18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երանի՜ թե մշտապես արթուն լինեինք՝ նկատելու այդ «չերևացողները»…

Էսօր աշխատանքային օրս մի տեսակ «նոստալգիա»-ով սկսվեց ու ավարտվեց: Միմյանց պատմում էինք մեր կյանքի տպավորիչ ու «թաց» պատմությունները:

Ակամայից հիշեցի հերթական տարեդարձներիցս մեկն ու հյուրերիցս մեկին, որի մասին ամեն անգամ պատմելիս հուզմունք եմ վերապրում:

Հիշում եմ՝ հավաքվել էին բոլոր հյուրերս, նստել սեղանի շուրջ և սպասում էին ինձ, որ սկսենք «կերուխումը», և ահա դուռը թակեցին:

Բացելուն պես տեսա ցնցոտիավոր մի կնոջ, ով կմկմացող ու կամացուկ ձայնով ուտելու որևէ բան էր խնդրում:

Անծանոթ հյուրիս ներս հրավիրեցի, վախվորած ու ամոթխած հայացքով առաջ եկավ, ապա խնդրեցի նստել սեղանի շուրջ՝ առաջարկեցի նստել հյուրերի հետ…

Թեև նա քաշվում էր, ամաչում, բայց ես շարունակեցի համառել և պնդել, որ նստի ինձ համար պահված աթոռին՝ սեղանի վերին գլխին…

Ես էլ չհասկացա, թե ինչպես, ինչու, բայց արտասովոր ու գերբնական ուրախություն էի ապրում:

Հիշում եմ՝ մինչ հյուրերը փորձում էին ծանոթանալ ու շփվել իմ «տարօրինակ» հյուրի հետ, ես շարունակ մի քանի վայրկյանով առանձնանում էի խոհանոցում, հուզված և արտասվալից աչքերով շնորհակալություն էի հայտնում Տիրոջը, որ այս կինը եկել է իմ տարեդարձին…

Այնուհետ՝ խիստ զարմանում ինքս ինձ վրա, ոգևորվածությանս վրա…

Եվ այս ողջ պատմության մեջ ինձ համար խիստ զարմանալին այն էր, որ մինչ ներկաները փորձում էին շփվել, հաղորդակցվել, ասել-խոսել, տարօրինակ հյուրս պտտվեց դեպի մայրս և հարցրեց՝ «Աննան ձեր աղջիկն է, չէ՞»…

Մինչդեռ այդ ողջ ընթացքում հյուրերից և ոչ մեկն իմ անունը չէր արտաբերել… այդ ինչպե՞ս նա իմացավ իմ անունը…

Աննկարագրելի էր ուրախությանս չափը. նրա շուրթերից լսել իմ անունը…

Հետո նա շնորհավորեց ինձ, օրհնության խոսքեր ասաց և հեռացավ…

Այնքան մեծ էր հիացմունքս ծեր կնոջ հանդեպ, որ մոռանալով և անտեսելով ճաշասենյակում նստած հյուրերիս՝ բացել էի պատուհանն ու ուշ ուշով հետևում էի նրա քայլերին …

Րոպեներ անց, երբ հյուրս արդեն գրեթե մոտենում էր կանգառին, մեկ էլ հանկարծ ակնթարթորեն անհետացավ տեսադաշտից … Կարծես չէր էլ եղել … Կարծես ինչ-որ մեկն այդտեղով չէր էլ քայլել…

Հասկացա, որ իրական քրիստոնեությունը հաճախ հենց այս փոքր բաների մեջ է…

Երանի՜ թե մշտապես արթուն լինեինք՝ նկատելու այդ «չերևացողները»…

Ուշիմ լինենք՝ բաց չթողնելու մեր կյանքի գուցե «տաօրինակ», բայց օրհնյալ և հիշարժան վայրկյանները…

Ներկայացրեցինք Աննա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ