19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նալբանդյան 106/1 շենքի բնակիչներն ակնկալում են Հովիկ Աբրահամյանի աջակցությունը

Լուսանկարը` "Հետք"-ի

Նալբանդյան 106/1 շենքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

“Դիմում ենք Ձեզ` մեզ հուզող խնդրում եւս արդարության հաղթանակի գործում Ձեր աջակցության ակնկալիքով:

Թեեւ բազմիցս հերքել եք Նալբանդյան 106/1 հասցեում նախատեսվող էլիտար կառուցապատման ծրագրին Ձեր առնչության փաստը, սակայն այս մասին լուրերը շարունակում են համառորոն շրջանառվել: Դրանց համար հիմք դարձավ նաեւ այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ տեւած դադարից հետո շինարարության նախապատրաստման աշխատանքները վերսկսվեցին` ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր թեկնածության առաջադրման մասին տեղեկությունները տարածվելուց անմիջապես հետո: Այս ակտիվացման արդյունքում հատվեցին  մոտ երկու տասնյակ կենսունակ ծառեր, առանց հաստատված նախագծի առկայության սկսվեցին շենքի հիմքի փորման աշխատանքները:

Թեեւ որպես տարածքի սեփականատեր եւ կառուցապատող է հանդես գալիս մոսկվաբնակ գործարար Գեւորգ Մարդանյանը, կասկած չի հարուցում այն փաստը, որ Երեւանի կենտրոնում նման տարածք ձեռք բերելու համար ցանկացած գործարար պետք է որ օգտվի ներքին հզոր աջակցությունից, ինչը եւս հիմք է տալիս Ձեզ վարկաբեկող լուրերի տարածման համար:

Պարոն Աբրահամյան, մենք` հարակից շենքերի բնակիչներս, հիմք չունենք չհավատալու Ձեզ նման համբավ ունեցող պետական գործչի հայտարարույթուններին: Սակայն կարծում ենք, որ չար լեզուները լռեցնելու ամենակարճ ճանապարհը կլինի Ձեր աջակցությունը մեզ հուզող հարցի լուծմանը:

Երկրորդ տարին է պայքարելով մեր երեխաների անվտանգ եւ առողջ կենսամիջավայրի համար, մենք անընդհատ բախվում ենք այս հարցը լուծելու իրավասություն ունեցող պետական մարմինների անտարբերությանը:

Մինչդեռ ցանկության դեպքում հարցը կարելի է լուծել` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը: Մենք առաջարկում ենք վերականգնել քանդված մանկապարտեզը եւ եւս 1-2 հարկ կառուցել` բակում առկա մասնավոր տների բնակիչների համար: Մնացած տարածքը հարկ է վերադարձնել հանրությանը եւ այստեղ հանգստի գոտի ստեղծել: Ինչ վերաբերում է տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի ֆինանսական կորուստներին, ապա կարծում ենք, որ պատկան մարմինները կարող են դրանք փոխհատուցել` մայրաքաղաքի փոքր կենտրոնից դուրս նրանց համարժեք տարածք տրամադրելով:

Սա համահունչ կլինի նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն խոստմանը, որ քաղաքաշինական խոշոր բոլոր նախագծերը եւ այս ուղղությամբ կատարվող ներդրումները Կենտրոնից տեղափոխվելու են վարչական այլ շրջաններ:

Անսալով երկրի նախագահի կողմից ղեկավարվող կուսակցության կարգախոսին, մենք հավատում ենք այն դրական փոփոխություններին, որոնց պարագայում հասարակության շահը իսկապես գերակա կդառնա եւ կգերադասվի խոշոր բիզնեսի շահերից”:

Նշենք, որ եք Նալբանդյան 106/1 հասցեում իրականացվող շինարարության արդյունքում ծառեր են հատվել, ինչն առաջացրել է բնակիչների վրդովմունքը: Այսօր նույն հասցեի բնակիչները նաեւ հանդես են եկել մամլո ասուլիսով: Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, բուսաբան Էլեոնորա Գաբրիելյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ծառահատման խնդրի հետ կապված երեկ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ