: Պաշտպանության բանակը ստեղծվել է ոչ միայն պաշտպանական մարտեր վարելու, այլեւ հարձակողական գործողությունների համար”:

Այսօր զորավարժությունն իրականացվում է Հայաստանի նախագահի մասնակցությամբ: Սա խորհրդանշական է, քանի որ Հայաստանը տրամադրում է իր ֆինանսական օգնությունը եւ երաշխավորում է այս տարածքի անվտանգությունը: Ինչու՞ պիտի շուրջ 20000 զինվոր հսկեն Լեռնային Ղարաբաղի` այդ 150000 բնակչություն ունեցող անկլավի անվտանգությունը: Հասկանալու համար իրավիճակը` պետք է վերադառնալ 1921թ., երբ Խորհրդային միությունը Ղարաբաղի անկլավը կցում է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը:

70 տարի անց` ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ, Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը, որ հայեր էին, անկախանում են Ադրբեջանից: Սակայն նրանց անկախության հռչակագիրը չընդունվեց առանց եռամյա մի պատերազմի, որը կողմերից խլեց 30000 կյանք եւ դադարեցվեց 1994թ. կնքված զինադադարով:

Պատերազմից առաջ Ղարաբաղը տարածք էր, որտեղ բնակվում էին մահմեդական ադրբեջանցիներ եւ քրիստոնյա հայեր: Այսօր փախստական ադրբեջանցիներն ապաստանել են այնպիսի ահավոր պայմաններում, ինչպիսին սրանք են: Այս վայրը, ուր այցելեց FRANCE 24-ի նկարահանող խումբը, նախկին ուսանողական հանրակացարան է Բաքվում` Ղարաբաղից 250կմ հեռավորության վրա:Ադրբեջանցի տեղահանված Անար Ուսուբով. “Հարյուրավոր ընտանիքներ կան,որոնք ապրում են այստեղ, եւ սրա նման շուրջ մեկ տասնյակ շենքեր էլ կան տարածքում: Սա կազմում է, ընդհանուր առմամբ, շուրջ 1000 ընտանիք 20 տարվա ընթացքում”:
Անարը 30 տարեկան է: Նա դեռ ընդամենը 10 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց: Այսօր կառավարում սովորող այս ուսանողը պայքարում է` դատապարտելու համար այն ահավոր պայմանները, որոնցում ապրում են տեղահանվածները: Ադրբեջանցի տեղահանված Անար Ուսուբով.”Փաստորեն շատ վտանգավոր է ապրել այստեղ, որովհետեւ շենքի հիմքը շատ ամուր չէ: Այո, սա իսկապես վտանգավոր է”:
Վտանգավոր նաեւ առողջության համար:Այս ընտանիքներն ապրում են որոշ դեպքերում 8 հոգով 10մ քառակուսի տարածքում, այն դեպքում, երբ երկիրը 2003-2007թթ. նավթային բումի ընթացքում ամեն տարի 20% զարգացման տեմպեր է գրանցել:

Ադրբեջանցի տեղահանված Անար Ուսուբով.”Այժմ ամբողջ երիտասարդության համար կարեւոր խնդիրը լավ կրթություն ստանալն ու առողջ լինելն է: Խնդիրն այն է, որ հնարավոր չէ ֆիզիկապես եւ հոգեպես ուժեղ լինել, երբ ապրում ես այսպիսի պայմաններում: Անհնար է լավ կրթություն ստանալ”: Բաքվից մեկ ժամ հեռավորության վրա` Կասպից ծովի ափին, որմնադիր այս մարդը մի հարմար կացարան է գտել այս նախկին ամառանոցում, որպեսզի մեծացնի իր երեք երեխաներին: Ադրբեջանցի տեղահանված Էլշան Մարադովա.”Ահա երեխաների սենյակը:Նրանք այստեղ են քնում”: Էլշանը եւ իր ընտանիքը փախել են Ղարաբաղից 20 տարի առաջ, երբ իրենց քաղաք Շուշան անցել է հայկական զինուժի ձեռքը: Նրանք հիշում են այդ քաղաքը, ուր նրանք լավ էին ապրում: 

Ադրբեջանցի տեղահանված Էլշան Մարադովա.”Մարդիկ երբեք չէին ասում` դու հայ ես, ես` ադրբեջանցի, ես այստեղից եմ, իսկ դու այլ տեղից: Անկախ կրոնից` նրանք երբեք չէին ասում` ես մահմեդական եմ, իսկ դու քրիստոնյա: Ոչ ոք երբեւէ այդպիսի բան չէր լսի”:

Նրանք ամեն ինչից հրաժարվել են, նրանք ետեւում թողած կյանք ունեն: Էլշանի
կինը հիշում է Շուշայից: Սա նրա լուսանկարներն են:Էլշանի կինը.”Սա Լենինի պողոտան էր: Սա էլ այգին է: Իսկ սա ես եմ խանութի դիմաց: Այն ժամանակ ես էքսկուրսավար էի զբոսաշրջիկների համար: Ես միաժամանակ 4 տեղերում էի աշխատում”:

Ղարաբաղից փախչելուց 20 տարի անց, Մարադովա ընտանիքը շարունակում է վերակառուցել իր կյանքը, ինչպես նաեւ իր նոր տունը` նաեւ պետության օգնության շնորհիվ, որը նրանց ամսեկան 16 եվրոյի չափով ոչ մեծ կենսաթոշակ է հատկացնում: Վերադարձ Ղարաբաղ, մասնավորապես` Շուշա: Քաղաքը, որ Էլշանը լքել է, դրանից  հետո քրիստոնեական ու հայկական է: Այստեղ այն կոչվում է Շուշի:Մինչդեռ ադրբեջանական ներկայության, ինչպես նաեւ` պատերազմի հետքերը ամբողջությամբ չեն վերացվել:Այստեղ վերակառուցում է ընթանում, ինչպես, օրինակ, Հովակիմյանների մոտ:Հայ տեղահանված Դավիթ Հովակիմյան. “Քանի որ հայրս վիրավոր է, ուրեմն, ինչ արած, ես պիտի աշխատանքն անեմ: Մանավանդ որ ժամանակ ունեմ: Ամուսնացած չեմ: Գործ չունեմ անելու ու սրանով եմ զբաղվում: Բայց չգիտենք, թե ապագայում ինչ կլինի”: 

Այս ընտանիքը փախել է Ադրբեջանից 1988թ. հայկական ջարդերի շրջանում: Այսօր Բաքվի նրանց տունն օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Պատերազմի ընթացքում Դավիթի հայր Էդիկը Ղարաբաղում բնական ջրի արտադրամաս ուներ: Եվ նրան շնորհակալություն հայտնելու համար պետությունը նրան նվիրել է այս տունը, որը կրկին օկուպացված է եղել ադրբեջանցիների կողմից: Հայ տեղահանված Էդիկ Հովակիմյան. “Տունը լրիվ քանդված էր: Քարերը ցած էին ընկնում: Պետության օգնությամբ կամաց-կամաց նորոգում ենք”:

Պատերազմը ոչնչացրել է ոչ միայն հայկական եւ ադրբեջանական տներն ու գյուղերը, այլեւ կործանել է շատ հույսեր, կոտրել ինչ-որ բան: Հայ տեղահանված Էդիկ Հովակիմյան.”Միավորվելու հավատ չկա, եւ հիմա մենք մեզնով ենք ապրում: Ինչու՞: Որովհետեւ ինչպե՞ս կարող էինք այդ ամենից հետո ապրել նրանց հետ: Դա անգամ մտքիս չի կարող գալ: Պատերազմի ժամանակ ես վիրավորվել եմ: Դուք կարծում եք, որ ես նորից կապրե՞մ նրանց հետ, ովքեր ինձ վիրավորել են: Դա անհնար է”: Բանակցությունների եւ միջազգային միջնորդության 18 տարիները հեռու են տեսանելի կամ անտեսանելի արդյունքներից: Ստեփանակերտում` Ղարաբաղի դե ֆակտո մայրաքաղաքում, մի բուռ հայեր եւ ադրբեջանցիներ պահպանում են երկու ժողովուրդների միջեւ խաղաղություն վերահաստատելու իրենց ուղիները: 50000 բնակչություն ունեցող այս քաղաքում կան նորմալ մայրաքաղաքին բնորոշ բոլոր պայամանները` խորհրդարան, բանկային համակարգ, հեռուստաընկերություն եւ հանրային ռադիո: Հենց հանրային ռադիոյի գրասենյակում էլ մենք հանդիպում ենք Ռայային եւ նրա հաղորդավարների խմբին: Շաբաթական երկու անգամ նրանք պատրաստում են կեսժամանոց թողարկում ադրբեջանական բնակչության համար: Հայերի կողմից ստեղծված թողարկում ադրբեջաներենով: Այս գաղափարն առաջարկել է Ռայա Բաբաեւան: Նա այն ադրբեջանցիներից մեկն է, ով որոշեց մնալ Ղարաբաղում պատերազմից հետո:

Ադրբեջանցի լրագրող Ռայա Բաբաեւա. “Մեր ամբողջ անձնակազմն ու ես հույս ունենք, որ մեր թողարկումը կկարողանա մերձեցնել երկու ժողովուրդներին, եւ որ այն կուղղորդի նրանց դեպի փոխըմբռնում եւ կնպաստի հաշտեցմանը, նույնիսկ եթե երկու ժողովուրդներն այսօր միասին չեն: Վաղը մեր ժողովուրդներն անկասկած կապրեն համատեղ` որպես լավ ընկերներ: Այն ամենն, ինչ մենք անում ենք, հենց այդ նպատակի համար է”:

Ռայան հավանաբար առաջնորդվում է լավատեսությամբ, քանզի տարբեր իրադարձություններում, ինչպես, օրինակ, շփման գծում տիրող իրավիճակում, ոչինչ չի փոխվել: Մենք գտնվում ենք ադրբեջանական կողմում` Ֆիզուլիի հատվածում: Շփման գիծը ձգվում է 250կմ: Ջավիդը երիտասարդ նորակոչիկ է: Նա զննում է այստեղից 150 մետր հեռավորության վրա գտնվող հակառակորդի դիրքերը: 

Ադրբեջանցի զինվոր Ջավիդ Իսագով. “Իմ ընկերներն ու մտերիմները շատ են անհանգստանում, որ ես ծառայում եմ ադրբեջանական բանակում` հայկական ագրեսիայի պատճառով: Իսկ ես հպարտ եմ, որ պաշտպանում եմ իմ հայրենիքը”: Նա երեխա էր, երբ զինադադարը կնքվել է, զինադադար, որ գոյություն ունի միայն թղթի վրա:

Ադրբեջանցի զինվոր Ջավիդ Իսագով. “Հայերը պարբերաբար կրակում են: Երբ մենք պատասխանում ենք, հանդարտվում են”: Դժվար է ստուգել` հայերն են առաջինը կրակում, թե ադրբեջանցիները, բայց արդյունքն այն է, որ վերջին երկու տարվա ընթացքում շփման գծի երկու կողմերում զոհվել է առնվազն 60 մարդ, եւ գրեթե ամեն ամիս ադրբեջանցի եւ հայ զինվորներ եւ երբեմն քաղաքացիական անձինք ընկնում են դիպուկահարների փամփուշտներից: Սա ամեն ինչ է, բայց ոչ սառեցված հակամարտություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ