24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կորցրեց երեք երեխաներին, ամուսնուն, եղբորը

Աղավնի Մարտիրոսյանի (Աղամիրյան) պատմությունը

1874 թ., Վան

77-ամյա Սուսաննա Ղազարյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Վերջինս վերապրել է Ցեղասպանությունը՝ կորցնելով 4 երեխայից երեքին, եղբորն ու ամուսնուն: Աղավնի տատի վերջին՝ 4-րդ երեխան մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

«Իմ տատիկը և պապիկը՝ Աղավնի և Վարդան Մարտիրոսյանները, ապրել են Վան քաղաքի Խաչփողան թաղամասում: Ունեցել են չորս երեխա: Պապիկս եղել է վաճառական, Վանից քարավանով մեկնել է երկրից-երկիր, քաղաքից-քաղաք, մեծ մասամբ վաճառել է թութուն (ծխախոտ) և իր ընտանիքը պահել ապահով վիճակում:

Բայց նրանց ապահով կյանքը երկար չի տևում: Սկսվում է թուրքերի հարձակումը: Վանեցիները հերոսաբար պաշտպանում էին իրենց քաղաքը: Պապիկս ամբողջ օրերով եղել է խրամատներում, նրանից հետ չի մնացել: Աղավնի տատիկս, օգնել է կռվողներին, զենք և ուտելիք է հասցրել նրանց, կապել է վիրավորների վերքերը:

Որոշ ժամանակ անց տատիկս քաջ և անվախ կնոջ համբավ է ձեռք բերում, բոլորը հարգում և սիրում էին նրան: Տատիկս միշտ սիրով և հպարտությամբ էր պատմում այն մասին, թե ինչպես են վանեցիները դիմավորել Արամ Մանուկյանին: Բոլորը մտածում էին, թե ով պետք է դիմավորի և բռնի Արամ փաշայի ձիու սանձը, որը մեծ պատիվ էր այդ անձի համար:

Գալիս են այն եզրակացության, որ այդ պատվավոր գործը պետք է կատարի տիկին Աղավնին (տատիկս), որպես քաջ և նվիրված կին: Դա մեծ պատիվ է եղել այն ժամանակ, որն ամբողջ կյանքում չմոռացվեց տատիկիս կողմից:

Տատիկս իր քաջությամբ և անվախությամբ օգնել է մի խումբ ֆիդայիների, որոնց մեջ էր նաև նրա եղբայրը՝ Գառնիկը: Ցերեկը ֆիդայիները թաքնվում էին կտուրի խոտի դեզի մեջ և վերևից հետևում էին թուրքերի շարժմանը, իսկ գիշերը իջնում, մտնում էին տուն, լվացվում, ուտում, զրուցում և պառկում էին հանգստանալու: Իսկ երբ սկսվեց գաղթը, նրանք մնացին թուրքերի հետ կռվելու, որ ժողովուրդը կարողանա անվնաս քաղաքից դուրս գալ:

Մինչև հաջորդ օրը գաղթականները բավական ճանապարհ էին անցել, երբ մի ձիավոր տատիկիս լուր է բերում, որ ֆիդայիների և թուրքերի կռվում ընկել են մի քանի ֆիդայի, որոնց մեջ է նաև Գառնիկը: Տատիկս ընտանիքին թաքցնում է մի ծածուկ տեղում, իսկ ինքը գիշերով գնում է Այգեստան, որտեղ եղել էր կռիվը: Փնտրում, գտնում է եղբոր դին, թաղում է և մինչև առավոտ գալիս, միանում է գաղթականներին և վիշտը սրտում շարունակում դժվարին ճամփան: Սարսափելի ժամանակաշրջան էր գաղթականների համար, մոլեգնում էր սովը և հիվանդությունները՝ համաճարակի տեսքով: Գաղթի ճանապարհին հիվանդությունից մահանում են տատիկիս երկու երեխան:

Տատիկս պատմում էր լացելով, չէր հիշում երեխաների թաղման վայրերը: Էջմիածնում համաճարակից և վշտից մահանում է նաև պապիկս: Տատիկս մնում է երկու տղայի՝ Գաբրիելի և Սուրենի հետ: Նրանց հետ գալիս է Երևան՝ աշխատանք գտնելու և երեխաներին պահելու հույսով: Տղաներին տալիս է ամերիկյան որբանոց, որտեղ որոշ ժամանակ անց մահանում է Սուրենը: Տատիկս Գաբրիելին (իմ հորը) հանում է որբանոցից՝ վախենալով հիվանդություններից, և տղայի հետ մեկնում մոտակա մրգաշատ գյուղերից մեկում ապրելու:

Հայրս սովորելու համար գալիս է Երևան և ընդունվում զինվորական դպրոց: Ավարտելուց հետո սպայի կոչումով նշանակվում է Լենինականի գնդում ծառայելու: Այդտեղ էլ ամուսնանում է մայրիկիս հետ, ունենում երկու երեխա: Սկսվում է Երկրորդ աշխարհամարտը: Երբ հայրս մեկնում է ռազմաճակատ, մայրիկս սպասում էր երրորդ երեխային: 1942-ի փետրվարին զոհվում է հայրս՝ տատիկիս վերջին հույսը, բայց տատիկս չէր հավատում վատ լուրերին, նա միշտ սպասում էր իր որդուն: Ապրեց 100 տարի՝ աչքը միշտ որդու ճանապարհին: Նրա միակ ուրախությունը մենք էինք՝ ես և երկու եղբայրս»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ