20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երուսաղեմի սուրբ հողում Երկրապահը խաչքար տեղադրեց

Մայիսի  8-ին՝ Երկրապահի օրը, ի թիվս այլ միջոցառումների, ԵԿՄ վարչության շենքում նախատեսված է նաեւ Խաչքարերի պուրակի բացման արարողություն: Պարզելու  համար, թե կոնկրետ ի՞նչ է նախատեսված,  Henaran.am-ը  դիմեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանին:

-Երկրապահի օրն անչափ կարեւոր ամսաթիվ է մեր ազգային տոնացույցում: Այդ իսկ պատճառով զորավար Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ  եռասերունդ երկրապահական ընտանիքը օրը նշելու է միջոցառումների ամբողջական շարքով:

Միջոցառումները շարունակվելու են ամբողջ մայիս մասվա ընթացքում: Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր մատնանշած բացման արարողությանն, ապա ասեմ, որ օրհնության կարգ է կատարվելու: Օրհնվելու են ԵԿՄ հիմնանորոգված շենքը, նորաբաց գրադարանը, թանգարանը, մարզահամալիրը, պատանի երկրապահների ուսումնական կենտրոնը եւ ամենակարեւորը՝ աղոթատեղին ու Խաչքարերի պուրակը, որոնց կառուցման գաղափարը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանինն է: ԵԿՄ շենքի բակում կանգնեցված խաչքարերը ներկայացնում են մեր ազգի պատմությունը:

Դրանց միջոցով ներկայացվում է մեր թե՛ անցյալը, թե՛ ներկան, թե՛ ապագան: Չեմ զլանա եւ կթվարկեմ: Ի փառս Էրեբունի-Երեւանի կանգնեցված է ցայտաղբյուր խաչքար:

Կան խաչքարեր նվիրված 1918-ի մայիսյան հերոսամարտերին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերին: Խաչքարեր կան՝ նվիրված հայոց Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին, նվիրված հերոսներ ծնած հերոս մայրերին, Արցախի Հանրապետությանը, եռասերունդ Երկրապահին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, լեգենդար 5-րդ բրիգադին եւ ազատամարտիկներին, տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացուն, 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին, Գարեգին Նժդեհի եւ նրա ժամանակի հերոսներին, հայոց բանակին,  Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի պատվին եւ ի հիշատակ անհայտ կորածների:

Այս պուրակի հիմնադրմանը մասնակից են դարձել Հանրապետության բոլոր մարզերը: Խաչքարերից չորսը տեղադրվել են անձամբ զորավար Մանվել Գրիգորյանի բարերարությամբ: Այնպես է կազմակերպվել պրոցեսը, որ այստեղ Հանրապետության բոլոր տարածքներից խորհրդանշական խաչքարեր լինեն: Օրինակ, 1988-ի զոհերի հիշատակի խաչքարը Գյումրիից են բերել-տեղադրել, կամ Ղարաքիլիսայից՝ Վանաձորից բերել են Ղարաքիլիսայի, Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերին նվիրված խաչքարը:

Նույն կերպ եւ մնացյալները, ասենք Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որ 14 տարեկան հասակից մասնակցել է Արցախի ազատագրման մարտերին, նվիրել է խաչքար՝ ի փառս Արցախի Հանրապետության:

Երկրապահական միջոցառումները շարունակվելու են Եռաբլուրում, Էջմիածնի Մայր տաճարում եւ բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում մատուցվող պատարագներով,  Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանների մոտ ծաղկադրումներով: Շատ փակագծեր չեմ կամենում բացել՝ հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվելու միջոցառումներին, որոնք բազմաբնույթ են եւ բազմապիսի: Մայիսի 8-ին եռասերունդ երկրապահական ներկայացուցչությունը կուղեւորվի նաեւ Արցախ՝ արցախցի մեր քույրերին եւ եղբայրներին տոների առիթով շնորհավորելու համար:  

Մեզ հետ զրույցում ԵԿՄ վարչության փոխնախագահն ընդծեց, որ տոնական միջոցառումները մինչ տարեվերջ շարունակվելու են, իսկ կոնկրետ մայիս ամսին Երկրապահը դեռ մեծ շուքով նշելու է Հանրապետության օրն ու 1918-ի մայիսյան հերոսամարտերի տարեդարձը: Պարոն Մկրտչյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված երկրապահական միջոցառումների մասին՝ ամփոփվե՞լ են արդյոք դրանց արդյունքները:

-Դեռ մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, պատանի երկրապահի երդման արարողությունը կազմակերպվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում, ուր տասը հազար պատանի եւ աղջիկ երդվեցին լինել պահանջատեր, երդվեցին ամեն օր, ամեն վայրկյան մոտեցնել պատմական հայրենիքին վերատիրանալու պահը: Երկրապահը մասնակցեց ինչպես 100-ամյակի համահայկական կազմկոմիտեի նախաձեռնած բոլոր միջոցառումներին, այնպես էլ՝ առանձին միջոցառումներ կազմակերպեց:

Գրական, գեղարվեստական միջոցառումներ անցկացրին Երկրապահի բոլոր մարզային խորհուրդները, բոլոր տարածքային բաժանմունքները: Շատ տեղերում միջոցառումներն ուղեկցվեցին խաչքարերի տեղադրմամբ, ծառատունկով: Զորավարի նախաձեռնությամբ նույնիսկ Երուսաղեմի սուրբ հողում Երկրապահը խաչքար տեղադրեց, որի շուրջը նաեւ ձիթենիների այգի տնկվեց: Օգոստոսի վերջին, դեպի Արցախ ավանդական ուխտագնացության ժամանակ ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքարեր ենք տեղադրելու բոլոր վարչական շրջաններում:

Պարոն Մկրտչյանն, անդրադառնալով կատարվող աշխատանքի ահռելի ծավալին, ընդգծեց.

-Մեր բոլոր ծրագրերի իրականացմանը գործուն աջակցություն են ցուցաբերում այն գերատեսչությունները, որոնց հետ համագործակցության, փոխըմբռնման հուշագրեր ենք ստորագրել: Ակտիվորեն աշխատում ենք պաշտպանության, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ոստիկանության հետ: Անչափ կարեւորում ենք համագործակցությունը հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ: Երկրապահական ձեռնարկների իրագործմանն աջակցում են նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ